Ամրապնդել բարեկամությունը, խորացնել համագործակցությունը. ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպանի հոդվածը

04 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպան Ֆան Յուն հանդես է եկել հոդվածով, որում անդրադարձել է հայ չինական հարաբերություններին՝ ընդգծելով համագործակցությունը խորացնելու, երկու ժողովուրդների հարաբերություններում նոր հեռանկարներ բացելու մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանի հոդվածը.

«Սիրելի ընթերցողներ և ընկերներ, նոյեմբերի 20-ին ես իմ հավատարմագրերը հանձնեցի նախագահ Սարգսյանին և դարձա Հայաստանում Չինաստանի ութերորդ դեսպանը: Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ «Հանրապետություն»  թերթի միջոցով դիմել տարբեր ոլորտների և հասարակության շերտերի ընկերներին։

2020 թվականը ոչ սովորական  տարի է մարդկության պատմության մեջ: Կորոնավիրուսը տարածվում է ամբողջ աշխարհում՝ սպառնալով մարդկանց կյանքին ու առողջությանը աշխարհի բոլոր երկրներում: Համաշխարհային տնտեսությունն ապրում է ամենալուրջ անկումներից մեկը՝ 1930-ական թվականների մեծ դեպրեսիայի ժամանակներից ի վեր: Համաճարակի մարտահրավերների պայմաններում Չինաստանը՝ Կոմունիստական կուսակցության և ՉԺՀ կառավարության ղեկավարության ներքո մարդկանց կյանքն առաջնահերթ է համարում՝ պայքարելով յուրաքանչյուր քաղաքացու համար ձեռնարկում է համապարփակ, խիստ և առավել առաջադեմ միջոցառումներ ուղղված համաճարակի կանխարգելմանն ու վերահսկմանը։ Չինաստանը համաճարակի դեմ պայքարում հասել է կարևոր արդյունքների: ՉԺՀ-ի ղեկավարությունը կոորդինացիոն միջոցներ է ձեռնարկում համաճարակը կանխելու և դրա դեմ պայքարելու համար: Միաժամանակ, ակտիվորեն իրականացվում են միջոցառումներ` պետության տնտեսությանն ու սոցիալական զարգացմանն աջակցելու համար, ինչպես նաև աշխատանքներ են տարվում արտադրությունը և շարքային քաղաքացիների կյանքը վերականգնելու ուղղությամբ: Այս տարվա առաջին երեք եռամսյակների ընթացքում Չինաստանի տնտեսությունը կարողացել է հասնել դրական աճի: Այս հաջողությունները ցույց են տալիս Չինաստանի տնտեսության բարձր կայունությունը և կենսունակությունը:

Ոչ այնքան վաղուց Չինաստանի 19-րդ գումարման ԿԿ Կենտկոմի հինգերորդ պլենումում քննարկվել և հավանության են արժանացել  «Մինչև 2035 թվականը սոցիալ-տնտեսական զարգացման 14-րդ հնգամյա պլանի (2021-2025 թթ.) մշակման վերաբերյալ ՉԿԿ Կենտկոմի հանձնարարականները և հեռանկարային նպատակները»:

13-րդ հնգամյա ծրագրի ընթացքում Չինաստանը՝ ՉԿԿ Կենտկոմի և ընկեր Սի Ծինպինի ղեկավարությամբ նշանակալի և որոշ չափով հեղափոխական հաջողությունների հասավ տնտեսական և սոցիալական զարգացման ոլորտում: 2019 թվականին ՉԺՀ-ի ՀՆԱ-ն հասել է 99,1 տրիլիոն յուանի, ինչը կազմում է համաշխարհային տնտեսության ՀՆԱ-ի 16 տոկոսը եւ հավասար է համաշխարհային տնտեսական աճի 30 տոկոսին: Նախնական տվյալներով՝ Չինաստանի ՀՆԱ-ն 2020 թվականին կգերազանցի 100 տրիլիոն յուանը: Աղքատության վերացման հաջողությունները գրավել են համաշխարհային հանրության ուշադրությունը: 55.75 մլն մարդ գյուղական վայրերում ազատվել են  աղքատությունից: Սպասվում է, որ մինչև 2020 թվականի վերջը Չինաստանի աղքատ բնակչության կենսամակարդակը կբարձրանա և կհամապատասխանի ներկայիս պետական ժամանակակից չափանիշներին: Հիմնական բժշկական ապահովագրությունը Չինաստանում ընդգրկում է գրեթե 1.3 մլրդ մարդ, իսկ հիմնական կենսաթոշակային ապահովագրությունն ընդգրկում է մոտ 1 մլրդ մարդ: Ձեռք են բերվել զգալի հաջողություններ պետական նորարարական շինարարության մեջ: Պետության նորարարական ներուժը աշխարհի 131 տնտեսությունների շարքում բարձրացել է 14-րդ տեղը: Զուգահեռաբար, Չինաստանի հրապարակայնությունը արտաքին աշխարհի  համար շարունակում է ընդլայնվել: Նման ընդլայնման վառ օրինակ է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացումը, որի շրջանակներում համագործակցությունն ավելի ու ավելի շոշափելի ու արդյունավետ է դառնում: Ներկայում Չինաստանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության իրականացման շրջանակներում համագործակցության 200 փաստաթուղթ է ստորագրել 138 երկրների և 30 միջազգային կազմակերպությունների հետ: «13-րդ հնգամյա ծրագրի» տնտեսական և սոցիալական զարգացման ուշագրավ նվաճումը չին ժողովրդի քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Սա լիովին ցույց է տալիս, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը և չինական հատկանիշներով սոցիալիստական ռեժիմը «երկու հրաշքների»՝ արագ տնտեսական զարգացման և Չինաստանում երկարաժամկետ սոցիալական կայունության երաշխիքներն են: Չինաստանի ժողովուրդը կայունորեն կընթանա ՉԿԿ-ի ղեկավարությամբ չինական հատկանիշներով սոցիալիստական ռեժիմի ճանապարհով:

Չինաստանը վստահորեն կիրականացնի զարգացման նոր հայեցակարգ, կամրապնդի գիտական և տեխնիկական անկախությունը և ինքնուրույնությունը, որը կլինի ռազմավարական աջակցություն ազգային զարգացման համար: Բացի այդ, Չինաստանը ձգտում է հաջողության հասնել առանցքային տեխնոլոգիաների ոլորտում եւ ավելացնել իր ներդրումը գիտատեխնիկական առաջընթացի և համաշխարհային տնտեսական աճի մեջ: Չինաստանը կշարունակի հավատարիմ մնալ բարեփոխումների և բաց քաղաքականությանը, կարագացնի զարգացման նոր կառուցվածքի կառուցումը, որտեղ գլխավոր օբյեկտը երկրի ներսում կենսագործունեությունն է, իսկ ներքին ու արտաքին ցիկլերը նպաստում են միմյանց։ Ներքին զարգացման ցիկլը խթանում է միջազգային զարգացման ցիկլը, մինչդեռ միջազգային զարգացման ցիկլը ամրապնդում է ներքին զարգացման ցիկլը:

Երկու զարգացման փուլերն էլ բացեիբաց փոխգործակցում են՝ նոր լիցք հաղորդելով չինական և համաշխարհային տնտեսությանը: Չինաստանի զարգացումը նաև ավելի շատ շուկաներ և հնարավորություններ կընձեռի աշխարհի երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։

Եվ Չինաստանը, և Հայաստանը հնագույն քաղաքակրթությամբ երկրներ են։ Երկու երկրներն էլ համագործակցության երկար պատմություն ունեն: 1992 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների հարաբերությունները մշտապես պահպանել են առողջ և կայուն զարգացման տեմպը: Չնայած նրան, որ կորոնավիրուսի նոր համաճարակը որոշակի ազդեցություն է ունեցել չին-հայկական համագործակցության վրա, քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության հիմքը չի փոխվել։ Տնտեսության, առևտրի, ներդրումների, տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների շինարարության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ներուժը պահանջում է հետագա զարգացում: Վստահ եմ, որ համաճարակի ավարտից հետո երկու երկրների միջեւ համագործակցությունը կշարունակի առաջ շարժվել և կկարողանա նոր մակարդակի հասնել: Բարեկամ հայ ժողովրդի ներկայացուցիչների հետ վերջերս ունեցած շփումների շնորհիվ մենք վերլուծել ենք չին-հայկական հարաբերությունների հետագա զարգացման ներուժը։

Առաջին հերթին, անհրաժեշտ է զարգացնել չին-հայկական համագործակցության նոր ուղղությունը նորարարության ոլորտում: Նորարարությունը տնտեսական նվաճումների բանալին է, մինչդեռ թվային տնտեսությունը աշխարհի ապագա զարգացման կողմնացույցն է: Եվ Չինաստանը, և Հայաստանը գիտական և տեխնոլոգիական նորարարությունը դիտում են որպես առաջնային զարգացման ազգային ռազմավարություն: Երկու կողմերն էլ պետք է լիովին օգտվեն իրենց համապատասխան առավելություններից և կենտրոնանան երկկողմ համագործակցության տեխնոլոգիական բովանդակության բարելավման համար տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, մասնագետների պատրաստման և ծառայությունների առևտրի ոլորտում համագործակցության զարգացման վրա:

Երկրորդ՝ անհրաժեշտ է զարգացնել չին-հայկական համագործակցությունը համաճարակի դեմ պայքարի ոլորտում: Կորոնավիրուսի համաճարակի սկսվելու պահից  ի վեր երկու երկրներն աշխատել են միասին և փոխադարձ աջակցություն ցուցաբերել: Ընթացիկ համաճարակի դեմ երկարաժամկետ պայքարի և հետագա համաճարակների կանխարգելման շրջանակներում Չինաստանը պատրաստ է շարունակել ակտիվորեն համագործակցել հայկական կողմի հետ, համակողմանի աջակցություն ցուցաբերել և կիսվել կանխարգելման փորձով, ինչպես նաև շարունակել աջակցություն ցուցաբերել հատուկ ուշադրություն դարձնելով հետհամաճարակային ժամանակաշրջանին: Բացի այդ, Չինաստանը պատրաստ է խթանել Հայաստանի հետ համագործակցությունը և աջակցել նրան հակահամաճարակային պայքարի և կանխարգելման ոլորտում փորձի փոխանակման գործում, ինչպես նաև համաճարակի կանխարգելման նյութեր տրամադրել: Միաժամանակ, Չինաստանը կնպաստի առողջության և հիգիենայի հասարակության կառուցմանը:

Երրորդ՝ անհրաժեշտ է ամրապնդել երկկողմ համագործակցությունը աղքատության վերացման շրջանակներում: Աղքատության վերացումը մինչև 2030 թվականը ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգի հիմնական նպատակներից մեկն է: Այս խնդիրը չափազանց կարևոր է, և դրա լուծումը պետք է իրականացվի աշխարհի բոլոր երկրների կողմից: Վերջին 40 տարիների ընթացքում Չինաստանում բարեփոխումների և բաց քաղաքականության իրականացման արդյունքում, ավելի քան 700 մլն մարդ դուրս է բերվել աղքատության վիճակից։ Այս ցուցանիշը կազմում է աշխարհում աղքատության կրճատման ընդհանուր ծավալի ավելի քան 70%: Չինաստանը պատրաստ է հայ գործընկերների հետ կիսվել աղքատության վերացման արդյունքներով  և փորձով: Այս ուղղությամբ փորձի փոխանակումը զգալի ներդրում կունենա նաև չին-հայկական հարաբերությունների զարգացման գործում ։

Չորրորդ՝ անհրաժեշտ է աստիճանաբար վերսկսել մարդկանց փոխայցելությունները: Դրա համար անհրաժեշտ է լիարժեք օգտագործել Չինաստանի և Հայաստանի միջև առանց վիզայի փոխադարձ ռեժիմի մասին համաձայնագրերը, աստիճանաբար վերականգնել մարդկանց փոխայցելությունները և մասնագետների փոխանակումը տարբեր ոլորտներում՝ աշխարհում համաճարակաբանական իրավիճակի կայունացումից հետո։ Այս ամենը թույլ կտա վերականգնել և ընդլայնել համագործակցությունը երկու երկրների միջև տնտեսական, առևտրային, ներդրումային, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում։

Որպես Հայաստանում Չինաստանի նոր դեսպան, ես կցանկանայի պահպանել սերտ փոխանակումն ու շփումը մեր հայ բարեկամների հետ, լսել Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ յուրաքանչյուրի կարծիք և շարունակել համատեղ աշխատանքը՝ չին-հայկական երկկողմ հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման գործում ներդրում ունենալու համար: Մենք հույս ունենք աշխարհում համաճարակային իրավիճակի շուտափույթ կայունացմանը և մեր հայ ընկերների հետ շփման մեծ հնարավորությունների առաջացմանը»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ