ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ՝ «ԹԵՀՐԱՆ 43»-Ի ՀԱՅԱԶԳԻ ՀԵՐՈՍԸ

18 Դեկտեմբերի 2017

   Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, Խորհրդային Միության հերոս, կենդանի լեգենդ Գևորգ Վարդանյանը ծնվել է 1924թ. փետրվարի 17-ին` Դոնի-Ռոստովում: 1930թ Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Իրան: Գևորգ Վարդանյանի հայրը կապված էր ռուսական ներքին հետախուզության հետ, եւ հոր ցանկությամբ տղան դարձավ հետախույզ: Ընդամենը 16 տարեկան պատանի էր, երբ կյանքը խորհրդային հետախուզության հետ կապեց Գևորգ Վարդանյանը: 1940թ-ից ղեկավարում էր հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում եւ այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների եւ գերմանացի հետախույզների բացահայտմամբ: Վարդանյանը անլեգալ աշխատանք է կատարել 45 տարի։ Լայնորեն հայտնի է դարձել Վարդանյանի միայն մեկ գործը՝ «թեհրանյանը»։ Նրա խումբը 1943 թ.-ին կանխեց «մեծ եռյակի»՝ Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ իրականացվելիք մահափորձը, որը ծրագրել էր գերմանական հետախուզությունը։ Իրանում աշխատելու տարիներին Վարդանյանին ու նրա խմբին հաջողվեց մերկացնել ավելի քան 400 գերմանական գործակալների։ «Այն ամենը, ինչ մենք կյանքում արել ենք կնոջս հետ, եղել է հօգուտ Հայրենիքի։ «Թեհրան- 43»-ն իմ կյանքի ամենագլխավոր իրադարձություններից մեկն էր: Հետախույզի կյանքը շատ հետաքրքիր է, գրավիչ և ռոմանտիկ, թեև կապված է ռիսկի հետ։ Իմ կինն ու ես երջանիկ ենք, որ մեզ բախտ է վիճակվել ապրել նման հագեցած կյանքով։ Ինձ համար միշտ օրինակ է եղել իմ հայրը, ով շատ տարիներ աշխատել է հետախուզությունում։ Նայելով նրան՝ ես ևս ցանկացա դառնալ հետախույզ և 1940 թ.-ի փետրվարին իմ կյանքը կապեցի հետախուզության հետ>>, - հարցազրույցներից մեկում նշել է անվանի հետախույզը: Վարդանյանի կնոջ՝ Գոհար Վարդանյանի կարծիքով, զույգով հետախույզ աշխատելը զգալիորն հեշտ է։ «Ահա արդեն 66 տարի Գևորգն իմ ղեկավարն է,- կատակել է նա, իսկ Գևորգ Վարդանյանը ժպտալով ավելացրել՝ համատեղության կարգով»: Կողքից շատ լավ երևում է, որ այս հռչակավոր մարդկանց, հիանալի ամուսնական զույգին հաջողվել է տասնամյակների համատեղ դժվարին կյանքի ընթացքում պահպանել ամենագլխավոր զգացմունքները, որոնք կապում են տղամարդուն և կնոջը՝ սերը և հավատարմությունը։ Տիկին Գոհարը պատմում է. «Ես շատ եմ օգնել ամուսնուս իր աշխատանքում։ Մասնակցել եմ գաղտնի գործողություններին։ Միասին մենք կիսել ենք անհաջողությունները և ուրախությունները։ Մենք միշտ հասկացել ենք միմյանց, իսկ սերն այցելել է մեզ 18 տարեկանում։ Ոչ միանգամից, այլ աստիճանաբար։ Ընկերախմբով հանդիպումների ժամանակ ես ուշադրություն դարձրեցի Գևորգին։ Նա միշտ ուշադրության կենտրոնում էր, շատ և սրամիտ կատակում էր։ Այն ժամանակ նրան բոլորը սիրում էին, և ես սիրեցի, իսկ 20 տարեկանում մենք ամուսնացանք»: 2007 թ.-ի հոկտեմբերին Վարդանյանը Մոսկվայում հանդիպեց Ուինսթոն Չերչիլի թոռնուհու՝ Սեսիլ Սանդիսի հետ։ Պատասխանելով «ՌԻԱ Նովոստիի» հարցին, թե նամակագրություն ունի՞ արդյոք նա Սանդիսի հետ, Վարդանյանը պատասխանեց. «Այո, մի քանի անգամ ես նրանից բացիկներ եմ ստացել։ Դրանցից մեկով նա ինձ հրավիրել է Լոնդոն՝ «Արջն ու Վագրը» ֆիլմի պրեմիերային, որը նկարահանում է Բրիտանական հեռուստատեսությունը։ Ֆիլմը պատմում է նախորդ դարաշրջանի, Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգական իրադարձությունների և առաջին հերթին՝ Ստալինի և Չերչիլի մասին»:Այն ժամանակ՝ Վարդանյանի հետ հանդիպումից հետո, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում Սեսիլ Սանդիսը նշել էր, որ ինքը ամենահիանալի տպավորություններ է ստացել վետերանից։ «Շատ ափսոս, որ ինձ չհաջողվեց տեսնվել նրա հետ (Վարդանյանի) մի քանի տարի առաջ, երբ ես գիրք էի գրում պապիս (Չերչիլի) մասին։ Այդ դեպքում գրքում շատ հետաքրքիր բաներ կհայտնվեին», - ասել էր նա։ Ավելի քան 30 տարի է տևել Վարդանյան ամուսինների «արտասահմանյան գործուղումը» Վերջին գործուղումից Ամիրը (Վարդանյանի օպերատիվ մականունն է) և նրա տիկինը՝ Գոհարը, վերադարձել են 1986 թ.-ի աշնանը։ Չնայած, որ վետերանն այժմ պաշտոնաթող է, նա շարունակում է իր հարուստ փորձը փոխանցել երիտասարդությանը եւ նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը: Քչերը գիտեն, որ Վարդանյանն այժմ զբաղվում է ԱՀԾ-ի համար երիատասարդ կադրեր պատրաստելով։ Հայ հետախույզն արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման, պարգեւատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Մեծ Հայրենականի 2-րդ աստիճանի շքանշաններով եւ բազմաթիվ շքանշաններով, իսկ նրա կինը` Գոհար Լեւոնի Վարդանյանը, հայրենիքին մատուցած հետախուզական ծառայությունների համար պարգեւատրվել է Կարմիր դրոշի շքանշանով:

Աղբյուրը` Պաշտպան Հայրենյաց Միություն թերթից

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ