Հաղորդում է «Արցախ TV»-ին․ «ԼՂՀ ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից հակառակորդը բազմաթիվ կորուստներով հետ է մղվել ելման կետ շարքային Գևորգ Տիգրանյանի ուժերով:
«Արցախ TV»-ի թղթակցի հետ զրույցում ՊԲ շարքայինը կատակել է, թե ձեռքբերված փորձի համար պարտական է հակառակորդին: «Արդեն սովորած ենք, բոլորս էլ կնքված ենք ռազմական գործում, կնքված ենք հենց պատերազմական իրավիճակում: Պատրաստ ենք մեր հայրենիքի համար մինչեւ մեր վերջին կաթիլ արյունը տալ: Բոլորս, բոլորս էլ դուխով ենք, համախմբված մի մարդու պես, մի բռունցք մասնակցում ենք գործողություններին»,-ասել է շարքայինը:
ՊԲ գնդապետ Սամվել Գրիգորյանն էլ նշել է, որ վերջին օրերին 18-20 տարեկան հայ զինվորները պատվով են կատարել հայրենիքը անառիկ պահելու իրենց մարտական խնդիրը»:
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երեկ մեր թղթակիցը Արցախից փոխանցում էր, որ Երևանից մեկնած կամավորական ջոկատների անդամները շվարած են։ Սահմանը պահող զինվորները նրանց առաջնագիծ չեն թողնում, հայտարարում են, որ իրենք են պահելու սահմանը։
Տասնութ, տասնինը տարեկան զինվորները պնդում են, որ մնալու են տեղում, ոչ մի քայլ հետ չեն գնալու։ Հիշեցնենք, կամավորականները մինչ ԼՂՀ ուղևորվելը հայտարարում էին, որ գնում են, երիտասարդներին մի փոքր հետ ուղարկեն, իրենք գան առաջին գիծ։
Արդեն տեղեկացրել ենք, որ կամավորականների հոսքը Արցախ ապրիլի 2-ից չի դադարում, առաջնագիծ մեկնելու համար անդամագրվել են ոչ միայն տղամարդիկ այլ նաև կանայք։ Մեծ թվով անդամագրվողներ կան նաև սփյուռքից»։
Գարիկ Պետրոսյանն իր ֆեյսբուքի էջում գրում է․«Մենք բուշլաթներով անսասան կանգնեցինք: Հանկարծ կոստյումներով չդավաճանեք մեզ: Զինվորը չսասանվեց, ժողովուրդը մի մարդու պես կանգնեց զինվորի կողքին, զինվորի թիկունքին:
Այս օրերին մեզ որևէ մեկը չուղղորդեց, որևէ մեկից հրաման չստացանք, որևէ մեկը չորոշեց մեր փոխարեն: Մենք բոլորս ապացուցեցինք, որ մենք ոչ մեկից կախված չենք:
Աստված մի արասցե, որ հիմա դուք դիվանագիտական ասպարեզում ընկրկեք, խուսանավեք, ու ձեր տկարությունը արդարացնեք ինչ-ինչ պատճառներով:
Այս օրերին մենք ապացուցեցինք, թե որն է մեր գլխավոր սրբությունը, և բոլորին ապացուցեցինք, որ որևէ հիասթափություն մեզ չի կարող խանգարել, եթե հարցը վերաբերվում է մեր սուրբ հողին:
Մենք բուշլաթներով անսասան կանգնեցինք: Հանկարծ կոստյումներով չդավաճանեք մեզ:
Դուք պարտավոր եք ամրագրել մեր ձեռք բերածի ապահովությունը:
Հ.Գ. Մեր ամենաթույլ օղակը եղել է դիվանագիտությունը: Ժամանակն է, որ ուղղեք սխալը»:
Զոհրաբ Եգանյանը գրում է ֆեյսբուքի իր էջում․ «Ռուսական մամուլը սկսել է լուսաբանել արցախա-ադրբեջանական բախումների մասին լուրերը՝ օգտագործելով Արցախի պետական դե ֆակտո սահմանները պատկերող քարտեզը: Ստացվում է, որ եթե նախկինում համաշխարհային ԶԼՄ-ներն Արցախի քարտեզը պատկերացնում էին ԼՂԻՄ նախկին տարածքով, ապա այսօր ընդունում են, որ Արցախը դա 12հզ կմ քառ․ տարածքն է:
Ընդհանրապես այս առճակատման ընթացքում բացի հայ զինվորից ստացած անդառնալի հարվածից, Ադրբեջանը կրեց պարտություններ նաև տեղեկատվական պատերազմում, ըստ էության ստիպելով, որպեսզի BBC, CNN և մյուս համաշխարհային ԶԼՄ-ներն արտաբերեն Արցախի Նախագահ, Արցախի Բանակ, Արցախի արտգործնախարար բառերը, ինչպես նաև մեկնաբանություններ վերցնելով Արցախի պաշտոնյաներից: Սա Արցախի միջազգային ճանաչման գործում լրջագույն քայլ առաջ է»:
Հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակից Դմիտրի Պիսարենկոն․ «ԼՂՀ շփման գծի հարավային հատվածում հուզիչ դրվագ եղավ:
ԼՂՀ շփման գծի հարավային դիրքեր երեքշաբթի հասան երկրապահ կամավորականները, և հանդիպեցին կամավոր հայրն ու զինվոր որդին։
«Որդին այստեղ ժամկետային ծառայություն է անցնում, նա տանկիստ է, իսկ հայրը մասնակցել է 1990-ականների պատերազմին։ Շատ սրտաճմլիկ հանդիպում էր։ Նրա որդին դեռ երեկ մարտերի մեջ էր, այսօր հանգստանում էր։ Նրանք չգիտեին` հնարավորություն կունենա՞ն միմյանց տեսնելու»։
Նա հայտնել է, որ երկրապահ կամավորականները պատրաստվում են հերթափոխել դիրքերում գտնվող իրենց մարտական ընկերներին։
Sputnik Արմենիայի թղթակցի հաղորդմամբ` տեղում գտնվող մարդիկ հայտնել են, որ մի քանի ժամ է՝ հակառակորդի կողմից կրակը նվազել է, բայց հակառակորդը մնում է գրաված դիրքերում։ Մարտական գործողությունները ոչ ակտիվ, բայց շարունակվում են»: