Ավելի վաղ հայտնի է դարձել, որ երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը թուրքական ՌՕ ուժերն առավել ուժեղ հարվածներ են հասցրել Քրդստանի Բանվորական կուսակցության դիրքերի վրա։ Այդ կուսակցությունը երկրում ահաբեկչական կազմակերպության համբավ ունի։ Այս անգամ Իրաքի հյուսիսային շրջաններում և Թուրքիայի տարածքում ծավալված գործողությունների նպատակը զենքի և զինամթերքի նրանց պահեստներն էին։ Իսկ մինչ այդ նախագահ Էրդողանը հայտարարել էր քրդերի հետ հաշտեցման դադարի մասին, քաղաքական մի գործընթացի, որն Անկարան սկսել էր երկու տարի առաջ, սակայն փակուղի էր մտել Քրդստանի Բանվորական կուսակցության հետ նոր բախման պատճառով։
Գերմանիայի ԱԳՆ զգուշացնում է Ստամբուլի մետրոյում հնարավոր ահաբեկչության մասին
Գերմանիայի ԱԳՆ-ն իր այն քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են մեկնել Թուրքիա, զգուշացնում է, որ Ստամբուլի մետրոյում և ավտոբուսի կանգառներում կարող են ահաբեկչական գործողություններ տեղի ունենալ։ «Թուրքիայում կարող է մեծ լինել Քրդստանի Բանվորական շարժման հարձակումների վտանգը։ Բացի այդ, Ստամբուլի գետնուղի երկաթուղային ցանցի և ավտոբուսի կանգառների վրա հնարավոր հարձակումների նախանշաններ կան», հայտարարում է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական կայքը։ Այդ հակազդեցության պատճառը վերջերս Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների դիրքերի վրա Թուրքիայի հարձակումներն են։