«Արծիվ Մահապարտներ»-ը զինվելու կոչ են արել հայությանը

13 Ապրիլի 2016

 «Արծիվ Մահապարտներ»-ը ժամանակակից սպառազինությամբ զինվելու կոչ են արել աշխարհասփյուռ հայությանը: Կոչի մեջ նշվում է.

«Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական հրոսակախմբերի կողմից ձեռնարկած սանձարձակ եւ վայրիվերո գործողություններին անհաղորդ չմնալով՝ մենք՝ Արծիվ մահապարտներս, սպա, թե զինվոր Արցախում ենք, ամենաթեժ կետերում:

25 տարի անց մենք փաստում ենք, որ ոչինչ չի փոխվել թշնամու հոգեբանության ու գործելակերպի մեջ: Մարդկային ամենաբարձր քաղաքակրթության ճանապարհ բռնած՝ նրա փարոսն ու փրկիչ հանդիսացող հայ ազգը նորից բախվում է ահաբեկիչների հետ, որտեղ գլուխ կտրելը, եւ այն գյուղերով մեկ ցուցադրելը, ադրբեջանական «կրեդոյի» մեջ է գրված, ինչպես ԴԱԻՇ-ի  զինյալների, որոնց մի մասը հայտնվել է ԼՂՀ-ի առաջնագծում: Ու, քանի որ աշխարհը կարծես չի տեսնում եղեռնագործ ենիչերիների նոր սերնդի հանցագործ մասսայական վայրագությունները՝ լինի դա ԴԱԻՇ-ի, թե՛ «ազերԴԱԻՇ»-ի  զինյալների կազմում, քաղաքակիրթ մարդկության դեմ նրանց գործողությունները՝ ԼՂՀ-ում, թե՛ ամբողջ աշխարհում, եւս մեկ անգամ համոզվում ենք, որ պարտավոր ենք ազգովին համախմբվել եւ յուրաքանչյուրիս մտավոր, ֆիզիկական, հոգեւոր կարողությունները ծառայեցնել Հայ ազգի եւ քաղաքակիրթ մարդկության ներկայի եւ ապագայի համար:

Ուստի ողջունում ենք հասարակական, քաղաքական ուժերի կորովի համախմբումը, որը այլեւս պետք է  շարունակական լինի, և որը կբերի մեր՝ թե՛ մտավոր, թե՛ գործնական, թե՛ ֆիզիկական եւ թե՛ բարոյական կարողությունների ու ողջ ներուժի ճշգրիտ եւ ճշմարտացի օգտագործմանը՝ պատմական եւ աշխարհաքաղաքական զարգացումների այս կարեւորագույն ժամանակաընթացքում ռազմաքաղաքական, դիվանագիտական հատուկ «ճակատում» հաղթանակների հասնելու համար:

Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայությանը կոչ ենք անում վերջին օրերի հասարակական-քաղաքական ակտիվությունն ու զգոնությունն էլ ավելի բազմապատկել, նպաստել արդիական տեխնոլոգիաների արդյունավետ ներթափանցմանը եւ ազգապահպան ներդրումներին Հայաստանում՝ հատկապես պաշտպանունակաթյան ապահովման եւ անվտանգության ամրապնդման բնագավառներում:

  1. Ռազմա-տիեզերական գերճշգրիտ սարքավորումներով եւ ՀՕՊ միջոցներով  վերազինմանը, գրոհող ավիացիայի (թռչող օդաչուավոր եւ անօդաչու  գրոհային, հարվածային օդանավեր եւ  կործանիչ ուղղաթիռներ՝ տեսանելի, թե անտեսանելի) ձեռքբերմանը եւ հետագայում սեփական արտադրության կազմակերպմանը Հայաստանում:
  2. Պաշտպանված կապի, տեղեկատվական եւ տեխնիկական միջոցներով վերազինմանը և հագեցմանը:
  3. Հրթիռահրետանային համալիրների ձեռքբերմանը և նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ դրանց  ղեկավարումը հեռակառավարմամբ դարձնելու նախագծմանը, (արտասահմանյան, թե տեղական), փորձարարական նորագույն կենտրոնների, և լաբորատորիաների հիմնմանը և գործարկմանը:
  4. Առաջնագծի անձնակազմի անվտանգության ապահովման համար, ինչպես  անհատական զրահաբաճկոնների, այնպես էլ  թափանցիկ զրահադիմակներով սաղավարտների ձեռքբերմանը, սեփական արտադրության հիմնմանը:
  5. Եվս երկու հատուկ նշանակության դեսանտագրոհային  բրիգադների ստեղծմանը, և համալրմանը՝ հատուկ պատրաստություն անցած արհեստավարժ անձնակազմով և մասնագիտական ուսումնական կենտրոններով:

Հայ ինժեներներին, գիտնականներին, IT եւ TT ոլորտի երիտասարդ մասնագետներին կոչ ենք անում համախմբվելու և միասին փոշուց բարձրացնելու հայրենական, և ժամանակակից ռազմագիտարտադրական ոլորտը:  Արդիականացնել հարձակման, պաշտպանության և հակահարձակման  համար նախատեսված  հիմնական զինատեսակները և միջոցները՝ առավել օպերատիվ-ստրատեգիական գործողություններ իրականացնելու  և դրանք  հավանական հակառակորդի տարածք՝  առանց մարդկային կորուստների  տեղափոխելու համար:

Գիտակցում ենք, որ դրա համար ժամանակ է պետք, բայց մեր բաժին ժամանակն  արդեն  կուրորեն մսխել ենք սրան ու նրան խնդրելով, ուրիշի ուժը փնտրելով,  չվստահելով՝ իրար ենք կորցրել: Մեր մայրերը  մեզ չեն ների,  չի ների պատանի զինվորն ու սպան, սպասող աղջիկն ու զոհված ռազմիկը քաջ: Եվ մեկընդմիշտ հասկանալ է պետք, որ հայհոյելը՝  նույնիսկ թշնամուն՝ աննյութ, անկրակ, առանց հարվածի ու համազարկի, պարապ խոսքեր են, մեջը նյութ չկա…                                                               

…«Վաղը չէ մյուս օրը», եթե միասին կենտրոնացնենք մեր ուժերն ու ազգովին արձագանքենք, պատասխանենք այս կոչին՝ ուրեմն մենք կանք և կգտնեք մեր ընդհանուր հաղթանակի  ամենակարճ ճանապարհը…

Սպասում ենք բոլոր գիտակից մարդկանց ռեալ ու նպատակային,  հրատապ ու անվարան արձագանքներին: Ու եթե հաջողվի այս համազգային համախմբումը, «Ուրեմն դեռ կանք, դեռ կռվելու ենք, ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ