Հարգելի ընկերներ, հյուրեր, տիկնայք և պարոնայք
Այսօր նոյեմբերի 7-ն է: Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ Հեղափոխության 100-րդ տարեդարձի օրը: Աշխարհի առաջադեմ մարդկությունը նշում է այս տարետարձը` որպես աշխարհի վերափոխման, նոր ժամանակների ազդարարման օր: Այո, ”Ավրորա” հածանավի համազարկը 1917թ. հոկտեմբերի 25-ին ազդարարեց նոր ժամանակների սկիզբը:
Անցել է 100 տարի այդ պատմական, հիրավի դարակազմիկ, պլանետար իրադարձությունից: Աշխարհի բոլոր ծագերում մարդիկ զգացին այդ համամարդկային հեղափոխության ազդեցությունը իրենց կյանքի վրա: ԽՍՀՄ–ը գործնականում սկիզբ դրեց Սոցիալիզմի քաղաքակրթության հիմքը: Երկիր մոլորակի 1/6-ի վրա ստեղծվեց որակապես նոր պետություն, որտեղ քաղաքական իշխանությունը պատկանում էր ժողովրդին` բանվորներին և գյուղացիներին: Ծանր ու փորձություններով լի էր նորաստեղծ Խորհրդային Ռուսաստանի պետականաշինության առաջին քայլերը: Ներքին ռեակցիան, դիվանագիտական մեկուսացումն ու տնտեսական շրջափակումը, քաղաքացիական պատերազմը, արտաքին աշխարհի թշնամական վերաբերմունքն ու հակահեղափոխական ուժերին զինելն ու օգնելը` խորհրդային իշխանության դեմ պայքարում: Սակայն հեղափոխության նվաճումները բոլշևիկյան կառավարությունը` Վ.Ի. Լենինի գլխավորությամբ, կարողացավ պաշտպանել և ընթանալ զարգացման ճանապարհով: Աշխարհի ժողովուրդները սթափվեցին և սկսեցին պայքարել իրենց իրավունքների համար: Գրեթե բոլոր երկրներում ստեղծվեցին կոմունիստական ու բանվորական կուսակցություններ: Հունգարիայում և Բավարիայում իշխանությունը իրենց ձեռքը վերցրեցին բանվորները, սակայն, ցավոք, դրանք կարճ կյանք ունեցան:
Ոմանք հարց են տալիս. ինչու Ռուսաստանում հաղթանակեց Սոցիալիստական Հեղափոխությունը: Չէ որ մարքսիզմի հիմնադիրները` Կ. Մարքսն ու Ֆ. Էնգելսը գտնում էին, որ հեղափոխությունը կհաղթանակի եվրոպայի տնտեսապես զարգացած կապիտալիստական երկրներում միաժամանակ: Գիտական կոմունիզմի հիմնադիրները գտնում էին, որ կապիտալիզմի` որպես հասարակական ֆորմացիայի, զարգացման արդյունքում` արտադրական հարաբերությունների և արտադրողական ուժերի միջև առաջացող հակասությունները հանգուցալուծվելու են նոր հասարակարգի ձևավորման օգտին: Սակայն, Վ.Ի. Լենինը, պատմական նոր իրողություններում, զարգացնելով մարքսիզմի տեսությունը, ապացուցեց, որ հեղափոխությունը կարող է հաղթանակել նաև և կապիտալիստական երկրների շղթայի ամենաթույլ օղակում` այն է, թե Ռուսաստանում: Ինչու: Այդ հարցադրման պատասխանը տվել են շատ գիտնականներ, հասարակական և քաղաքական գործիչներ: Փորձենք հիշել Ցարական Ռուսաստանում ինքնակալության դեմ պայքարի ընթացքը:
Ցարական Ռուսաստանում ինքնակալության դեմ պայքարը ուներ երեք հարյուր տարվա պատմություն: Այն սկսվել էր գյուղացիական շարժումներով` Իվան Բոլոտնիկով /1606-07թթ./ Ստեփան Ռազին /1670-1671թթ./, Եմելյան Պուգաչով /1773-76թթ./, դրանից հետո դեկաբրիստները /14 декабря 1825/, որը հակաֆեոդալական շարժում էր, ապստամբության մասնակիցներից 579 ենթարկվեցին դատական քննության, 5 հոգու կախեցին / Պ. Պեստել, Ս. Ի. Մուրավյով Ապոստոլ, Կ. Ռիլեեվ, Բեստուժև Ռյումին, Կախովսկի, 121 հոգու հոգու աքսորեցին, 3 հազար զինվորների նկատմամբ կիրառվեցին տարբեր բռնարարքներ: Հիշարժան է հեղափոխական պատմության մեջ դեկաբրիստների կանանց արարքը` իրենց ամուսինների մոտ` Սիբիր “ Ներշինյան հանքեր” ինքնակամ գնալը, Ե. Տրուբեցկայան, Մ. Վալկոնսկայան, Մուրովյովան, Դավիդովան, Ենտալցևան, Նարիշկինան: Այս հերոսական արարքը հիմք է հանդիսացել Ն. Ներկրասովի “Ռուս կանայք” պոեմը գրելու համար: Հիշենք նաև, որ ռուս մեծ բանաստեղծ` Ա. Պուշկինի Ցարի դեմ գրած տողերը– Պիտի տեսնեմ, ես քո որդոց ու քո մահը անպայման” : Ռուսաստանում / 1860-1895/ գործում էր “Նարոդնիկության” որպես բուրժուա-դեմոկրատական շարժումը: Ա. Գերցեն, Չերշնիշևսկի, Մ. Բակունին, Լավրով: Տկաչով , “Դեպի ժողովուրդ գնալը “ , “Նարոդնայա վոլյա”, “Մոսկվիչի” , “Զեմլյա ի վոլյա” , “Չորնիյ պերեդել” և այլն, 1895 թվականից սկիզբ առավ ռուսական հեղափոխության բանվորական շարժման շրջանը, որը տևեց 22 տարի, ունեցավ 1905 թ. հեղափոխությունը, 1917, փետրվարյան բուրժուա հեղափոխությունը, որն ավարտվեց ցարի տապալմամբ և ապա 1917թ. Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ Հեղափոխությունը:
Ցարական Ռուսաստանում ապրում էին 100-ից ավելի ազգեր, ռուսաստանյան բանվոր-դասակարգը շահագործվում էր ավելի շատ` աշխատելով 12-14 ժամ, վաստակում էր ավելի քիչ, քան նրա կարգավիճակում գտնվողները` Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում և ԱՄՆ-ում: Ուսաստանյան բանվոր դասակարգը կրկնակի էր շահագործվում, ինչպես սեփական բուրժուազիայի, այնպես էլ միջազգային կապիտալի կողմից: Ինչ էին ասում բոլշևիկները իրենց հեղափոխական կոչերում` 8 ժամյա աշխատանքային օր, հողը` գյուղացուն, գործարանը` բանվորին: Ցարական Ռուսաստանը ներքաշված էր 1914թ. սկսած Առաջին Համաշխարհային պատերազմի մեջ և 3 տարի արդեն կռվում էր ինչպես Եվրոպական ճակատում, այնպես էլ Արևմտյան Հայաստանում: Դրա համար էլ բոլշևիկները առաջ քաշեցին խաղաղության մասին դեկրետի հարցը: Այսօր շատերը տեսական անպտուղ մտավարժանքներ են անում, բոլշևիկների 100 տարի առաջ կատարած քայլերի մասին, գիտական թեզեր են գրում, ճգնում են ապացուցել նրանց սխալները: Բայց արդյոք դա չի նմանվում ընթացող գնացքի հետևից փոքրիկ քարեր շպրտելուն:
Այն, որ Հոկտմբերյան Սոցիալիստական Մեծ հեղափոխությունը հաղթել է և դրա արդյունքում ձևավորվել է ԽՍՀՄ, և այն գոյություն է ունեցել 70 տարի, դա այլևս պատմական փաստ է:
Մեր այօրվա կոնֆերանսի նպատակն է խոսել այդ հեղափոխության մասին և դրա դերը հայ ժողովրդի կյանքում: Հարգելի ընկերներ, հայ ժողովուրդը իր բազմադարյան պատմության մեջ անցել է հերոսացումների ու դաժան մաքառումների, վերելքների ու վայրէջքների բազում դարեր: 1639թ. հերթական անգամ Հայաստանը բաժանվեց Թուրքիայի և Պարսկաստանի միջև և այդ ժամանակից հայ ժողովուրդը ապրում էր Արևելյան և Արևմտյան Հայաստաններում: Մեր ժողովրդի համար այս երկու երկրների քաղաքակրթական, կենցաղային սովորույթներն ու բարքերը խորթ էին: Եվ բաժանված ժողովրդի մտավորականներն ու ազգային գործիչները մտածում էին մեր ժողովրդի միավորման և ազատագրման մասին: Շահամիր Շահամիրյանի “ՙՈրոգայթ փառաց՚”-ը (1760-70թթ), հայկական ազատագրական ազգային գործիչ` Հովսեփ Էմինը (1726-1809թ.), Ստեփանոս Նազարյանցը (1812-1879թթ.), Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.), Միքայել Նալբանդյանը (1829-1866թթ.), Ստեփան Շահումյանը (1878-1918թթ.), Արևելյան Հայաստանի մտավորականությունը` Հարություն Ալամդարյանը, Ներսես Աշտարակեցին, Խաչատուր Աբովյանը և շատ ու շատ այլ ազգային գործիչներ, թե արևմտահայերի “Ազգային սահմանադրությունը” (1860թ.) թիֆլիսահայ մտավորականությունը` Հովհ. Թումանյանի հիմնադրած ՙՎերնատան՚ հավաքներում մտածել են և գործել մեր ժողովրդի ազգային ազատագրական իղձերի իրականացման մասին:
Մեր ժողովրդի քաղաքական կողմնորոշման հարցում կարևոր իրադարձություն էր 1699թ. Սյունիքի Անգեղակոթ գյուղում 7 մելիքների գումարած գաղտնի ժողովը, որը որոշեց ապավինել նախ Եվրոպային, ապա Ռուսաստանին, օգնություն հայցելով ազատագրվել երկու ֆեոդալական պետությունների` Պարսկաստանի և Թուրքիայի լծից: Ազգային գործիչ Իսրայել Օրին Կայզերական Գերմանիայում անօգուտ փորձում էր օգնություն հայցել: Դրանից հետո նա ուղևորվում է Ռուսաստան, հանդիպում Ռուսաստանի ցար Պետրոս Մեծին ներկայացնում մեր մելիքների խնդրանքը: Պետրոս Մեծը խոստանում է ՙՀյուսիսային ատերազմի ՚ ավարտից հետո կազմակերպել արշավանք դեպի Կովկաս: Այդպես էլ նա հավատարիմ իր խոստմանը 1722թ. շարժվում է մինչև Դերբենտ, սակայն քաղաքական իրադարձությունները նրան կանգնեցնում են: Հետագայում Ռուսաստանի մյուս տիրակալները՝ Եկատերինա Կայսրուհին, Ալեքսանդր I-ը, Նիկոլայ I-ը Ալեքսանդր II-ը շարունակում են արշավանքներ կազմակերպել Պարսկաստանի և Թուրքիայի դեմ: Մեզ քաջ հայտնի են դրանք և ուշագրավ են 1804թ. և 1827թ. Ռուս- պարսկական պատերազմները, որոնց արդյունքում նախ Արցախը, Շիրակը, Ուտիքը, Գուգարքը, Լոռին միացան Ցարական Ռուրսաստանին` Գյուլիստանի պայմանագրով, ապա 1828թ. Թուրքմենչայի պայմանագրով` Երևանի, Նախիջևանի նահանգները: 1829թ. Ռուս-թուրքական պատերազմը` Ադրիանապոլի, 1877-78թթ. պատերազմը` Սան Ստեֆանոյի հաշտագրերով, Ցարական Ռուսաստանը չկարողացավ պատերազմների արդյունքում ձեռք բերած հաջողությունները ամրագրել և ազատագրել Արևմտյան Հայաստանը Թուրքական տիրապետությունից: Կովկասյան ճակատի հրամանատար, գեներալ Պասկևիչը դառնությամբ գրում էր Ռուսաստանի Ցարին` Նիկոլայ I-ին, որ Ադրիանապոլում 1829թ. սեպտեմբերի 2-ին Թուրքիայի հետ կնքած պայմանագրի արդյունքում հայերը կհայտնվեն անելանելի վիճակում, մինչդեռ հայերը ամեն ինչով նպաստել էին ռուսական զորքերի հաջողությանը: Հետագայում, 1877-78թթ. ռուս-թուրքաական հերթական պատերազմում դարձյալ ռուսական կողմը հաղթանակ տարավ և կնքված Սան-Ստեֆանոյի պայմանագրով դարձյալ չլուծվեցին Արևմտահայերի ազգային հարցերը, ավելին` բարեփոխումներ նախատեսող 16-րդ դրույթը ըստ էության ի չիք դարձավ Բեռլինի կոնգրեսում հայկական հարցը 61-րդը դառնալով: Բեռլինի կոնգրեսի մասին հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկը հիասթափությամբ գրել էր կոնգրեսին իրենց մասնակցությունը չթուլյատրելու և “թղթե շերեփի” մասին: Արևմտյան Հայաստանը դարձել էր Արևտմյան տերությունների քաղաքական մանիպուլիացիաների սուբյեկտ Ռուսաստանի և Թուրքիայի հետ ունեցած իրենց հարաբերություններում: Իսկ թե ինչով ավարտվեցին այդ “բանակցություններն ու բարեփոխումները” հայտնի է Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված մեծ եղեռնով: Եվ այսպես, Արևելյան Հայաստանը, Կարսի մարզով 1828թ.փետրվարի 10-ին կնքված Թուրքմենչայի պայմանագրով անցավ Ռուսաստանի տիրապետության տակ: Այդ ժամանակից ի վեր սկսվեց մեր ժողովրդի մի հատվածի կյանքը Ցարական Ռուսաստանում: Հայ ժողովրդի շատ զավակներ իրենց տեղը գտան ռուսական արքունիքում, առաջին մինիստր` Լորիս Մելիքով, ունեցանք տասնյակ գեներալներ` Բեյբութով, Սերեբրյակով, Շելկովնիկով, Տեր-Ղուկասով, Ալխազով, Մադաթով, Փիրումով, հայտնի մտավորականներ, մշակութային գործիչներ` Գրաֆ Դելյանովը, Լազարև եղբայրները, նկարիչներ` Հ. Հովնաթանյանը, Հ. Այվազովսկին, Մ. Մելիքյանը, Մ. Սարյանը, Վ. Սուրենյանցը, նավթարդյունաբերողներ` Ղուկասովները, Միրզոևը, Մանթաշովը, Լիանոզովը և շատ ուրիշներ, գրողներ` Ռաֆայել Պատկանյանը, Րաֆֆին, Ալ. Շիրվանզադեն, Նար-Դոսը, Հ. Թումանյանը, Գ. Սունդուկյանը, Ղ. Աղայանը, երաժիշտներ` Ալ. Սպենդիարովը, Արմեն Տիգրանյանը, դերասաններ` Պ. Ադամյանը, Հասմիկը, հեղափոխականներ` Մ. Նալբանդյանից մինչև Ստ. Շահումյան, Ս. Սպանդարյան, Իս. Լալայանց, Պռ. Պռոշյան, Զուրաբյան: Հայ ժողովրդի մտավորականության մշակութային շերտը հիմնականում բնակվում և ստեղծագործում և աշխատում էին Թիֆլիսում, արդյունաբերական խավը՝ Բաքվում: Մեծ էր Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրդում բնակվող հայ մտավորականների դերը` հայ ժողովրդի ռուսական կողմնորոշման պահպանման և խորացման գործում: Հայ ժողովրդի կրթամշակութային կենտրոններն էին Մոսկվայի Լազարյան Ճեմարանը, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և Էջմիածնի Գևորգյան ճեմարանը:
Ինչպիսին էր նահանգային կենտրոն, նախահեղափոխական Երևանը, բնակչությունը` 18 հազար էր, իսկ Հայաստանում ապրում էին 720 հազար մարդ, որից 300 հազարը ցեղասպանությունից մազապուրծ փախստականներ, հազարավոր հայեր տառապում էին տարափոխիկ հիվանդություններով, օրական տասնյակ մարդիկ մեռնում էին սովից ու հիվանդություններից: Որպեսզի ավելի պատկերավոր նկարագրենք այդ իրավիճակը, հիշենք Վահան Տերյանի դառնությամբ գրված տողերը՝
Միթե՞ վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի ,
Մահն է արդյո՞ք, թե նինջը քեզ
Պատել պայծառ Նաիրի:
Հայ ժողովրդի պայծառ զավակների մի ամբողջ համաստեղություն /փաղանգ/ զինվորագրվեց հեղափոխության գործին՝ գիտակցելով, որ այդ հեղափոխությունը զարթոնք կառաջացնի հայ ժողովրդի մեջ, և նա կկարողանա իր ողջ ներուժը բացահայտել, գիտության, կրթության, մշակույթի, տնտեսության, քաղաքաշինության և հանրային կյանքի բոլոր ոլորտներում:
Այո՛, չենք կարող երախտագիտությամբ ու խոնարհումով չհիշել Ստ. Շահումյանի, Ալ. Մյասնիկյանի, Ս. Սպանդարյանի, Բ. Կնունյանցի, Ս. Կասյանի. Վ. Տերյանի, Ի.Լալայանցի և շատ ու շատ ուրիշների անունները, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայ ժողովրդի սոցիալիստական ապագայի: Առաջին մարքսիստական խմբակը Հայաստանում ստեղծել է Ստ. Շահումյանը` Ստեփանավանում /նախկին Ջալալօղլի/ 1899թ., իսկ 1902թ.` հայ սոցիալ-դեմոկրատների միությունը Թիֆլիսում: Մեր ժողովրդի այդ պայծառ զավակը ապրեց ընդամենը 40 տարի: Բայց հսկայական ավանդ ունի Կովկասում` խորհրդային կարգերի հաստատման գործում` լինելով Բաքվի Կոմունայի ղեկավարը և Կովկասի գործերի Արտակարգ Կոմիսարը: Ստ. Շահումյանը կերպարը ուրույն է բնութագրել պրոլետարական բանաստեղծ Հ. Հակոբյանը :
Աչքերդ կապույտ եթերի նման և հոգիդ շուշան,
Սիրտդ խորունկ ծով, ազնիվ աննման` ընկեր Շահումյան:
Անմոռաց տողեր է գրել նաև Վահան Տերյանը Ստ. Շահումյանին.
Սիրտդ որպես վառ ատրուշան, պահիր վառ, Որպես դրոշ արնանման պահիր վառ:
Սիրտդ խանդոտ, հրաբորբոք, պահիր վառ: Սիրտդ հրկեզ, մթնում դաժան, պահիր վառ,
Չար աշխարհի խավարի դեմ պահիր վառ, Խինդդ տենդոտ սերդ վահան, պահիր վառ:
Հիշենք մեծն Եղիշե Չարենցի խոսքերը` ձոնած Հոկտեմբերյան Հողափոխությանը և նրա ազդեցությունը համայն աշխարհի ժողովուրդների վրա:
Ինչպես աշխարհի ճորտերին բոլոր, Երկինք մի մաքուր, արև մի բոսոր,
Այնպես էլ գերի աշխարհին իմ հին- Լոկ Հոկտեմբորյան հողմերը տվին
Խորհրդային Հայաստանի շատ քնարերգուներ իրենց սրտի խոսքը բանաստեղծական շնչով ձոնել են Հոկտեմբերյան Մեծ Հեղափոխությանն ու նրա առաջնորդներին, մեջբերենք մի հատված Համո Սահյանի` “Երգ Հայաստանի” բանաստեղծությունից`
Թե Հոկտեմբերյան դրոշի փայլից Բոլոր կողմերից սրարշավ եկող
Չշիկներ ճակատն Արագածի , Վայրի ցեղերին կուլ կգնար
Իր մութ այրերում շունչը կփչեր Դարերից եկած, դարեր վաստակած
Այրերի երկիր Հայաստանս: Դարերի երկիր Հայաստանս
Այո՛, հայրենասեր և հայրենանվեր հայ մտավորականները անմիջապես լծվեցին Խորհրդային Հայաստանի կերտմանն ու նրա շենացմանը: Հայաստանի Հեղկոմի նախագահը Ալ. Մյասնիկյանը, Հայաստան հրավիրեց Մարտիրոս Սարյանին, Շուշանիկ Կուրղինյանին, Հովհ. Թումանյանին, Ալ. Սպենդարյանին, Ալ. Թամանյանին և շատ ու շատ մտավորականների, ովքեր լծվեցին մեր նորոգ կյանքի կերտմանը: Հիշենք Չարենցի խոսքերը ուղղված Ալ. Մյասնիկյանին` “Նաիրյան արևն է քո մեջ, Լենինյան հրով ճառագած: Կործանվող Հայաստանի համար դու դարձար փրկության առագաստ…”:
Առաջին քայլերը Խորհրդային իշխանության, պայքարն էր տարափոխիկ հիվանդությունների դեմ, արդյունաբերական ձեռնարկությունների հիմնումը, աշխատատեղերի ստեղծումը, մշակութային կյանքին զարկ տալը:
Մինչ հեղափոխությունը Հայաստանը ուներ ՝ Թաիրովի և Շուստովի հիմնած կոնյակի, կաշվի արտադրություն և պահածոյի արտադրություն:
Ցավով պետք է նշենք, որ 1918-1920 թվականներին Հայաստանի Առաջին հանրաետության ղեկավարությունը պատմական դրամատիկ ժամանակաշրջանում, ճիշտ չկարողացավ կողմնորոշվել և դեպի Ռուսաստան գնալու փոխարեն ապավինեց Անտանտայի երկրներին, որից էլ շատ հմուտ կերպով օգտվեց մեր դարավոր թշնամի Թուրքիան` Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ: Նրանք իրենց համերաշխությունը հայտնեցին Լենինին, Ստալինին և Ադրբեջանին սովետականացնելով (1920թ, ապրիլի 28) առավել մեծ վստահություն նվաճեցին Ռուսաստանի ղեկավարության մոտ: Փոխարենը`Հայաստանի իշխանությունները դաժանորեն ճնշեցին 1920թ. մայիսյան ապստամբությունը, դրանով իսկ էլ ավելի վատթարացրեցին իրենց հարաբերությունը Ռուսաստանի բոլշևիկյան ղեկավարության հետ: Շատ պատմաբաններ, նույնիսկ դաշնակցական ղեկավարներ, Հովհաննես Քաջազնունին, Սիմոն Վրացյանը գրել են, որ եթե իշխանությունը մայիսին հանձնվեր բոլշևիկներին, ապա մենք չէինք կորցնի Նախիջևանն ու Արցախը: Պատմական գիտ. դոկտոր` Աշոտ Ներսիսյանը գրել է, որ եթե իշխանությունը հանձնվեր բոլշևկների 1920 օգոստոսին` մինչև Սևրի պայմանագրի կնքումը, ապա Թուրքիան չէր համարձակվի հարձակվել Հայաստանի վրա 1920 թվականի սեպտեմբերի 23-ին, և չէր գրավվի Կարսը, չէր գրավվի Ալեքսանդրապոլը և Հայաստանը կունենար այլ աշխարհագրական դիրք: Սակայն սխալները սխալների հետևից են կրկնվել: Դրանցից մեկն էլ 1921թ. փետրվարի 18-ին դաշնակցական ուժերի կողմից խռովություն կազմակերպելն էր և իշխանությունը փետրվարի 18- ից մինչև ապրիլի 2-ը` 44 օրով ետ վերցնելը եղավ, որից դարձյալ հմտորեն օգտվեցին թուրքերը 1921 թ. մարտի 16-ին, Մոսկվայում կնքելով ռուս-թուրքական պայմանագիրը, որով Կարսի մարզը, Սուրմալուն և Արդահանը անցան թուրքերի տիրապետության տակ, իսկ Նախիջևանը դարձավ Ադրբեջանի պրոտեկտորատ` առանց երրորդ կողմին հանձնելու պայմանով: Մենք, որպես Խորհրդային Հայաստանի իրավահաջորդ քաղաքական ուժ, պետք է բարձրաձայնենք, որ այդ պայմանագիրը կորցրել է իր իրավական հիմքերը, քանի որ Ադրբեջանը խորհրդային չէ, և չի էլ ընդունում, որ ինքը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդն է: Նշանակում է, որ միայն Ռուսաստանն է իրավասու խոսելու այդ պայմանագրի իրավարարության մասին, քանի որ ինքը հայտարարել է, որ Խորհրդային Միության իրավահաջորդն է: Բայց արդյոք այսօրվա Ռուսաստանը, երբ քաղաքական մեղրամիս է անցկացնում Թուրքիայի հետ, կխոսի այդ մասին… 2016թ. մայիսի 16-ին < политанализ.com> լրատվական համացանցում տպագրվել է իմ հարցազրույցը, որտեղ ես արծարծել եմ նաև այդ հարցը: Մասնավորապես խոսել եմ Ադրբեջանին զենք վաճառելու մասին և ընդգծել, որ Ռուսաստանը որքան էլ Ադրբեջանին սիրաշահի, միևնույնն է նա մնալու է Թուրքիայի բնական դաշնակիցը: Ռուսաստանյան ընթերցողի ուշադրությունն եմ հրավիրել, որ ՌԴ ղեկավարությունը շատ շուտ մոռացավ ռուսական կործանիչի խոյահարումը Թուրքիայի կողմից: Հերթական անգամ Ռուսաստանը սխալվելու և զղջալու է Թուրքիայի հարցում: Ինչպես ասում են կապրենք կտեսնենք: ԼՂՀ-ի հարցը նույնպես մեզ համար մնում էր “աքիլեսյան գարշապար” Կովբյուրոյի 1923թ. հուլիսի 5-ի որոշումը ճակատագրական եղավ, որին ի դեպ Ալ. Միասնիկյանը դեմ է քվեարկել, և ով գիտե, գուցե այս համարձակ արարքն էլ է պատճառ դարձել նրա ողբերգական մահվանը` 1925թ.: Բայց շնորհիվ ԼՂՀ հայ ժողովրդի, նրանք պայքարեցին իրենց ինքնությունը պահպանելու համար, հասան մեր օրերը և ստացան իրենց բաղձալի անկախությունը: Մենք` Հայաստանի կոմունիստներս, շարունակ պայքարում ենք, որ ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, ճանաչվի ԼՂՀ-ի անկախության իրավունքը, և ապա վերամիավորվի մայր հայրենիքի հետ:
Մեր ունեցած հնարավորությունների սահմաններում այդ մասին մենք բարձրաձայնել ենք երկու անգամ Բրյուսելում` Միջազգային կոմունիստական և բանվորական կուսակցությունների սեմինարում` 2009, 2010թ. Բաքվում 1998թ. մայիսի 18-20-ին` ՄԱԿ-ի հովանու տակ անցկացված միջտարածաշրջանային կոնֆերանսում, որին մասնակցում էին 13 երկրների պատվիրակություններ: ԼՂՀ-ի կարգավիճակի ճանաչման մասին մեր կողմից խոսվել է նաև 1996թ. Փարիզում Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում` 45 սենատորների մասնակցությամբ նիստում, որը ղեկավարում էր այդ ժամանակվա հանձնաժողովի նախագահ` Խավիեր Վելապիենը: Այդ հանդիպումը կազմակերպել էր Ֆրանսիայի Սենատի անդամ կոմունիստ Բոդուան:
Բոլորովին վերջերս, 2017թ. հոկտեմբերի 25-ին Ռուսաստանի կոմունիստներ կոմունիստական կուսակցության կողմից Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ Հեղափոխության 100-ամյակի կապակցությամբ հրավիրած կոնֆերանսում խոսք ենք ասել 1921թ. ռուս-թուրքական պայմանագրի, ինչպես նաև ԽՍՀՄ-ի կազմավորման ժամանակ, տարբեր արհեստածին կազմավորումների ստեղծման և դրանց այլ հանրապետությունների վարչական ենթակայության տակ դնելու մասին: Այդ իրողությունը մենք ներկայացրել ենք որպես ԽՍՀՄ-ի փլուզմանն աջակցող կատալիզատոր:
Հարգելի ընկերներ, մենք իրավամբ համարում ենք, որ Խորհրդային Հայաստանի 70 տարին մեր ժողովրդի 5 հազարամյա պատմության ոսկե դարն է եղել, այդ մասին են վկայել ամերիկյան նկարիչ Ռոքուել Քենթը:
-Եթե ուզում ես հրաշքների հանդիպել, այցելիր Հայաստան:
- Երևանի Լենինի հրապարակը կարելի է դասել աշխարհի 7 հրաշալիքների շարքը:
Ռոմեն Ռոլանը ասել է, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Անգլիացի հայագետներ` Քրիստոֆեր Ուոքերն ու Մարշալ Լանգը 1967թ. իրենց հրատարակած “Հայերը” գրքույկում գրել են, որ “60-ական թվականներին յուրաքանչյուր հայ ընտանիքին բաժին է ընկնում $500 համարժեք եկամուտ, այն դեպքում, երբ Իսպանիայում այդ ցուցանիշը 276 դոլար էր, Հունաստանում 292 դոլար, Թուրքիայում 149 դոլար:
Հայ ժողովուրդը Խորհրդային մյուս ժողովուրդների հետ ոտքի կանգնեց պայքարելու ֆաշիստական գերմանիայի դեմ: 600 հազար հայեր մարտնչեցին դաշնակիցների բանակներում, որից 500 հազար ԽՍՀՄ-ում ապրող հայեր էին: Բանակ են զորակոչվել նաև 10.000 հայ կանայք: 104 հայաստանցի հայեր և 14 Հայաստանում ապրող այլ ազգերի ներկայացուցիչներ արժանացել են ԽՍՀՄ հերոսի կոչման, 27 զինվորներ` փառքի երեք աստիճանի ասպետներ, 70 հազար հայեր պարգևատրվել են մեդալներով և շքանշաններով: Մեր ժողովրդի ռազմական արվեստի փառքն է դարձել Հայրենական մեծ պատերազմում 90-ից ավելի գեներալներ, որոնցից 5-ը մարշալներ: Մենք հպարտությամբ ենք արտաբերում նրանց անունները: Հիշենք և արժանին մատուցենք նրանց պայծառ հիշատակին: Նրանք են Հովհաննես Բաղրամյանը` ԽՍՀՄ մարշալ, Հովհաննես Իսակովը` ԽՍՀՄ նավատորմի ծովակալ, Համազասպ Բաբաջանյանը, Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ` Իվան Խուդյակովը /Հովհաննես Խամփերյանցը/- Ավիացիայի մարշալ, ինչպես նաև Սերգեյ Օգանովը /Սարգիս Քրիստափորի Օհանյան /` Ինժիներական զորքերի մարշալ: Մեր ժողովրդի պատմության համար ճակատագրական կարող էր լինել Ստալինգրադի ճակատամարտը /1943թ. փետրվար/: Այդ ճակատամարտին ուշադիր հետևում էր ֆաշիստական Գերմանիայի դաշնակից Թուրքիան, որը Հայաստանի սահմանի երկայնքով կենտրոնացրել է 26 դիվիզիա` 700 հազարից ավելի զորքով և սպասում էր ներխուժման, եթե Ստալինգրադը ընկներ: Բարեբախտաբար դա տեղի չունեցավ: Այդ ճակատամարտում մասնակցում էին նաև 30 հազար հայ զինվորներ, որոնցից 10-հազարը զոհվեցին և իրենց կյանքի գնով կասեցրեցին Թուրքիային հերթական հանցավոր արկածախնդրությունից: Սփյուռքահայերը մեծ օգնություն են ցուցաբերել Հայրենական պատերազմին, գումարներ են հայթայթել “Գեներալ Բաղրամյան” և “Սասունցի Դավիթ” տանկային շարասյուների պատրաստման համար և նվիրել Խորհրդային բանակին: Ճակատագրի ինչպիսի հեգնանք: Այսպես կոչված Գերմանիայի “դաշնակից” Թուրքիան սեփական կաշին փրկելու համար պատերազմի վերջում ինքը պատերազմ հայտարարեց Գերմանիային և Պոտսդամի կոնֆերանսում ապավինեց ԱՄՆ-ի և Անգլիայի աջակցությանը` հայկական հողերը ետ չվերադարձնելու գործում, հարց է առաջանում… մինչև երբ կհաջողվի Թուրքիային ժամանակավոր դաշնակիցներին ապավինելով լուծելու իր արհեստածին տարածքային ամբողջականության պահպանումն ու պանթուրքիստական նկրտումները: Լլոյդ Ջորջի խոսքերը` “ճակատագրի մեծ ժամացույցի վրա …”:
Հարգելի ընկերներ, Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ Հեղափոխությունը, իրոք որ, ուներ համաշխարհային պատմական նշանակություն: Այն վերափոխեց աշխարհը: Ազգերի ինքնորոշման իրավունքը որդեգրած Սովետական Ռուսաստանը ինքնորոշման իրավունք տվեց Ֆինլանդիային, Լեհաստանին, Մերձբալթյան հանրապետություններին, ինչպես նաև Լենինի կողմից ստորագրվեց դեկրետ` Թուրքահայաստանի մասին (30.12.1917թ.), որը հրապարակվեց 1917թ. դեկտեմբերի 31-ին “Правда” և “Известия” թերթերում: Այս սկզբունքը հետագայում դարձավ ճակատագրական, ազգային ազատագրական պայքարի արդյունքում անկախության ձգտող տասնյակ ժողովուրդների համար: Սա Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ Հեղափոխության գլխավոր դասերից մեկն էր: Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Ասիաում, 100-ից ավելի երկրներ անկախություն ստացան` ազգային ազատագրական պայքարի` ազգերի ինքնորոշման սկզբունքի արդյունքում: Մեր կարծիքով ԼՂՀ խնդիրը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: ԵՎ մենք մեր բոլոր հնարավոր միջոցներով, միջազգային կապերով նպաստելու ենք այդ խնդրի լուծմանը:
Սոցիալիզմի ընթացքը Ռուսաստանում փորձեցին կասեցնել քաղաքացիական պատերազմով, որը տևեց 7 տարի` մինչև 1924թ., դրանից 17 տարի անց ֆաշիստական Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա, այս փորձությունն էլ Խորհրդային Ժողովուրդները ծանր կորուստների գնով կարողացան հաղթահարել: Զարգացման նոր ուղի բռնած Ռուսաստանում ապրող ժողովուրդների 80% գյուղացիներ էին: Նրանց ճնշող մասը անգրագետ էր, արդյունաբերական բանվորությունը բնակչության մեջ կազմում էր 5%, մտավորականության որոշակի մասը արտագաղթել էր երկրից: Այս պայմաններում 1970-ական թվականներին, հեղափոխությունից 50 -60 տարի անց, ԽՍՀՄ-ը դարձել էր զարգացման բարձր աստիճան ունեցող երկիր: Նա իր արտադրական ծավալներով, ռազմական, գիտական, կրթական ներուժով գերազանցում էր բոլոր պետություններին, զիջելով միայն ԱՄՆ-ին: ԽՍՀՄ-ը համագործակցում էր աշխարհի ժողովուրդների 1/3 հետ, որոնք նույնպես սոցիալիզմ էին կառուցում:
Մենք իրավամբ հպարտանում էինք, որ առաջինը խորհրդային մարդն էր` Յուրի Գագարինը, որ թռիչք գործեց դեպի տիեզերք: Երկիր, որի ժողովրդի ճնշող մեծամասնությունը դեռ 50 տարի առաջ բացարձակ անգրագետ էր, առաջինը բացեց տիեզերքի դռները մարդկության առջև և զբաղեցնում էր աշխարհում առաջնային տեղերից մեկը իր գիտակրթական մակարդակով: ԽՍՀՄ-ը ուներ ամենազարգացած, ֆունդամենտալ գիտությունը, կրթությունն ու մշակույթը: Թվում էր, թե պարադոքս է, մի կողմից ԽՍՀՄ-ը առաջինը նվաճում էր տիեզերը, պատրաստում էր հրթիռներ, գերձայնային ինքնաթիռներ, սուզանավեր, ատոմային սառցահատեր և յուրահատուկ գերսարքավորումներ, մյուս կողմից ժողովուրդը նախապատվություն էր տալիս Ճապոնական կենցաղային տեխնիկային, գերմանական ավտոմեքենաներին և ամերիկյան ջինսերին: Գիտակցելով այս իրողությունը, ԽՍՀՄ կառավարությունը գերզարգացած ռազմական արդյունաբերությանը հանձնարարել էր զբաղվել նաև կոնվերսիոն գործառույթով` լայն սպառման ապրանքների արտադրությամբ, որպես հարակից արտադրություն: Այո, ամեն ոլորտում չէր, որ ԽՍՀՄ կարողանում էր առաջնային տեղեր զբաղեցնել և քանի որ կար մշտական վտանգ Արևմտյան տերությունների կողմից իր վրա հարձակվելու, ուստի մեծ ուշադրություն էր դարձնում ռազմաարդյունաբերական համալիրին:
Այստեղ տեղին է ասել, որ պետք է որգրվեր հետևյալ կարգախոսը` “Առաջ անցնել ետ չմնալով” : Սոցիալիզմի զարգացմանը խոչընդոտող խնդիրներից էր նաև շուկայական տնտեսության և պլանայնության չհամադրման հարցերը: ԽՍՀՄ-ը ցույց տվեց, թե ինչպիսի առավելություն ունի պլանավորումը և հենց այս մեխանիզմն էր, որ հնարավորություն ստեղծեց կարճ ժամկետում զարգացնելու և հսկայական թռիչք գործելու հիմնարար գիտության, ռազմաարդյունաբերական համալիրում և այլ բնագավառներում: ԽՍՀՄ-ի սկզբնավորման շրջանում որոշակի դրական դեր էր խաղում ՆԵՊ-ի քաղաքականությունը, որը մինչև 30-ական թվականնները ապահովեց տնտեսության զարգացման կենսական խնդիրները այդ ժամանակահատվածում: Հետագայում, 30-ական թվականներից հետո դուրս մղվեցին տնտեսության զարգացման շուկայական էլեմենտները, որը կարծում ենք ոչ այդքան արդյունավետ եղան: Տնտեսության գերկենտրոնացումը, եթե արդյունավետ էր խոշոր արտադրական համալիրների համար, ապա ոչ այդքան արդյունավետ էր կենցաղ սպասարկման և առևտրի ոլորտներում, որտեղ կարիք կար մասնավոր շուկայական գործառույթների ներդրման : Այդ հարցում ուսանելի է չինական փորձը` Դեն Սյաոպինի կիրառած տնտեսական բարեփոխումները, որով Չինաստանը դարձավ աշխարհի երկրորդ տնտեսությունը և վերջին 5 տարում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն ավելացավ գրեթե 3 անգամ: Հիշենք Դեն Սյաոպինի հայտնի խոսքերը “կարևոր չէ, թե ինչ գույն ունի կատվի աչքերը, կարևոր է, որ նա մուկ բռնի”: Մեր կարծիքով, պետք է որդեգրել շուկան այնքան, որքան հնարավոր է, պլանայնությունն այնքան, որքան անհրաժեշտ է, սկզբունքը: Այսօրվա շուկայական հարաբերությունները կարիք ունեն աստիճանական վերանայման, ուղղորդման, շուկան պետք է մղել գիտակցված կարգավորման, որը կբերի զարգացում, դեպի սոցիալիզմ:
Հաջորդ խմբին վերաբերվող խնդիրները առնչվում են սեփականության հետ կապված հարցերին: Սոցիալիզմի պայմաններում սեփականությունը, դա պետական, կոլեկտիվ, կոոպերատիվ և անձնական սեփականություն էր: Հողը պատկանում էր պետությանը և կոլեկտիվ գյուղացիական տնտեսություններին: Արտադրության միջոցները պետական սեփականությունն էր: Գյուղացիներին հողը տրվում էր անհատույց և անժամկետ օգտատործման, առանց օտարման իրավունքի: Նոր պայմաններում, երբ կարող էին ներմուծվել շուկայական որոշակի էլեմենտներ, պետք է նախատեսվեր մասնավոր սեփականության որոշ տարրեր:
Հաջորդ ոլորտը սոցիալական ոլորտն էր, անվճար կրթության և բուժում, երաշխավորված աշխատանքի իրավունք, հանգստի, բնակարան ստանալու իրավունք, մոր և մանկանը տրվող սոցիալական երաշխիքներ և այլն:
Ոչ սոցիալիստական համակարգում` դիցուկ մեզ մոտ, սահմանադրորեն չի երաշխավորված մարդուն աշխատանք տալու իրավունքը, այլ ընդամենը գրառված է, որ մարդն ունի աշխատանքի ընտրության ազատություն, առողջապահությունը լավագույն դեպքում իրականացվում է համաֆինանսավորմամբ, իսկ երկարատև բուժում ունեցող հիվանդությունների պետական ֆինանսավորումը իրականացվում է մասնակի` առաջին փուլում, էլ չենք խոսում բնակարան ստանալու հնարավորության բացակայության մասին:
Սոցիալիզմի նվաճումներից էր հասարակական մեծ հղացումների նկատմամբ կողմնորոշված մարդու կերպարի ձևավորումը: ԽՍՀՄ-ում մեծ էր մարդկանց խանդավառությունը, էնտուզիազմը, մարդկանց ստեղծագործական մղումները, հասարակական ակտիվությունը: Բայց դրա կողքին կար նաև բյուրոկրատական ապարատը, որը հետզհետե հեռանում էր մասսաներից, վերարտադրվում էր և մնում էր անհասանելի շատերի համար: Անվանակարգում /նոմենկլատուրա/ հայտնված մարդիկ շատ արագ վեր էին բարձրանում, թեև անցնելով աշխատանքային տարբեր աստիճաններ` արտադրական- կոմերիտական, կուսակցական, տնտեսական: Այս երևույթը նույնպես ուներ իր բացասական կողմերը:
Քաղաքական ոլորտ.
ԽՍՀՄ-ը առաջինն էր, որ սկիզբ դրեց աշխատավորների տեղական խորհուրդների ինստիտուտի ձևավորմանը` որպես քաղաքական իշխանության հիմք, ժողովրդավարության նոր ձև: Դրանք ձևավորվում էին ներքևից, սկզբնական շրջանում կազմված բանվորներից, գյուղացիներից, զինվորներից, սակայն հետագայում այդ խորհուրդները կուսակցական վերահսկողության տակ անցան: Այստեղ էր, որ պետք է մտցվեր բազմակուսակցական համակարգ, ինչպես դա արվեց Չինաստանում: Այսօր Չինաստանում գործում են 8 կուսակցություններ և 9 հասարակական կազմակերպություններ, որոնք միավորված են ժողովրդական, քաղաքական , խորհրդատվական կոմիտեի մեջ: Այսպիսով սոցիալիզմը կարող է զարգանալ միայն ժողովրդավարության զարգացման ճանապարհով: Այստեղ օրինակ չի կարող ծառայել ոչ ԱՄՆ-ի ոչ էլ ներկայիս Ռուսաստանի փորձը:
Արտաքին քաղաքական խնդիրներ .
ԽՍՀՄ-ը մեծ հեղինակություն ուներ աշխարհում և դա միայն նրանով չէր պայմանավորված, որ ուներ ատոմային ռումբ և մեծ բանակ, այլ իր գիտական պոտենցիալով, մշակույթով, կրթությամբ և սոցիալիզմի գաղափարներով: ԽՍՀՄ ղեկավարները սոցիալիզմի համակարգի ղեկավարներին դիտում էին որպես կրտսեր գործընկերների և դա առաջացնում էր որոշակի դժգոհություն, որոնք երբեմն իրենց զգացնել էին տալիս, օրինակ` Հունգարիայում` 1956թ., Չեխոսլովակիայում` 1968թ., Լեհաստանում` 1980թ. և այլն: Բացի դա, ԽՍՀՄ-ը “երկաթյա վարագույրով” սահմանազատված էր Արևմուտքից, անհրաժեշտ էր ետ քաշել վարագույրը, մտցնել բազմակուսակցական համակարգ և թույլատրել ազատ տնտեսական գործունեություն իրականացնելու: Սոցիալիզմի երկրները պետք է բաց լինեն երկխոսության համար:
Գաղափարախոսություն
Սոցիալիզմի գաղափարները հոգեհարազատ են աշխատավոր մարդուն, հասարակ մարդը ձգտում է ապրել մի հասարակարգում, որտեղ ինքը պաշտպանված է Սահմանադրությամբ և օրենքներով, որտեղ ամրագրված են իր աշխատանք ունենալու իրավունքը, կրթվելու իրավունքը, բուժվելու իրավունքը, բնակարան ստանալու իրավունքը և այլ սոցիալական երաշխիքներ: Կրթությունը ԽՍՀՄ-ում ոչ միայն անվճար էր, այլև հասանելի էր յուրաքանչյուր մարդու ունակություններին համարժեք: Դաստիարակության համար կարևոր էին պիոներական տները, ճամբարները, որտեղ մարդիկ կարող էին անվճար սովորել տարբեր խմբակներում` գրականությունից մինչև տեխնիկական հմտություններ:
Խորհրդային Հայաստանը Սոցիալիզմի ժամանակահատվածում չնայած իր ունեցած հսկայական կորուստներին` 19-20-րդ դարերում, կարողացավ ոտքի կանգնել, վեր հառնել մոխիրներից և իրականացնել կտրուկ թռիչք համաշխարհային չափանիշներին համարժեք գիտության, տեխնիկայի, մշակույթի, արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության ենթակառուցվածքների և հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Կառուցվեցին հարյուրավոր գործարաններ, ֆաբրիկաներ, գիտահետազոտական ինստիտուտներ: Համաշխարհաին հռչակ ձեռք բերեցին հայ գիտնականների փաղանգը` Օրբելի և Ալիխանյան եղբայրները, Իոսիֆյանը, Համբարձումյանը, Բուռնազյանը, Միքայելյանը, Միկոյանը, Քոչարյանցը, Սիսակյանը, Գուրզադյանը, Հերունին, Մերգելյանը, Ենիկոլոպովը և շատ ու շատ ուրիշներ:
Կարծում ենք, որ համամիտ կլինեք, որ հայ ժողովրդի հինգ հազար տարուց ավելի պատմության մեջ սոցիալիստական ժամանակահատվածը, իր 70 տարիներով, իրավամբ մեր ոսկե դարն է եղել, և նրա արժեքները ներկայացնելն ու դրվատելը մեզանից յուրանքաչյուրի գործն է: Բայց ոչ միայն այն դրվատելու, այլ նաև այդ արժեքները ամրագրող նոր հասարակարգ ստեղծելու պայքարում մեր ջանքերի համախմբումն ու համադրումը: Տեղին է այստեղ հիշել Անդրե Մորուայի խոսքերը` “Քանի դեռ Հռոմը հերոսների քաղաք էր, ծաղկում էր, հենց որ դադարեց մեծարել իրեն ծնած արժեքները` կործանվեց”:
Փառք Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ Հեղափոխությունը, Կեցցե հայ ժողովուրդը, որ 70 տարի Սոցիալիզմի դրոշի ներքո ստեղծել է ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական հասարակարգ և նախադրյալներ է ստեղծել այսօրվա անկախ Հայաստանի համար: Մեր խնդիրն է հավատարիմ մնալով սոցիալիզմի արժեքներին, պայքարել հասարակության մեջ դրանք արմատավորելու և նոր սոցիալիստական հասարակարգ ստեղծելու համար:
Հարգելի ընկերներ, կրկին շնորհավորում եմ մեզ բոլորիս, Հոկտեմբերյան Սոցիալիստական Մեծ Հեղափոխության 100-րդ տարեդարձի առթիվ, և հավերժ փառք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի գնով, անձնուրաց ու ստեղծագործ աշխատանքով կերտեցին Սովետական Սոցիալիստական Հայաստանը:
Շնորհակալություն ուշադրության համար: