Հրանտ Դինքի հիշատակի միջոցառումները տեղի կունենան առցանց

19 Հունվարի 2021

Թուրքիայում սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի հիշատակի միջոցառումներն այս տարի, COVID-19 համաճարակի պատճառով, տեղի կունենան առցանց՝ ասել են կազմակերպիչները: Դինքը աշխատել է որպես Ստամբուլի հայալեզու «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր, սակայն 2007-ի հունվարի 19-ին սպանվեց իր գրասենյակի մոտ: Ավելի քան 100 հազար մարդ միացավ լրագրողի և մարդու իրավունքների պաշտպանի հուղարկավորությանը, որը ձգտում էր կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և հայկական համայնքի միջև:

Դինքի ընկերներն ու աջակիցները ավանդաբար հավաքվում են «Ակօսի» գրասենյակների մոտ՝ նշելու սպանության տարելիցը: Այս տարի, սակայն, հուշ-երեկոն տեղի կունենա առցանց, Դինքի կյանքի վերաբերյալ ելույթներն ու ռեպորտաժները կցուցադրվեն ամբողջ օրվա ընթացքում: Թուրքական ազգայնական Օգյուն Սամասթը 2011 թ. դատապարտվեց Դինքի սպանության համար, սակայն դեռևս հարցեր կան գործին երկրի անվտանգության ուժերի ներգրավվածության վերաբերյալ: Երեքշաբթի այդ կապակցությամբ բերման է ենթարկվել ժանդարմերիայի հետախուզության նախկին սպան՝ հաղորդում է «Անադոլու» պետական գործակալությունը:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 

Խիզախ հայը. հունվարի 19-ը Հրանտ Դինքի հիշատակի օրն է

Խիզախ հայը՝ Հրանտ Դինք: Այսօր Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքի մահվան տարելիցն է:

«Ես մի մարդ եմ, ով հասկանում է սեփական ժողովրդի ապրած ցավը և կրում է այս բեռը»,- իր հարցազրույցներից մեկում ինքն իրեն այսպես է բնորոշել նա:

Հրանտ Դինքը դավադրաբար սպանվեց 2007 թ. հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակօսի» խմբագրատան առաջ, հետևից արձակված 3 կրակոցից։ Այս հանցագործությունը կարելի էր պատահականություն կամ սխալմունք համարել, եթե Դինքը հայտնված չլիներ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Իսկ նա հանրահայտ էր դարձել այն պարզ պատճառով, որ փորձել էր հակադրվել Թուրքիայի օրենքներին ու հասարակական կարծիքին։ Աշխարհի առաջատար մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական ու քաղաքական գործիչներ խստորեն դատապարտել են կատարված ոճրագործությունը։

 

Թուրքիայի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների բազմաթիվ քաղաքներում կազմակերպվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր և սգո երթեր։ Հրանտ Դինքի սպանության կազմակերպման համար մեղադրվում է «Էրգենեկոն» ազգայնական կազմակերպությունը:

14 տարի է անցել, եղբա՛յր. Հրանտ Դինքի հիշատակին նվիրված Գարո Փայլանի գրառումը

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը սոցիալական հարթակում Հրանտ Դինքի մահվան կապակցությամբ հիշատակի գրառում է կատարել: Facebook-ի իր էջում Գարո Փայլանը մասնավորապես գրել է.

«14 տարի է անցել, եղբայր...

Մենք շատ ենք փորձել, սակայն մինչ այժմ այդպես էլ չենք կարողացել պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր ասացին «ՍՊԱՆԵԼ»:

 

Խավարը, որը քեզ հեռացրեց մեզնից, շարունակում է իր հանցագործությունները կատարել:

Շարունակում ենք քո երազանքներն իրականացնելու պայքարը»,- գրել է Գարո Փայլանը:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ