ԱՄՆ-ը շահագրգռված է ԼՂՀ հակամարտության գոտում զինադադարի պահպանմամբ

01 Օգոստոսի 2015

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ ​Տոնոյանը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության և Պենտագոնի ներկայացուցիչների հետ:

Միացյալ Նահանգները շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության պահպանման հարցում և պատրաստ է աջակցել կանխարգելման  համապատասխան մեխանիզմների ներդրմամբ:

«Բանակցությունների ընթացքում թե՛ Պենտագոնում և թե՛ Պետքարտուղարությունում կարծում են, որ անհրաժեշտ է ուժեղացնել բոլոր միջոցները, որոնք կարող են կանխարգելել իրավիճակը ռազմական ուղիով լուծելու գործողությունները»,-ասել է փոխնախարարը:

Կանխարգելման հնարավոր միջոցների թվում Դավիթ Տոնոյանը նշել է միջազգային դիտորդներին սահմանային միջադեպերի հետաքննություն իրականացնելու մանդատի շնորհումը, ինչը թույլ կտա կանխել զինադադարի խախտումները, պատժել մեղավորներին:

Մեկ այլ մեխանիզմ է զորքերի շփման գծում միջազգային դիտորդների հովանու տակ հսկող և դետեկտորային համակարգերի տեղադրումը, ինչը հնարավորություն կտա հասցեագրել զինադադարի խախտման յուրաքանչյուր դեպք։

Անդրադառնալով Վաշինգտոնում քննարկված այլ հարցերին, փոխնախարարը նշել է, որ Միացյալ Նահանգների հետ Հայաստանը համագործակցելու է պաշտպանության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և հայ խաղաղարարների աշխատանքն ապահովելու ուղղությամբ: Ներկայումս հայ զինվորները խաղաղություն են պահպանում Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում, իսկ շուտով կարող են մեկնել նաեւ Մալի:

Հայաստանը նաև իր պատրաստակամությունն է հայտնել ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ գործողություններ իրականացնող մասնագիտացված ուժեր տրամադրելու հարցում:

Անդրադառնալով հայ-ամերիկյան համագործակցությանը՝ ռազմական ոլորտում և հայ-ռուսական սերտ հարաբերություններին, պաշտպանության փոխնախարարն ընդգծել է, որ այդ հարցում որևէ հակասություն չկա, Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը Հայաստանի անվտանգության բաղադրամասերից մեկն է։

«Ամերիկայի հետ համագործակցությունը փոխլրացնում է հայ-ռուսական համագործակցությունը», ասել է Դ․Տոնոյանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ