Զինծառայողների դիակները խոշտանգել են․սկսելու են իրավական գործընթաց

13 Ապրիլի 2016

Ադբերջանցիների կողմից ԼՂՀ ՊԲ-ին վերադարձված 18 զինծառայողների դիերի վրա թեպետ կան խոշտանգման հետքեր, սակայն խնդրի վերաբերյալ վերջնական եզրակացություն կարելի է անել միայն փորձաքննության ավարտից հետո: Հայկական կողմը չի պատրաստվում եզրափակվել միայն փորձաքննությամբ, այլև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած լայնամասշտաբ մարտական գործողության ժամանակ թույլ տված բոլոր վայրագությունների ու հանցագործությունների մասով սկսելու է համապատասխան իրավական գործընթաց՝ դիմելով նաև համապատասխան միջազգային կառույցներին՝ սկսած ՄԱԿ-ից մինչև ՄԻԵԴ: Այս մասին «Մեդիա կենտրոնում» ապրիլի 13-ին կայացած «18 հայ զինծառայողների մարմինները վերադարձվել են խոշտանգված. հանրային և պետական արձագանք» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարարի ավագ օգնական Ալիկ Ավետիսյանը:

Նրա խոսքով, անգամ նախնական տվյալներով կարելի է ասել, որ ակնառու է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումներ, քանի որ դիակների վրա կան խոշտանգման հետքեր, անարգանքի փաստեր: «Այժմ տեղի է ունենում փորձաքննություն, հավաքվում են փաստեր և այս ամենը փաստաթղթավորվում է: Հիմա նաև կարևոր է պարզել, թե ինչ իրավական մեխանիզմներ կարելի է կիրառել ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային մակարդակում: ՀՀ  Քրեական օրենսգիրքը նախատեսում է նաև համապատասխան արարքների դեպքում քրեական գործերի հարուցում: Սակայն միջազգային մարդասիրական նորմերն այս առումով, ի տարբերություն ազգային օրենսդրության, ավելի ընդհանրացված են անդրադարձ կատարում կոնկրետ դիակների նկատմամբ անարգանքի հարցին»,- ասաց նա՝ չբացառելով, որ կարող է բացահայտվեն դեպքեր, երբ զինծառայողը դեռևս մահացած չի եղել, և նրա մահը վրա է հասել խոշտանգումների հետևանքով:

«Իհարկե, այս և նման այլ հարցեր կբացահայտվեն քննության արդյունքում, սակայն սա կարևոր ուղղություն է, որին պետք է ուշադրություն դարձնել»,- արձանագրեց Ավետիսյանը:

Քննարկմանը մասնակից «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը միջազգային իրավական և քաղաքական կառույցներում խոշտանգման և սպանված զինծառայողների մարմինների նկատմամբ անարգանքի վերաբերյալ փաստերի բարձրացման հարցում կարևորեց պետական և հասարակական սեկտորների համակարգված աշխատանքը: «Մեզ անհրաժեշտ է համակարգված, հստակ ու խորքային աշխատանք միջազգային կառույցների հետ գործակցության հարցում: Օրինակ, ՄԱԿ-ն ունի բազմաթիվ մեխանիզմներ՝ հանձնաժողովներ, կոմիտեներ, որոնք ունեն միջամտելու ամենատարբեր ձևեր: Կան նաև ավելի պարզ տարբերակներ, որոնցից է հատուկ զեկույցների կազմումը, որտեղ անդրադարձ կկատարվի այդ հանցագործություններին, կարձանագրվեն փաստեր: Հնարավոր է նաև պարտադրեն Բաքվին կատարել այս կամ այն գործողությունները, այդ թվում կանխարգելիչ», - պարզաբանեց նա:

Ըստ նրա, այս մեխանիզմը հնարավորություն է տալիս ինչ-որ չափով պատասխանատվության կանչել նաև Բաքվին՝ հաշվի չառնելով Ադրբեջանը միացե՞լ է Ժնևի համապատասխան կոնվենցիաներին (1977 թ․Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիաների 1-ին արձանագրությանը), թե` ոչ: «Տեղի է ունեցել հանցագործություն, իսկ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային սկզբունքներից մեկն այն է, որ պետք է անպայման վրա հասնի պատասխանատվությունը»,- նշեց բանախոսը՝ հավելելով, որ Բաքուն ցուցադրաբար իրեն հակադրում է միջազգային իրավունքին, ոտնահարում այն, ինչը տեղի չի ունեցել դեռևս 1948 թվականից:

Մյուս հարթակը, որտեղ անհրաժեշտ է բարձրացնել զինծառայողների դիակների խոշտանգման և անարգանքի հարցը՝ միջազգային խորհրդարանական հարթակներն են: Քննարկմանը միացավ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը՝ նշելով, որ միջազգային քաղաքական հարթակներում այդ հարցերն արծարծելիս պետք է զգույշ լինել, քանի որ կա խնդրի ուղղակի քաղաքականացման վտանգ: «Բացի այդ, անհրաժեշտ է լուրջ դիվանագիտական և համակարգման աշխատանքներ տանել, որպեսզի պատրաստ լինենք տարբեր ուղղություններով համակարգված աշխատանքի և ադրբեջանական կողմի հակաքայլերին» - հավելեց պատգամավորը: Վարդանյանի կարծիքով այս պահին անհրաժեշտ է ջանքեր չխնայել և բացահայտել, արդյոք խոշտանգումները եղել են նաև գերի ընկած զինծառայողների նկատմամբ, ինչը հանգեցրել է նրանց մահվան: «Եթե գերի ընկած հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգումների փաստերը հաստատվեն, ապա կատարվածին այլ իրավական գնահատական պետք է տրվի: Այժմ պետք է կենտրոնանալ այս խնդրի վրա և բացահայտել դրանք: Եթե հաստատվի այս փաստը, ապա պետք է դիմել այլ միջազգային նորմերի կիրառմանը», - ասաց նա։

Պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով, այժմ պետք է հանգամանորեն ուսումնասիրել խնդիրը և փաստեր հավաքել, որից հետո հայկական կողմը պետք է դիմի ՄԱԿ և ՄԻԵԴ: «ՄԱԿ կարող է դիմել միայն պետությունը, իսկ ՄԻԵԴ կարող են դիմել անհատ քաղաքացիները, որոնց հայցադիմումները կազմելու հարցում կարող են օգնել իրավաբանները»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ Հայաստանը կարող է դիմել նաև Հաագայի միջազգային դատարան, չնայած Երևանն ու Բաքուն չեն վավերացրել Հռոմի ստատուսը: Այս դեպքում աշխատելու է միջնորդավորված դիմումի տարբերակը: «Հայաստանը կարող է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ խնդրանքով, որպեսզի այդ կառույցը դիմի Հաագայի դատարան», - ասաց նա, սակայն քիչ հավանական համարելով այս սցենարի հեռանակարային լինելը: «Չեմ կարծում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կդիմի Հաագայի միջազգային դատարան՝ պատճառաբանելով, որ հանցագործությունների մասշտաբները այդքան մեծ չեն», - եզրափակեց նա:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ