Ռուսաստանը մտադիր չէ Լեռնային Ղարաբաղն ընդգրկել իր կազմ. Սերգեյ Լավրով

18 Հունվարի 2021

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ամենամյա ամփոփիչ ասուլիսի առանցքային թեմաներից մեկը եղել է ԼՂ հարցի կարգավորումը: Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, պատասխանելով Արցախի կարգավիճակի վերաբերյալ հայկական ԶԼՄ-ների հարցին, ասել է.
 
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը սկսել է արդյունավետ իրագործվել: Դա հաստատել են նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը: Բացի գերիների հարցով իմ նշած խնդրից, որը, կրկնեմ, առաջացել է հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց, մնացած ամեն ինչ իրագործվում է բավական արդյունավետ: Այժմ ընթանում է խաղաղապահների մանդատի համաձայնեցման գործընթացը. այն պետք է համաձայնեցվի 3 կողմերի հետ էլ: Դրա մասին խոսվել է հունվարի 11-ի մոսկովյան հանդիպման ընթացքում: Հայտարարության հետ կապված որևէ հավելված չկա: 
 
Ղարաբաղի կարգավիճակը չի հիշատակվում նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Դա գիտակցաբար է արվել: Խաղաղապահների տեղակայման տարածքը համարվում է նրանց պատասխանատվության գոտի: Հենց այդ փաստի վրա էլ մենք հիմնվում ենք Երևանի և Բաքվի հետ մեր շփումներում:
 
Այժմ մշակվում են տրանսպորտային հաղորդակցության, խաղաղապահների մատակարարման և այնտեղ ապրող մարդկանց օգնության տրամադրման հետ կապված նրբություններն ու մանրամասները: Հայաստանից արդեն 50 հազարից ավելի մարդ վերադարձել է: Մենք նաև հակված ենք, որ Կարմիր խաչից բացի՝ նաև միջազգային մյուս կազմակերպությունները, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կառույցները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակը, հումանիտար հարցերով կազմակերպությունը, ներկա լինեն տարածաշրջանում: Նրանք հիմա Բաքվի և Երևանի հետ քննարկում են առաքելության հարցերը: Քննարկումներն ընդգրկում են նաև կարգավիճակի հարցի վերաբերյալ հակասությունները: Հենց այն պատճառով, որ կարգավիճակը հակասություններ է առաջացնում Երևանի և Բաքվի դիրքորոշումներում, երեք առաջնորդները որոշեցին շրջանցել այդ հարցը և թողնել այն ապագային:
 
Դրանով պետք է զբաղվի նաև ԵԱՀԿ ՄԽ-ն: Նրանք արդեն վերականգնել են կողմերի հետ շփումները, նախատեսում են ևս մեկ այց կատարել տարածաշրջան: Կարգավիճակի հարցն ավելի հեշտ կլուծվի, եթե իրականացվեն կողմերի ստանձնած բոլոր հայտարարությունները և պարտավորությունները, որոնք  առնչվում են բոլոր էթնիկ և կրոնական համայնքների բարիդրացիական և համակեցության ապահովմանը:
 
ԼՂ-ն ՌԴ կազմում ընդգրկելու էկզոտիկ մտքի մասին ասեմ՝ այն չի ճանաչվել ոչ ոքի կողմից, այդ թվում՝ Հայաստանի:  Մենք նման միտք չունենք, մեր մոտեցումն այն է, որ կարգավիճակի հարցը պետք է լուծվի երկրների, առաջին հերթին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք պատրաստ կլինենք այնպիսի լուծման որոնմանը և ընդունմանը, որը կապահովի տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը, և որ ամենակարևորն է՝ այն մարդկանց անվտանգությունը, ովքեր այստեղ ապրել են միշտ և ապրելու են նաև այսուհետ»:
 

Ոչ ոք երբևէ չի հերքել, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պետք է կապված լինեն միմյանց հետ. Սերգեյ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ հեռավար ասուլիսի ընթացքում ամփոփել է 2020-ը: Պատասխանելով Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության լրագրողի հարցին, թե ինչո՞ւ են ՀՀ պաշտոնյաները, առանց Ադրբեջանի թույլտվության, այցելում Արցախ, և արդյոք ՌԴ խաղաղապահ զորախումբն ինչպե՞ս է կարգավորելու այդ հարցը, և որքանո՞վ է Բաքվի բարձրացրած հարցը հաշվի առնվել, Լավրովն ասել է. 
 
«Բոլոր պայմանավորվածություններում, առաջին հերթին՝ նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններում, ամրագրված է կողմերի համաձայնություն առ այն, որ ՀՀ և ԼՂ միջև կապը պետք է ապահովվի ցամաքային ուղիներով, այդ թվում՝ Լաչինի միջանցքով, որը պետք է վերահսկեն ռուս խաղաղապահները: Երբեք որևէ մեկը չի հերքել Ղարաբաղի և Հայաստանի կապը: Բանակցությունների տևողության տասնամյակների ընթացքում երբեք չի քննարկվել ԼՂ-ն և Հայաստանը միմյանցից «կտրելու» հարցը: Հենց այդ պատճառով էլ Լաչինի միջանցքը, որպես հայեցակարգ, որևէ մեկը չի ժխտել: Այն շարունակում է մնալ համաձայնության ենթակա թեմա, այդ թվում՝ մեր ադրբեջանցի հարևանների կողմից:
 
Ի հավելումն նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների, ըստ որոնց՝ Լաչինի միջանցքին զուգահեռ, որն ունենալու է նոր երթուղի, պետք է անցկացվի նաև վստահելի և մշտական կապ Ադրբեջանի հիմնական տարածքի արևմտայն շրջանների և  Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Դա ամրագրված է երկրների ղեկավարների պայմանավորվածություններում: 
 
Եթե մենք համաձայն ենք,- իսկ բոլորն են համաձայն, որ Հայաստանի հայերի և Ղարաբաղի հայերի միջև պետք է կապ լինի,- ես պատճառ չեմ տեսնում, որոնց հիման վրա պետք է խոչընդոտել այդ մակարդակում իրականացվող շփումներին: ՀՀ պաշտոնյաները ԼՂ-ում ընդգրված են հումանիտար հարցերի լուծման մեջ, ինչը որևէ բացասական զգացմունք չի առաջացնում Բաքվում: Եվ տարօրինակ կլիներ, եթե դա այլ կերպ լիներ: Իսկ այն, որ ՀՀ պաշտոնյաները ԼՂ-ում քաղաքական հայտարարություններ են կատարում, դա, թերևս, լարվածություն է առաջացնում: Կարծում եմ՝ ավելի լավ կլիներ խուսափել դրանից:
 
Մենք տեսանք թե 44-օրյա պատերազմից առաջ քաղաքական գործիչների զգացմունքային հայտարարությունները Ղարաբաղից կամ Ղարաբաղի թեմայով ինչ հետևանքներ ունեցան: Օրինակ՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» արտահայտությունը: Գիտեք՝ խոսքերը նյութականանալու հատկություն ունեն: Տվյալ դեպքում դրանք նյութականացան բացասական ուժով: Այդ պատճառով մենք հիմա մեծ ուշադրություն ենք դարձնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության միջև շփումների հաստատմանը, վստահության մթնոլորտի ձևավորմանը, և հենց այդ ամենն էր Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հանդիպումների իմաստը: Հույս ունեմ, որ զգացմունքները երկրորդ պլան կմղվեն:
 
Նույն առումով էլ կարծում եմ, որ այս փուլում այժմ լավագույն ժամանակը չէ՝ որպես առաջնահերթություն սահմանել ԼՂ կարգավիճակի հարցը: Այն պետք է թողնել ապագային:
 
Ես երաշխավորում եմ, որ Ռուսաստանի խաղաղապահների պատասխանատվության գոտին,- իսկ հիմա կարգավիճակը գործնականում հենց այդպիսին է,- այն ձևաչափն է, որը կապահովի և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմերի շահերը:  Կարգավիճակին դեռ կվերադառնանք: Ես արդեն նշել եմ, որ գործում են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Կարգավիճակի վերաբերյալ պետք է Հայաստանի և Ադրբեջանի միջև անցկացվեն կոնկրետ, իրավական և հանդարտ քննարկումներ՝ այն հիմքով, որն անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների բարիդրացիության համար»:
 
Հեղինակ`Դավիթ Մուրադյան
1lurer.am
 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ