Աղբի կուտակումներն ու սաստիկ շոգը փոխլրացնում են իրար

05 Օգոստոսի 2015

Լիբանանի օդերևութաբանական ծառայությունները նշել են, որ ջերմաստիճանը համեմատաբար բարձր է լինելու մինչև հինգշաբթի։ Ծովեզրյա շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 33-ի իսկ Բեքաայում՝ մինչև  40-ի։ Ակնկալվում է, որ անձրև է տեղալու որոշ գյուղական շրջաններում։ Այս պայմաններում էլեկտրականության և ջրամատակարարման ընդհատումներին զուգահեռ աղբակույտերի առաջացրած տագնապի պատճառով Շհիմ շրջանի բնակիչները  Շուֆում տանող ճանապարհները փակել են, որպեսզի քաղաքի իշխանությունները միջամտեն և վերացնեն կուտակված աղբը։  

Բնապահպանության նախարար Մուհամմադ Մաշնուքը հանդիպել է Բեյրութի երեսփոխանների հետ՝ քննարկելու համար Բեյրութից աղբը մաքրելու մասին թղթապանակը։

Մինչ այդ, ուժային կառույցները զգուշացրել էին քաղաքային իշխանություններին աղբն անկանոն թափելու վտանգավորության ու դրա հետևանքների մասին։ Ըստ ուժայինների, անհրաժեշտ է ուշադիր ընտրել աղբ թափելու վայրերը, որպեսզի  ստորգետնյա ջրային պաշարները չապականվեն։   

Առողջապահության նախարարը մամլո ասուլիս էր տվել՝ աղբի խնդրի վերաբերյալ։  Նա ասել է, որ բնապահպանության նախարարը  աղբը դուրս հանելու հինգ տարբեր առաջարկ է ստացել, և ժամանակ է պետք, որպեսզի ընտրեն այդ առաջարկներից մեկը։  Նախարարը զգուշացրել է նաև, որ աղբանոցները շուտով խնդիրներ են առաջացնելու, որովհետև հատել են կարմիր գծերը, մասնավորապես՝ օդանավակայանին են մոտեցել։

Առողջապահության նախարարը նշել է նաև, որ ժանտախտի հավանական տարածման վտանգ կա, և պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, գրում է «Զարթօնք» թերթը։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ