Մեզ համար կարևոր խնդիր է սոցիալական արդարության վերահաստատումը. Վազգեն Սաֆարյան

18 Մայիսի 2017

Այդ օրը Վ. Սաֆարյանից մայիսմեկյան շքերթի ընթացքում հարցազրույց է վերցրել "Հրապարակ" թերթի թղթակիցը, որը ներկայացնում ենք ստորև:

 Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմակերպած երթին մասնակցում էին նաեւ դպրոցականներ։ Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե դա չի՞ նշանակում արդյոք, որ դպրոցականները կուսակցականացվում են, որն արգելված է օրենքով։ «Նրանք մեր կոմունիստների երեխաներն են, ես եկել եմ իմ թոռների հետ։ Որեւէ մեկը չի կարող այս տոնական  օրը իր թոռներին մասնակից չդարձնել ավանդական շքերթին, որը մեր մեջ առաջացնում է մեր մանկության հուշերը։ Օրինակ, ինձ հետ քայլում էր իմ թոռը։ Կանցնեն տարիներ և նա հպարտությամբ կհիշի,որ իր պապիկի հետ մասնակցել է շքերթի: Մարդիկ այստեղ եկել են ընտանիքներով, իրենց երեխաներին են բերել։  Մայիսի 1-ը մենք միշտ նշել ենք որպես Աշխատավորության համերաշխության օր։ Աշխարհի բոլոր երկրներում այդ օրը նշվում է մեծ հանդիսավորությամբ։ Դա ձևավորված  ավանդույթ է, եւ այս երթը ցույց է տալիս աշխարհին, որ մենք պահպանում ենք մեր  ավանդույթները եւ մեր աշխատավորներին ոգեկոչում ենք, որ տեր կանգնեն իրենց աշխատանքային իրավունքներին։  Վազգեն Սաֆարյանի հետ զրույցում նկատեցինք, որ կոմունիստական իշխանության տարիները հիշեցնում են նաեւ բռնաճնշումները, հալածանքները մտավորականների, գրողների նկատմամբ։ Կոմունիստների իշխանության տարիներին են հալածվել Ակսել Բակունցը, Գուրգեն Մահարին, Եղիշե Չարենցը, Լեռ Կամսարը և այլք, Էդմոն Ավետյանին նույնիսկ Աստվածաշունչ կարդալու համար են ազատազրկել։ «Բռնաճնշումները մենք դատապարտել ենք մեր կուսակցության բարձրագույն մարմնի համագումարի միջոցով։ Մենք դեմ ենք թեկուզ մեկ մարդու նկատմամբ հանիրավի կիրառվող բռնաճնշմանը։ Հայտնի իրավաբան Կոնիեն ասում էր՝ ավելի լավ է տասը մեղավոր չպատժվի, քան մեկ անմեղ մարդ հանիրավի դատապարտվի։ Այս սկզբունքը իրավագիտության գլխավոր նորմերից մեկն է, որը մեզ համար ընդունելի է։  Իսկ այն փաստը, որ շատ մարդիկ փորձում են հավասարության նշան դնել Խորհրդային Միության, Խորհրդային Հայաստանի հսկայական ձեռքբերումների եւ ռեպրեսիաների միջեւ, համադրելի չեն։ Խորհրդային Հայաստանը հսկայական ձեռքբերումներ է ունեցել տնտեսության, սոցիալական, մշակութային և հանրային կյանքի մնացած բոլոր ոլորտներում: Իսկ Ձեր թվարկած գործիչների`Բակունցի, Չարենցի, Մահարու քրեական գործերին ծանոթանալու դեպքում միայն կարելի է կարծիք հայտնել։ Մենք չենք ցանկանում, որ որեւէ մեկը երբևէ հանիրավի բռնադատվի,»,- ասաց Վազգեն Սաֆարյանը։ Նյութի աղբյուրը ` hraparak.am

Media

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ