Ֆրանսիայի կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի դեմ տասնյակ հազարավոր ցուցարարներ երեքշաբթի սկսել են բողոքի ցույցերի և գործադուլների երկրորդ փուլը։ Որոշ քաղաքներում խափանվել է էլեկտրաէներգիայի բաշխումը և հասարակական տրանսպորտի համակարգի մասերը, որոշ դպրոցներ փակվել են։ Աշխատում է արագընթաց գնացքների միայն մեկ երրորդը և տեղական և մարզային միջքաղաքային գնացքների մեկ հինգերորդը: Դպրոցների ուսուցիչների և տնօրենների կեսը հրաժարվել է դպրոց գնալ և միացել է ցուցարարներին՝ ընդդիմանալով կենսաթոշակային օրենքին։ Ի լրումն համազգային գործադուլների, արհմիությունները երեքշաբթի օրը զանգվածային ցույցեր են կազմակերպել ամբողջ երկրում և ծրագրում են փակել կարևոր արդյունաբերական կենտրոնները, որոնք կարևոր դեր են խաղում Ֆրանսիայի տնտեսական կյանքում առաջիկա շաբաթների ընթացքում: Վերջին տասնօրյակում ցուցարարների ու գործադուլավորների շարքերը համալրել են պետական գերատեսչությունների մեծ թվով աշխատողներ և աշխատակիցներ։ Նաև, տարբեր քաղաքներում ցուցարարների թիվը զգալիորեն ավելացել է նախորդ շաբաթների համեմատ։ Համազգային գործադուլն ու ցույցերը դեմ են Էմանուել Մակրոնի կառավարության կենսաթոշակային օրենքի փոփոխությանը։ Պարոն Մակրոնը ցանկանում է կենսաթոշակային տարիքը 62-ից բարձրացնել 64-ի։ Նաև հետաձգվում է լիարժեք կենսաթոշակ ստանալու իրավունքի տարիքը։ Արհմիություններն ասում են, որ փող խնայելու համար, աշխատողների վրա ճնշում գործադրելու փոխարեն, մենք կարող ենք ավելի շատ հարկեր պահանջել իշխանության շրջանակին մոտ գտնվող հարուստներից։ «Այս բարեփոխումներն անարդար են և դաժան», - ասում է Քաղաքացիական պետական մարմիններում աշխատողների արհմիության գլխավոր քարտուղար Լյուկ Ֆարը: «64 տարեկանին (թոշակի անցնելու տարիքը) սոցիալական առումով պատմական հետընթաց է առաջադեմ ֆրանսիական հասարակության համար»: Կենսաթոշակային օրենսդրության բարեփոխման դեմ գործադուլների և ցույցերի առաջին փուլը տեղի ունեցավ հունվարի 19-ին և ամբողջ Ֆրանսիայում փողոց դուրս բերեց ավելի քան մեկ միլիոն մարդ։ Արհմիությունները հույս ունեն գերազանցել այս ռեկորդը։ Հունվարի սկզբին գործադուլներից առաջ Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը նախազգուշացրել էր արհմիություններին, որ կառավարությունը չի բանակցելու օրենքի շուրջ։ Ֆրանսիայում այս երևույթը կարող է դաս լինել Հայաստանի աշխատողների ու աշխատավարձ ստացողների համար թե ինչպես հնարավոր է իրական արհմիություններ կազմելով ու միավորվելով պայքարել հասարակության մեծամասնության շահերի ուղղությամբ՝ աշխատողների, աշխատավարձ ստացողների ու հողագործների համար: