Ընթերցողի սեղանին է ճանաչված լրագրող, վերլուծաբան, հրապարակախոս Հասմիկ Գուլակյանի հերթական ուշագրավ՝ «Չյուրացված դասեր» ժողովածուն: Հայ հասարակության մեջ ազգային խնդիրներով մտահոգ հանրությունը քաջատեղյակ է Գուլակյանի բազմաթիվ գրքերին, հոդվածներին ու ռադիոհաղորդումներին: Որպես կանոն՝ դրանք հիմնականում արծարծում են մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներ:
Տարիների ընթացքում փորձառու լրագրողն իր շուրջը համախմբել է ազգային հոգսերով ապրող հայ մտավորականների մի ուրույն շրջանակ, որը մշտապես արձագանքել է մեր երկրի առջև ծառացած ամենատարբեր խնդիրներին՝ ընդվզել է անարդարությունների, ապազգային կեցվածք դրսևորած պաշտոնյաների ու «մտավորականների» դեմ, պայքարել ընդդեմ հոռի բարքերի, գործադրած ջանքերի շնորհիվ ճանապարհ հարթել այն ամենի համար, ինչն ազգային է, հայեցի ու, միաժամանակ, համամարդկային (Ա․Մելքոնյան):
Պարբերաբար հատվածներ ենք ներկայացնելու Հ․Գուլակյանի շատ ուշագրավ և բացահայտումներով լի այս գրքից (խմբ․)։
Զրույց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու,
պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանի հետ
Երիտթուրքական հեղաշրջումը և դրան հետևած սահմանադրական կարգի հաստատումը Թուրքիայում հայերիս համար ճակատագրական հետևանքներ ունեցան, ողբերգականորեն ճակատագրական: Մի կողմից` Թուրքիան արյան էր ծարավի, մյուս կողմից` Թուրքիան կամ «հիվանդ մարդը», ի տես «Միություն և առաջադիմություն» («Իթթիհաթ վե թերաքքի») կուսակցության, որ լիբերալ բուրժուազիայի շահերն էր արտահայտում, 1900-ական թվականներին բավական աշխուժացրեց իր գործունեությունը: Աբդուլհամիդյան վարչախմբի դեմ պայքարում երիտթուրքերը միայնակ չէին: Նրանք ապավինել էին նաև կայսրության այլ ժողովուրդների օգնությանը, այդ թվում` նաև հայերի:
Ինչպես վկայում է պատմությունը, 1907 թվականին Փարիզում ՀՅԴ-ի նախաձեռնությամբ հրավիրվել է կոնգրես, որտեղ որոշվել է դադարեցնել կուսակցական նախկին տարաձայնությունները և միավորվել ընդդեմ բռնակալական վարչակարգի: Որոշվել է օսմանյան Թուրքիայում պետական հեղաշրջում կատարել և երկրում հաստատել սահմանադրական կարգ: Սա ինձ հիշեցնում է Հրանտ Դինքի` Թուրքիայի Հանրապետության ժողովրդավարացման համար մղած պայքարը…
Երիտթուրքական կամ իթթիհաթական հեղաշրջումը, կարծես, նախատեսվում էր 1909 թվականի աշնանը, սակայն տեղի ունեցավ 1908 թվականի հուլիսին:
– Պարոն Սաֆրաստյան, 1908 թվականի հեղաշրջման նախօրեին Օսմանյան կայսրությունում առաջացել էր 1876 թվականի սահմանադրությունը վերահռչակելու անհրաժեշտություն: Ինչո՞ւ ավելի քան 30 տարի առաջ ընդունված սահմանադրությունն այդքան ժամանակ կյանքի ուղեգիր չէր ստանում: Ի՞նչ իրավիճակ էր ստեղծվել երկրում սուլթան Աբդուլ Համիդի օրոք:
– Կարծում եմ` այստեղ կարևորն այն հանգամանքն է, որ Աբդուլ Համիդ Բ-ի միահեծան կառավարումն առաջացրել էր ոչ միայն թուրքահպատակ ժողովուրդների, այլև թուրքերի դժգոհությունը: Նրա կառավարման շրջանում Թուրքիան հայտնվել էր ծանր իրադրության մեջ թե՛ ներքաղաքական կյանքում, թե՛ արտաքին քաղաքականության մեջ: Մեծագույն խորամանկությամբ ու ճարպկությամբ էր Աբդուլ Համիդին հաջողվում պահպանել Օսմանյան կայսրության (ՕԿ) տարածքային ամբողջականությունը: Իսկ դրա գինը բավական թանկ էր: Երկրում ծայր աղքատություն էր, բոլոր խավերը, սոցիալական և էթնիկական բոլոր խմբերը դժգոհ էին: Փաստորեն Թուրքիայում հասունացել էր փոփոխությունների պահանջը: Այս առումով երիտթուրքական հեղաշրջումը պատասխանն էր այն ծանր պայմանների, որի մեջ հայտնվել էր ՕԿ-ն:
Հայ պատմագրությունը պաշտպանում է այն թեզը, թե երիտթուրքական հեղափոխությունը հեղափոխություն չէր, այլ հեղաշրջում էր: Ո՞րն է մեր փաստարկը: Իրականում ՕԿ-ում կարգերը փոխվեցին ձևականորեն. պետության էությունը, վերնախավային այն խմբավորումները, որոնք ղեկավարում էին երկիրը, հիմնականում պահպանվեցին: Դա էր պատճառը, որ արդեն տասնամյակներ շարունակ մեր պատմագրության մեջ գործածում ենք «երիտթուրքական հեղաշրջում» եզրույթը:
– Ե՞րբ է սկիզբ առել երիտթուրքական շարժումը, ե՞րբ է ձևավորվել «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը, ո՞վ էր նրա գաղափարախոսը:
– Երիտթուրքական կուսակցությունը պառակտվել էր երկու խմբի: Առաջինում փարիզաբնակ մի խումբ մտավորականներ էին, որոնք բարձր պաշտոններ էին զբաղեցնում ՕԿ-ում. նրանք տարաձայնություններ ունեին սուլթանի հետ և ստիպված լքել էին երկիրը: Նրանց առաջնորդը` Ահմեդ Ռիզան, բավական աշխուժորեն մասնակցում էր ոչ միայն Թուրքիայի գործերին, այլև Ֆրանսիայում այն ժամանակ տարածված պոզիտիվիստական շարժմանը: Վերջինս գաղափարական և աշխարհընկալման նոր ձև առաջարկող շարժում էր. հիմնադրել էր ֆրանսիացի սոցիոլոգ և փիլիսոփա Օգյուստ Կոնտը:
Ահմեդ Ռիզայի շուրջ համախմբվեցին մի քանի թուրք վտարանդի մտավորականներ, որոնք էլ, օգտվելով պոզիտիվիստական «առաջադիմություն», «միասնություն» կարգախոսներից, Փարիզում ստեղծեցին երիտթուրքական առաջին` «Միություն և առաջադիմություն» խմբակը:
Երիտթուրքական կուսակցության երկրորդ խումբը գործում էր բուն ՕԿ-ում, Բալկաններում, հիմնա-կանում՝ Սալոնիկում տեղակայված օսմանյան բանակի սպաների շրջանում, որոնք կապ ունեին թե՛ մտավորականների Փարիզի խմբակի հետ, թե՛ մասնակցում էին մասոնական շարժմանը, որն այն ժամանակ աշխույժ էր հենց Սալոնիկում:
– Այնտեղ մասոնական օթյակների ահռելի ցանց էր ստեղծվել...
– Եվ ոչ միայն Սալոնիկում: Սա դրանց կենտրոններից էր: Չպետք է մոռանալ, որ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Սալոնիկն ՕԿ-ի հրեականության կենտրոնն էր. քաղաքի բնակչության մոտ 80 տոկոսը ծպտյալ հրեաներ էին` դեոնմեներ կամ սաբադայջիներ: Նրանց մեջ շատ եռանդուն էին մասոնները: Երիտթուրքական այս ուղղության ղեկավարները նաև եռանդուն մասոններ էին:
Այս խումբը, իր հերթին, բաժանված էր երկու խմբի: Մի խմբում սպաներ էին, որոնց առաջնորդներից էին Էնվերը և Նիզային, որը շուտ սպանվեց: Մյուս խումբը բաղկացած էր քաղաքացիական անձանցից, որոնց առաջնորդն էր Թալեաթը, որը նույնպես շատ եռանդուն մասոն էր:
– Ներքին ի՞նչ հարցեր էին ուզում լուծել երիտթուրքերն ՕԿ-ում:
– Թե՛ Փարիզի, թե՛ Սալոնիկի երիտթուրքերի ամենակարևոր խնդիրը ՕԿ-ի տարածքային ամբողջականությունը պահպանելն էր: Ըստ էության` նրանք հանգել էին այն եզրակացության, որ Աբդուլ Համիդն այլևս ի վիճակի չէ պահպանելու ՕԿ-ի տարածքային ամբողջականությունը, և հույս ունեին, որ սահմանադրության վերահռչակումը հնարավորություն կտա իրենց կանգնեցնելու, խոչընդոտելու երկրում ծավալվող քրիստոնյաների, մասնավորապես՝ հայերի ազգային-ազատագրական պայքարը` սահմանադրական շարժման մեջ ներգրավելով հպատակ ժողովուրդներին:
– Երիտթուրքերն ինչպե՞ս էին պատկերացնում թուրքահպատակ մահմեդական ժողովուրդների ազգային հարցի լուծումը:
– Այդ խնդիրներն այն ժամանակ ՕԿ-ում սրված չէին, և դրանք չէին վտանգում ՕԿ-ի տարածքային ամբողջականությունը: Հիմնական վտանգը, որ սպառնում էր ՕԿ-ի տարածքային ամբողջականությանը, բխում էր հայ ազգային-ազատագրական շարժումից, Հայկական հարցից:
– Իսկ ինչպե՞ս էին պատկերացնում երիտթուրքերն ազգային հարցի լուծումը:
– Ազգային հարցի լուծումը ձևակերպում էին օսմանիզմի գաղափարախոսության հիման վրա, ըստ որի` ՕԿ-ում բնակվող բոլոր ժողովուրդները մաս են կազմում այսպես կոչված օսմանյան ազգի և ունեն հավասար իրավունքներ: Սա այդ գաղափարախոսության ձևական կողմն էր, և այն ընդունում էին քրիստոնյա շատ ու շատ ժողովուրդների ազգային կազմակերպությունները: Իրականում երիտթուրքերը, շարունակելով նոր օսմանցիների քաղաքականությունն ազգային հարցում, այլ իմաստ էին դնում «օսմանյան հավասարության» և օսմանյան ազգերի գաղափարների մեջ: Փորձում էին կայսրության ժողովուրդներին հռչակել օսմանյան ազգ, նրանց տարրալուծել օսմանյան ազգի մեջ և հայտարարում էին, որ օսմանյան ազգը պետք է խոսի թուրքերեն, նրան պետք է ղեկավարեն թուրքերը և այլն: Ըստ էության՝ օսմանիզմի գաղափարը ոչ թուրք ժողովուրդների ձուլման քաղաքականությունն էր՝ խաղաղ ճանապարհով:
– Շուրջ 30 հազար հայերի դաժան կոտորածը (1909 թվականի ապրիլի 1-4-ը և 12-14-ը) Ադանայի նահանգում և հարակից հայաբնակ վայրերում որքանո՞վ էր համապատասխանում երիտթուրքերի ազգային ծրագրին:
– Այստեղ, կարծում եմ, պետք է հաշվի առնել երկու կարևոր հանգամանք: Առաջին` Ադանայի կոտորածն սկսվեց այն ժամանակ, երբ մի կարճ շրջանում իշխանությունն անցավ հակաերիտթուրքերի` Աբդուլ Համիդ Բ-ի համախոհների ձեռքը: Փաստերը վկայում են, որ կոտորածը նրանք են սկսել: Հայտնի է, որ սուլթանի կողմնակիցները, երբ անցան իշխանության, երիտթուրքերն ստիպված էին Բալկաններում տեղակայված իրենց հավատարիմ բանակն ուղարկել Կ. Պոլիս` վերանվաճելու այն: Այդ բանակի մի մասն ուղարկվեց նաև Ադանա:
Երկրորդ կոտորածն Ադանայում կազմակերպեցին երիտթուրքերը: Սպաները բավական ուշագրավ նամակներ են գրել իրենց հարազատներին` ճանապարհից: Ասում են` եկանք, ազատագրեցինք Կ. Պոլիսը, այժմ գնում ենք լուծելու հայերի հարցը: Այսինքն` կոտորածն սկսեցին աբդուլհամիդականները, ավարտեցին երիտթուրքերը:
– Երկու դեպքում էլ ձեռագիրը թուրքական է...
– Իհարկե:
– Ուշագրավ է նաև երիտթուրքերի և ՀՅԴ փոխհարաբերության պարագան: Հայտնի է, որ տևական ժամանակ նրանք համագործակցել են, թեև դաշնակցականները չեն սիրում այդ մասին խոսել: Սակայն անաչառությունը պահանջում է իմանալ, թե ՀՅԴ-ն ինչպե՞ս էր փորձում երիտթուրքական սահմանադրությունը հաշտեցնել դաշնակցության գաղափարների և նպատակների հետ:
– Պատմական առումով ամեն ինչ պարզ է. երկու կուսակցություններն էլ պայքարում էին հանուն Աբդուլ Համիդի միահեծան իշխանության տապալման: Դա երկու ուժերի մարտավարական դաշինք էր, որ կնքեցին նույն հակառակորդի դեմ պայքարելու համար: Ընդ որում, մինչև երիտթուրքական հեղաշրջումը ՀՅԴ-ն շատ մեծ հնարավորություններ ուներ գործելու ՕԿ-ում: Փաստերը վկայում են, որ ՀՅԴ-ն իսկապես օժանդակել է երիտթուրքերի հակաաբդուլհամիդյան քարոզչությանը ՕԿ-ում և երիտթուրքերի հակապետական գործունեությանը, որը մտնում էր դաշնակցության նպատակների ընդհանուր շրջանակի մեջ:
Գալով իշխանության` երիտթուրքերը մոռացան կամ մոռացության տվեցին այն համաձայնությունները, որոնք ձեռք էին բերվել ՀՅԴ-ի հետ: Եվ, փաստորեն, սկսեցին վերականգնել աբդուլհամիդյան հակադաշնակցական, հակահայկական քաղաքականությունը: Դա, իհարկե, տևեց մի քանի տարի, և 1911-12 թվականներից ՀՅԴ-ի նախաձեռնությամբ նրանց բոլոր հարաբերությունները խզվեցին. դաշնակցությունը վերջնականապես եկավ այն եզրակացության, որ երիտթուրքերը հայերի նկատմամբ շարունակում են վարել թուրքական ավանդական քաղաքականությունը:
– Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ 1914 թվականի Կարինի ժողովում ՀՅԴ-ի զինաթափման կոչը, եթե նրանք իրո՛ք խզել էին կապերը թուրքերի հետ:
– Այստեղ խոսքը ռազմավարության ընտրության մասին է: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին և առաջին ամիսներին հայությունը հայտնվել էր շատ ծանր կացության մեջ: Ժողովրդի ղեկավարները` քաղաքական կուսակցությունները (ՀՅԴ-ն այդ շրջանում ամենահզոր կուսակցությունն էր), պետք է քննարկեին մի շատ կարևոր հարց` ծառայելո՞ւ են հայերը ՕԿ-ում` օսմանյան բանակում, Ռուսաստանում` ռուսական բանակում, այսինքն` որքանո՞վ էր անհրաժեշտ, որ հայության մի հատվածը հավատարիմ լիներ ՕԿ-ին, մյուս մասը` Ռուսական կայսրությանը: Հարցը, այնուամենայնիվ, քննարկեցին և համաձայնության եկան` շարունակել ծառայությունը թե՛ օսմանյան և թե՛ ցարական բանակներում:
Կարծում եմ` դա ռազմավարական առումով սխալ որոշում էր: ՀՅԴ ղեկավարությունը հույս ուներ պահպանել որոշակի մոդուս վիվենդի թուրքական իշխանությունների հետ և, այդպիսով, կոտորածից փրկել հայության` ՕԿ-ում բնակվող հատվածին: Բայց պատմությունը ցույց տվեց, որ դա անդառնալի սխալ էր:
– Բարոյահոգեբանական ի՞նչ մթնոլորտում էին գործում հայկական մյուս կազմակերպությունները ՕԿ-ում, և ինչպե՞ս էին հարաբերվում իրար հետ:
– Երկրորդ քաղաքական ուժը ՕԿ-ի հայության շրջանում Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունն էր, որն ընտրել էր այլ քաղաքականություն: Նա չմասնակցեց 1907 թվականի հակաաբդուլհամիդյան այդ համաժողովին, և սկսեց համագործակցել ոչ թե երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կուսակցության, այլ երիտթուրքական շարժման մեկ այլ կազմակերպության հետ, որ ղեկավարում էր արքայազն Սաբահէդդինը: Ի տարբերություն «Միություն և առաջադիմություն» կուսակցության կարգախոսի` Սաբահէդդինն առաջ էր քաշում ապակենտրոնացման գաղափարը, այսինքն` ՕԿ-ի տարածքային ամբողջականությունը հնարավոր կլինի պահպանել, եթե ՕԿ-ի ժողովուրդներն ստանան տեղական ինքնավարության իրավունք: Խոսքն ազգային ինքնավարության մասին չէր: Եվ հնչակյանները որոշեցին համագործակցել Սաբահէդդինի հետ, որը 1908 թվականից հետո հեռացվեց իշխանությունից: Այսինքն` հնչակյանները համագործակցում էին հակաիթթիհաթական քաղաքական ուժերի հետ:
– Ի՞նչ քաղաքականություն էին վարում երիտթուրքերը ՕԿ-ում հեղաշրջումից և սահմանադրության ընդունումից հետո:
– Դժվար է մեկ զրույցի ընթացքում այդ ամենի մասին հանգամանորեն խոսելը: Երիտթուրքերի գաղափարախոսությունն ազգային հարցում, ինչպես արդեն նշեցի, պայմանավորված էր օսմանիզմի գաղափարախոսությամբ: Եվ, գալով իշխանության, փորձեցին այն իրագործել: Փաստորեն, 1908-1909 թվականներին ՕԿ-ում որոշակի բարենորոգումներ արվեցին` օսմանցի ազգ ստեղծելու համար: Բայց արդեն 1910 թվականին երիտթուրքերը հասկացան, որ այդ քաղաքականությունը տապալվում է: Հասկացան, որ քրիստոնյա ժողովուրդները, մասնավորապես` հայերը, ցանկություն չունեն կորցնելու իրենց ազգությունը կամ հրաժարվելու դրանից և դառնալ օսմանյան ազգի բաղկացուցիչ տարր:
– Ոչ էլ հույները…
– Այո՛: Եվ այստեղ շատ հատկանշական է Թալեաթի ճառը 1910 թվականի իրենց կուսակցության գաղտնի համագումարում: Առաջին անգամ կազմակերպության փաստացի ղեկավարը` Թալեաթը, եկավ այն եզրակացության, որ օսմանյան քաղաքականությունը տապալվել է: Դրանից հետո առաջարկվեց նոր գաղափարախոսություն` պանթյուրքիզմը կամ թյուրքիզմը: Սրա հիմնական գաղափարախոսը Զիա Գյոքալփն էր, որը Թալեաթի մերձավորներից էր և նրա հորդորով ու ճնշմամբ մտցվեց երիտթուրքերի կուսակցության կենտկոմի կազմի մեջ: Նա դարձավ հիմնական գաղափարախոսը և պատասխանատուն ազգային քաղաքականության համար:
1911 թվականից Թուրքիայում արդեն վարում էին պանթյուրքիզմի քաղաքականություն, որը նշանակում էր հպատակ բոլոր ոչ թուրք ժողովուրդների բացահայտ թուրքացում: Նպատակը երկրից դուրս համաթուրքական միասնական պետության ստեղծումն էր` օսմանյան Թուրքիայի ղեկավարությամբ: Այսինքն` 1911 թվականից երիտթուրքերը փոխեցին իրենց քաղաքականությունը ազգային հարցում: Կենտկոմի հատուկ որոշմամբ երիտասարդության շրջանում սկսեցին քարոզել թյուրքչյուլյուքի` պանթյուրքիզմի գաղափարախոսությունը: Այդ նպատակով սկսեցին հրատարակվել «Թյուրք յուրդու» («Թուրքերի հայրենիք») ամսագիրը, երիտասարդ գրողների «Գենջ քալեմլեր» («Երիտասարդ գրիչներ») պարբերականը և այլն:
– Այն, ինչ ասում եք, արձանագրվա՞ծ է նրանց պաշտոնական արխիվներում:
– Իհարկե: Դրանք մատչելի են կարդալու համար. պահպանվել են ոչ միայն պաշտոնական արխիվներում, այլև հրատարակված փաստաթղթերում, մամուլում: Երիտթուրքական կուսակցության որոշումները հրապարակվել են:
– Արխիվային փաստաթղթերն ինձ հետաքրքրում են Հայոց ցեղասպանության տեսանկյունից:
– Դա այլ հարց է: Օսմանիզմի գաղափարախոսությունն ու քաղաքականությունը պետք է տարանջատել մինչև 1910 թվականը թուրքերի վարած քաղաքականությունից, որից հետո սկսվում է պանթյուրքիզմի քաղաքականությունը: Ցեղասպանության նախապատրաստումն այլ խնդիր է: Իհարկե, պանթյուրքիզմի գաղափարախոսությունն ազդեց, բայց Հայոց ցեղասպանության նախապատրաստումը գաղտնի գործընթաց էր, որին տեղյակ էին սակավաթիվ մարդիկ:
– Իսկ ի՞նչ են փաստում այդ մասին արխիվները:
– Պետք է նաև լավ պատկերացնենք, թե ինչի մասին ենք խոսում: Պանթյուրքիզմի գաղափարախոսությունը ենթադրում էր, որ ՕԿ-ն պետք է լինի թուրքական պետություն: Հարց էր ծագում` ինչպե՞ս վերաբերվել մյուսներին: Նրանց կա՛մ պետք է նույնպես թուրքացնեին, կա՛մ ֆիզիկապես բնաջնջեին: Առաջինը հայերն էին ենթակա բնաջնջման: Եվ 1911-12 թվականներից երիտթուրքական կուսակցության մի քանի անդամներ` ղեկավարներ և գաղափարախոսներ, ընդ որում, շատ փոքր խումբ, սկսեցին քննարկել հարցը: Այս քննարկումներն, ի վերջո, հանգեցրին ցեղասպանության որոշմանը:
Օսմանյան աղբյուրներում շատ դժվար է գտնել այնպիսի փաստաթղթեր, որտեղ արտացոլված լինեն ցեղասպանության մասին որոշում ընդունելու այս փուլերը: Իթթիհաթը չնայած կառավարող կուսակցություն էր, սակայն պահպանել էր ընդհատակյա իր գործունեության շատ ու շատ մեթոդներ: Այնտեղ որոշումներն ընդունվում էին բանավոր: Դա թուրքական ավանդույթ է. չէին գրանցում: Դա Եվրոպա չէր, Գերմանիա չէր: Գոյություն ունի միայն մեկ փաստաթուղթ, որն առաջին անգամ հրատարակվել է 1919 թվականին, հայկական թերթերից մեկում (Կ. Պոլիս), ապա հայտնվել անգլիական արխիվներում և 1980-ական թվականներից կրկին վերահրատարակվել է: Այնտեղ նշված է տասը կետ, թե ինչպես պետք է ոչնչացնեն հայերին: Եթե համեմատում ենք այդ կետերը և կատարվածը, համոզվում ենք, որ դրանք համապատասխանում են իրար: Այս փաստաթուղթը թվագրված չէ, ենթադրվում է, որ ստեղծվել է 1914 թվականի դեկտեմբերին կամ 1915 թվականի հունվար-փետրվարին:
– Այսինքն` դա ծրագրվա՞ծ գործողություն էր:
– Այո:
– Իսկ հայերը կարո՞ղ էին խուսափել ցեղասպանությունից:
– Շատ բարդ հարց եք տալիս: Հետին թվով հեշտ է նման աղետի մասին դատողություններ անելը: Տասնամյակների փորձից ելնելով` կարելի է եզրակացնել, որ միակ ճանապարհը համահայկական զինված պայքարն էր (որի համար թուրքերը մեղադրում են մեզ). այդ կերպ կպահպանեինք թե՛ հայ ժողովրդի զավակների կյանքը, թե՛ մեր բնօրրանը: Ցավոք, համընդհանուր զինված ապստամբություն տեղի չունեցավ:
– Եվ փաստերն էլ ցույց են տալիս, որ այնտեղ, որտեղ ժողովուրդը դիմեց զենքի, կորուստները համեմատաբար քիչ եղան...
– Այո…
– Ի՞նչ տվեց 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումը Թուրքիային:
– Մոտեցումները տարբեր են հենց բուն Թուրքիայում: Եթե գնահատում են արդիականացման` մոդեռնիզացիայի տեսանկյունից, ապա, ըստ էության, երիտթուրքական հեղաշրջումը հող նախապատրաստեց քեմալական շարժման համար: Ե՛վ Քեմալը, և՛ նրա մերձավորները երիտթուրքական կուսակցության անդամներ էին: Փաստորեն, երիտթուրքերը շարունակեցին արևմտականացման այն քաղաքական գիծը, որն սկիզբ էր առել ՕԿ-ում 19-րդ դարի կեսերից: Մյուս կողմից` կան նաև այսպիսի տեսակետներ: Երիտթուրքերը, վարելով ներքին և արտաքին արկածախնդրական քաղաքականություն, ՕԿ-ը ներքաշեցին Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, որն ավարտվեց այդ պետության կործանումով: Թուրքիայում երիտթուրքերին մեղադրում են ՕԿ-ը կործանելու համար:
Ավելի օբյեկտիվ գնահատականներից կարևոր է այն, որ երիտթուրքական կուսակցությունն ստեղծեց մի ուժ, որը կարողացավ առաջ քաշել Հայոց ցեղասպանության ծրագիրը և իրականացնել այն: Փաստորեն, երիտթուրքական կուսակցության ղեկավարությունը 1908 թվականից ՕԿ-ում նախապատրաստեց և իրականացրեց Հայոց ցեղասպանությունը:
– Իսկ 1890-ական թվականներին հայոց ջարդերը ցեղասպանություն չե՞ն…
– Այստեղ նույնպես տեսակետները տարբեր են: Ես այն կարծիքին եմ, որ Հայոց ցեղասպանությունը պետք է դիտարկել որպես գործընթաց, որը սկիզբ է առել 1890-ական թվականների սկզբի ջարդերով և իր գագաթնակետին է հասել 1915-17 թվականների Մեծ եղեռնով ու շարունակվել: 1920 թվականին ցեղասպանական գործողություններ տեղի ունեցան Արևելյան Հայաստանում, որից հետո` Կիլիկիայում, որտեղ կոտորվեց մի քանի տասնյակ հազար հայ:
Մյուս կողմից` եթե համեմատում ենք այդ գործընթացի փուլերը, տեսնում ենք, որ Աբդուլ Համիդ Բ-ի օրոք հայության այնպիսի զանգվածային ու լայնածավալ կոտորած չի եղել, ինչպիսին կազմակերպվեց երիտթուրքերի կառավարման շրջանում: Աբդուլ Համիդի օրոք հայերին Արևմտյան Հայաստանի տարածքում ոչնչացնելու որոշման փաստ չունենք: Նման որոշում ընդունել են երիտթուրքերը: Սրանք կատարելության հասցրին Աբդուլ Համիդի շրջանում սկզբնավորված հակահայկական քաղաքականությունը և ստեղծեցին պետական մի մեքենա, որը կարողացավ այն իրագործել: Դա շատ «բարդ» գործողություն էր, որն իրականացրին երիտթուրքական կուսակցության գործիչները: