Դինքի սպանության գործով երեք ոստիկան դատապարտվել է ցմահ ազատազրկման

27 Մարտի 2021

Թուրքիայի ոստիկանության նախկին երեք բարձրաստիճան սպաները ցմահ ազատազրկման են դատապարտվել 2007-ի հունվարին «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության համար՝ հաղորդում է Anadolu գործակալությունը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Դինքի սպանության մեջ ներգրավված է ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը, որը Թուրքիայում կոչվում է FETO և համարվում է ահաբեկչական: Հեռակա կարգով մեղադրանքներ են ներկայացվել նաև Գյուլենի դեմ, որն ապրում է ԱՄՆ-ում:

Ստամբուլի դատարանը Դինքի սպանությունը նախապատրաստելու համար մեղավոր է ճանաչել և ցմահ ազատազրկման է դատապարտել Թուրքիայի Տրապիզոն նահանգի անվտանգության ծառայության, Ստամբուլի ոստիկանության հետախուզական վարչության և Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզական վարչության նախկին ղեկավարներին: Տրապիզոնի նահանգի ժանդարմերիայի նախկին պետն էլ դատապարտվել է 28 տարվա ազատազրկման, իսկ լրագրող Էրջան Գյունը՝ FETO-ին անդամակցելու համար դատապարտվել է տասը տարվա բանտարկության:

Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին՝ 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթի կողմից, իր թերթի Ստամբուլի գրասենյակի մուտքի մոտ: Ոստիկանությունը Սամասթին ձերբակալել է հանցագործության հաջորդ օրը, իսկ 2011 թ. դատարանը նրան դատապարտել է 22 տարի 10 ամիս ազատազրկման: Այդ ժամանակ նա անչափահաս էր: Դինքին սպանելու հարցում պատանուն օգնելու համար ձերբակալվել է ևս երկու ծայրահեղ ազգայնական:

Դինքի սպանությունը Թուրքիայում առաջացրել է հասարակության զայրույթը, նրա հուղարկավորությունը վերածվել է բազմահազարանոց ցույցի, որին, թուրք և հայ համայնքի ներկայացուցիչներից բացի, մասնակցել են տարբեր պետությունների ու կազմակերպությունների առաջադեմ քաղաքացիներ: Լրագրողը հայտնի էր իր համարձակ խմբագրականներով, որոնցով փորձում էր վերջ դնել թշնամական հռետորաբանությանը, ինչը, նրա կարծիքով, «թունավորել էր» հարաբերությունները Թուրքիայի և Հայաստանի ու Թուրքիայի հայ համայնքի միջև:

1lurer.am

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ