Հավատանք մեր ժողովրդի հավերժությանը

09 Դեկտեմբերի 2015

Դարից դար, սերնդից սերունդ փոխանցվող հոգևոր արժեքների, մեր նվաճումների ու բացթողումների մասին է մեր զրույցը ՀՍՍՀ վերջին Գերագույն խորհրդի և ՀՀ ԱԺ առաջին երկու գումարման պատգամավոր Ջեմմա Անանյանի հետ

- Տիկին Անանյան, այսօր, երբ մուտք ենք գործել նոր հազարամյակ, խոսենք մեր հոգևոր արժեհամակարգի մասին։ Ձեր կարծիքով, ո՞րն է մեր հոգևոր ամենահզոր զենքը, ինչի՞ վրա ենք այն «սրել»։

- Ամենահզոր հոգևոր զենքը մեր լեզուն է՝ մեսրոպատառ իր այբուբենով, որը չի թողել, որ «ցամաքենք, ինչպես հեղեղն ավազի մեջ», այլ հասցրել է մեզ 21-րդ դար, 3-րդ հազարամյակ։ Իսկ մեր ազգային և հոգևոր կյանքի համար մղած դարավոր պայքարն էլ հենց դրա հեսանաքարն է եղել։

- Լեզվից բացի, ուրիշ ի՞նչ արժեքներ են հոգևոր Հայաստանի հիմնասյուները։ Ի՞նչ փոփոխություններ են կրել դրանք դարերի հոլովույթում և փոփոխվե՞լ են արդյոք։

- Ինչպես ասացի՝ հոգևոր Հայաստանի գլխավոր հենասյունը մեր լեզուն է և ապա՝ հավատը մեր քրիստոնեական, Հայ առաքելական եկեղեցին։ Ավարայրից մինչև Շուշիի ազատագրումը, Եղիշեից մինչև Պարգև սրբազանն Արցախի պայքար է մղվել «վասն հավատի ու վասն հայրենյաց»։ Հարյուրամյակներ շարունակ պետականությունը կորցրած մեր երկրում եկեղեցին է ստանձնել պայքարը գլխավորողի դերը։ Եվ այսօր, երբ քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակն ենք տոնում, հարկ է գիտակցենք, որ եթե, Աստված մի արասցե, պետականորեն ընդունած չլինեինք այդ հավատը, ապա ով գիտի, թե ինչ կլիներ։ Հոգևոր Հայաստանի մյուս հենասյունը մեր մշակույթն է, լայն առումով։

Երկրորդ հանրապետության 70 տարին բնութագրվում է նաև որպես հոգևոր կյանքի վերածնության ժամանակաշրջան։ Գաղտնիք չէ, որ աշխարհին զարմացրինք մեր երաժշտությամբ, նկարչությամբ, ճարատարապետությամբ։ Գաղտնիք չէ նաև, որ Երրորդ հանրապետության անցած տասը տարում մեր հոգևոր կյանքը, գիտությունը, կրթությունն ու մշակույթը ծանր փորձությունների ենթարկվեցին։ Պետական հովանավորության վերացումը, շուկայական հարաբերություններ անվամբ կապիտալի նախնական կուտակման մոլուցքը, միացած ազգային արժեքների, մշակույթի, հոգևոր կյանքի դեմ պայքարին, դրանց սպասավորներին մղեցին հասարակական կյանքի հետնախորշ՝ ասպարեզ բացելով «ոգու սովի» ինքնագոհ թևածման համար։ Մենք աշխարհի հետ կարող ենք մրցակցել ու աշխարհին ներկայանալ նախևառաջ մեր հզոր գիտական ներուժով, մեր մշակութային և հոգևոր արժեքներով։

Բոլոր մակարդակներում պետք է հասկանանք, որ մշակույթը նաև պետական անվտանգության կարևոր գործոններից մեկն է։ Պետությունը կարող է ունենալ հզոր զինված ուժեր, հզոր տնտեսություն, բայց եթե չունենա հզոր մշակույթ, ապա, ի վերջո, նրա ֆիզիկական ուժերը կջլատվեն։ Ազգային, հոգևոր արժեքներին անհաղորդ զինվորը դժվար թե երկիր պահի։

- Իսկ ո՞վ է հոգևոր Հայաստան կերտողը։

- Բոլոր ժամանակներում մտավորականությունն է հոգևոր Հայաստան կերտողը, ժողովրդի հույսը պահողը, նրա սթափ միտքը, ազգային մտածողության կրողն ու իհարկե, նաև սերմանողը։ Մտավորականությունը բոլոր ժամանակներում նաև այդ ամենի համար պայքարողն է եղել։ Պայքարը եթե անցյալում արդյունք տվել է, ապա վերջին տասնամյակում այն դեռևս ապարդյուն է։

- Ի՞նչը կթողնեիք անցյալում։

- Կցանկանայի անցնող դարում թողնել երկու համաշխարհային պատերազմները, նաև Եղեռն, կոտորածներ, ոճիր, արտագաղթ, զոհ, սուգ, մութ, ցուրտ, խավար, ալան-թալան, մուրացիկ ծեր, թափառող երեխա, երկրաշարժ, աղետ ընդհանրապես և աղետից էլ վատ՝ ՀՀՇ հասկացությունը...

- Իսկ ի՞նչ հոգևոր-մշակութային արժեքներ կուզենայիք փոխանցել գալիք սերունդներին։

- Շա՜տ բան․ նախորդ բոլոր հարյուրամյակներում բոլոր սերունդների փայփայած Ազատ, Անկախ և Մեծ Հայաստան ունենալու իղձը։ Բոլոր ժամանակներում հային բնորոշ աննկուն ոգին, անկոտրում հավատը, հոգևոր մեծ արժեքներ երկնելու կարողությունը, չարին դիմակայելու ու նաև վտանգի պահին թշնամու դեմ բռնցքվելու, միակամ դառնալու ունակությունը։

Կվերցնեի, անշուշտ, մեր անկախացած պետության հիմքը հանդիսացող արդեն կայացած և հաղթական հայոց բանակը։ Սերունդներին ի պահ կտայի անցյալի մեր հոգևոր մշակույթը, մեզ աշխարհին ներկայացնող մեր Բյուրականը, Մատենադարանը, Մաշտոցին, Նարեկացուն, Սարյանին, Խաչատրյանին, մեր բոլոր երևելիներին։

Կվերցնեի մեր պատմամշակութային հուշարձանները, հայի դիմագիծը պահող մեր ազգային ավանդույթները ու նաև՝ «ոսկե բիլազուկ» մեր արհեստները։ Հավատում եմ, որ Ավարայրում ընկածների մռունչն ու Նարեկացու բողոքն աշխարհին ուղղող Եռաբլուրը պետք է իրենց հետ վերցնեն գալիք բոլոր սերունդները։

- Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք երրորդ հազարամյակից։

- Ակնկալիքներս շա՜տ են։ Ակնկալում եմ կայուն, զարգացած հասարակության ստեղծում, որ գալիք սերունդները կարողանան գոյատևել՝ չքայքայելով իրենց կենսունակության ֆիզիկական ու սոցիալական համակարգերը, ինչը տեղի է ունեցել վերջին տասը տարում։ Ակնկալում եմ երկրում այնպիսի սոցիալական իրավիճակի ստեղծում, որ կարողանանք երիցս արժեքավորել այնքա՜ն բաղձալի մեր անկախությունը։ Ակնկալում եմ ժողովրդավարության լիակատար հաստատում, օրենքի գերակայություն, որովհետև հենց օրենքն է, որ սոցիալական մագնիսի դեր կկատարի ու ժողովրդին կպահի իր հողի վրա։ Իսկ իրավական հալածանքը, անպաշտպանվածությունը երկրից օտարելու ներգործուն ուժ են։ Ակնկալում եմ այն, ինչ յուրաքանչյուր հայ կակնկալի․ իրականացած տեսնել մարշալ Բաղրամյանի երազանքը՝ Հայաստանը տեսնել 1914 թ․ սահմաններով։ Ավետիք Իսահակյանի ցանկությունը՝ «Մեռնեի՝ Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի՝ Վանն ու Անին Հայաստանում տեսնեի»։

Ակնկալում եմ հայոց համազգային բանաստեղծուհու երազանքի իրականացումը՝ «Քարավանները տուն դառնային», ու որ նաև արտերկրում գտնվող յուրաքանչյուր հայի ականջին միշտ զրնգային անմոռանալի սասունցու՝ Մուշեղ Գալշոյանի հոգի քրքրող խոսքը․ «Երկրի ու հողի կորուստ ծանր կորուստ է, բայց հող անմահ է, և հող ուրիշ տեր չի ընդունիր։ Հող իր տիրոջ արնակիցն է և իր արնակցին կսպասե»։

Ուրեմն թե՝ ակնկալենք աշխարհասփյուռ մեր հայության վերադարձը Հայրենիք, նրա արժանապատիվ կյանքը տնտեսապես հզոր Հայաստանում։ Ակնկալում եմ, որ հոգևոր աղբը մոտ չգա հայ մշակույթին, որ հայոց աստղերը օտար երկինքներում չփայլատակեն, որ կայանա մեր պետությունը և կարողանա տեր կանգնել աշխարհով մեկ սփռված մեր ժողովրդի ստեղծած մշակութային արժեքներին։ Ուզում եմ նաև, որ չկորցնելով մեր հույսն ու հավատը գալիքի հանդեպ՝ հավատանք մեր ժողովրդի հավերժությանը։ Ու հենց այդ հավատով ու բազում ակնկալիքներով բոլոր իմ հայրենակիցներին՝ Մայր Հայրենիքում թե սփյուռքում, մաղթում եմ առողջություն, հոգու անդորր, ոգու կորով, մեր հոգևոր արժեքներին տեր կանգնելու, սպիտակ ջարդին՝ ուծացմանը, և սպիտակ եղեռնին՝ արտագաղթին, կուլ չգնալու կամք, հայ ու Հայաստան սրբությունները բարձր պահելու ունակություն։

Թող անցյալ դառնան բոլոր տառապանքներն ու ձախորդությունները, և նոր հազարամյակում բոլորի դուռը բախի երջանկությունն ու բարեկեցությունը:  

 

Հարցազրույցը վարեց Հասմիկ Գուլակյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ