300 հազար մարդու պանդուխտ եք դարձրել, 800 հեկտար հող կորցրել, պարտքը 5 միլիարդի հասցրել

26 Մայիսի 2016

Այն օրվանից, երբ Սերժ Սարգսյանը հասավ Բաղրամյան 26, Հայաստանից հեռացել է 296 հազար 988 մարդ:

Այսինքն, 2008-ից ի վեր Հայաստանից հեռացել է յուրաքանչյուր իններորդ բնակիչը:

Դա նշանակում է, որ Հայաստանից հեռացել է երեք Գյումրիի բնակչություն:

Կամ՝ կրկնակի Լեռնային Ղարաբաղ գումարած 20 հազարանոց մի քաղաք:

Ահա թվերը պաշտոնական, որոնք ցույց են տալիս Հայաստանից մեկնողների և Հայաստան ժամանողների տարբերությունը.

 

 

 

2008    թվական                                                 մինուս    23.059                                       

2009    թվական                                                 մինուս    24.978                                      

2010    թվական                                                 մինուս    46.486                                       

2011    թվական                                                 մինուս    43.820                                       

2012    թվական                                                 մինուս   42.784                                       

2013    թվական                                                 մինուս   31. 188                                       

2014    թվական                                                 մինուս   41.235                                       

2015    թվական                                                 մինուս   43.438

Սերժ Սարգսյանի նախագահության 8 տարիներին պանդուխտ է դարձել 296.988  հայաստանցի:

Սարսափելին այն չէ, որ Սերժ Սարգսյանի նախագահության մնացած երկու տարիներին Հայաստանից կհեռանա ևս 70-80 հազար մարդ:

Սարսափելին այն է, որ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն չեն ուզում հեռանալ ընդհանրապես:

Հանուն հավերժության՝ Սահմանադրություն գրեցիք՝ անունը դնելով բարեփոխում։

Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում՝1994-ից ի վեր առաջին անգամ, Արցախը, այսինքն՝ Հայաստանը, 800 հեկտար հող կորցրեց։

Հանրապետական Ձեր ընկերներն ասացին՝ անմշակ, ամայի հող է։

Հարյուր հայ էր ընկել այդ հողի վրա։

Պետական պարտքը հասցրեցիք հինգ միլիարդի։

2008 թվականի հոկտեմբերի 2-ին խորհրդարանի ամբիոնից դիմում էիք հայությանը, անունը դնում «Հայկական հրաշքի բանաձեւ»:

Ձեր ելույթի մի հատվածը կրում էր “Մեր ու մեր տնտեսության մասին” ենթախորագիրը: Ահա այն ամբողջությամբ.

«Ես կրկին ուզում եմ բարձրաձայնել, որ Հայաստանի համար եկել է մեծ ու համարձակ տնտեսական նախագծերի ժամանակը, այսպես ասած՝ գերծրագրերի ժամանակը։ Այդօրինակ ծրագրերը ոչ միայն կարեւորագույն ռազմավարական խնդիրներ են լուծում, այլեւ լայնամասշտաբ ազդեցություն են ունենում տնտեսության եւ հասարակության վրա. դրանք հազարավոր նոր աշխատատեղեր են ստեղծում, դառնում են տարբեր ձեռնարկությունների ստեղծման պատճառ, նոր շուկաներ են բացում եւ ամբողջական ոլորտների, այդ թվում՝ գիտության զարգացման խթան դառնում։ Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը լավագույն վկայությունն է այն բանի, որ այսօր, նույնիսկ ամենահամարձակ նպատակադրումները մեր երկրում կարող են իրականություն դառնալ հետեւողականության, սեփական ուժերի հանդեպ վստահության ու աշխատանքի շնորհիվ։

Եվ ես այսօր չեմ խոսելու ընդհանուր տնտեսական քաղաքականության եւ մեր որդեգրած մոտեցումների մասին։ Առանձնացնեմ միայն երեք նախաձեռնություն, երեք ծրագիր, որոնք առաջիկա տարիների ընթացքում լինելու են մեր աշխատանքի եւ մեր ուշադրության ուղղակի կենտրոնում։

Եվ այսպես. ես ուզում եմ, որ Հայաստանում գործարար հետաքրքրություններ ունեցող ու ապագայի ծրագրեր մշակող արտերկյա եւ հայրենի բոլոր գործարարները, մեր քաղաքացիներն ու աշխարհասփյուռ մեր հայրենակիցները մեկ անգամ եւս տեղեկացված լինեն, որ.

ա) առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանն սկսում է նոր ատոմակայան կառուցել,

բ) առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել, եւ

գ) առաջիկա ամիսների ընթացքում համահայկական բանկ ու ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որոնք մեծամասշտաբ ծրագրեր են ֆինանսավորելու։

Հարցնում եք՝ կկարողանա՞նք, պատասխանում եմ, որ կկարողանանք։ Հեշտությամբ կկարողանանք, եթե միասին գործենք»։

 

Թաթուլ Հակոբյան

Աղբյուրը՝ www.aniarc.am

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ