Անվտանգության երաշխիքներ ԱՄՆ-ից

02 Օգոստոսի 2015

Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում էր ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը։ Փոխնախարարը ՄԱԿ-ի ընդհանուր քարտուղարի ռազմական գրասենյակի ղեկավար մարմնի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում արդեն հայտարարել էր, որ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության հայ խաղաղապահների թիվը կարող են ավելացնել։

32 հայ խաղաղապահ Լիբանանում մասնակցում է ՄԱԿ-ի առաքելությանը։ Հայաստանը մասնակցում է Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ-ի հովանու տակ խաղաղապահ առաքելությանը։ Այս առաքելություններին Հայաստանի ներգրավվածությունը դիտվում է որպես Արևմտյան, Եվրատլանտյան անվտանգության համակարգում ներդրում։

Դավիթ Տոնոյանի Միացյալ Նահանգներ այցելությունը կայացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի և ՌԴ ԶՈՒ գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Սերգունի այցելություններից հետո։ Հայտնի չէ, թե ինչ են պայմանավորվել ռուս զինվորականները Հայաստանի ղեկավարության հետ, սակայն ակնհայտ է, որ Հայաստանը Մոսկվաից անվտանգության լիարժեք երաշխիքներ է ստացել տարածաշրջանում ձևավորվող իրավիճակում։ Իսկ իրավիճակն սպառնում է անսպասելի շրջադարձերով։

Սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի ընդհանուր ժողովի նստաշրջանի շրջանակներում չի բացառվում, որ տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում և ղարաբաղյան խնդրի շուրջ համաձայնություն կնքվի։ Դա կարող է հանգեցնել տարածաշրջանում ստատուս քվոյի փոփոխության, նույնիսկ միջազգային, այդ թվում՝ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր կհայտնվեն։ Բացի այդ, լարվում է իրավիճակը Հայաստանի հարևան Թուրքիայում, որը գրեթե բացահայտ պատերազմի մեջ է ԻՊ և Քրդական աշխատավորական կուսակցության հետ։ Ընդ որում, սկսված ահաբեկչական և պատժիչ գործողությունները տեղի են ունենում Արևմտյան Հայաստանի տարածքում։

Այս իրավիճակում Հայաստանը պետք է փնտրի անվտանգության այլընտրանքային երաշխիքներ։ Այդ նպատակով ԱՄՆ գնալուց առաջ Դ․ Տոնոյանը այցելել էր Վրաստան, որտեղ, հավանաբար, ստացել է «չհարձակվելու» երաշխիքներ։ Այդ այցից հետո Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Վրաստանը իրար վստահում են և չեն դիմի այնպիսի քայլերի, որոնք մեկ մեկու շահերին վնասի։

Վաշինգտոն գնալու նպատակը երաշխիքներ ստանալն էր։ Այդ երաշխիքները կարող են կապված լինել մի քանի սպառնալիքների հետ․ 1.Ղարաբաղում իրավիճակը սրելու Ռուսաստանի և Ադրբեջանի փորձերը, ռազմական գործողությունների վերսկսում և ռուս խաղաղապահների տեղակայում, 2․Թուրքիայում ռազմական գործողությունների տեղափոխում Հայաստանի տարածք, 3.երրորդ ուժերի փորձերը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրելու, ստատուս-քվոն փոխելու, միջազգային խաղաղապահ ուժեր մտցնելու և Իրանի հետ տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու նպատակով, գրում է «Զարթօնք» թերթը։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ