Ինչպես հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ադրբեջանական կողմն այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, բացի նախօրեին գործածության մեջ դրված զինատեսակներից, սկսել է կիրառել նաեւ սեփական զինանոցում կուտակված «ТОС 1» տիպի ծանր հրանետային համակարգեր:
Փորձագետների կարծիքով, այս զինատեսակը շատ վտանգավոր եւ ծանր սպառազինություն է ե՛ւ օգտագործողի, ե՛ւ նրա համար, ով հայտնվում է դրա թիրախում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը «ТОС 1»-ը համակարգերը Ռուսաստանից ձեռք է բերել առանց նախապես վճարելու, այսպես ասած, բանավոր համաձայնեցմամբ: Մարտին ռուսական լրատվամիջոցներն անդրադարձան այս խնդրին. ռուսական «Կոմերսանտը» գրել էր, որ մարտի 3-ին Բաքվում կայացել էր Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որի ընթացքում պիտի քննարկվեին 2 երկրների միջեւ ռազմական համագործակցության թեմաները։ Ըստ նույն աղբյուրի, էներգետիկ ռեսուրսների՝ նավթի գների անկման հետեւանքով Ադրբեջանն ի զորու չէ վճարել Ռուսաստանին զենքի մատակարարման, այդ թվում՝ «ТОС 1» համակարգերի դիմաց նախկինում կնքված պայմանագրերով: Ի՞նչ պայմանավորվածություն են ձեռք բերել այս երկու կողմերը, արդյոք վճարե՞լ է Ադրբեջանն իր պարտքը, ռուսական աղբյուրները լռում են: Համենայնդեպս, նավթի միջազգային գները մինչ օրս շարունակվում են ռեկորդային ցածր մնալ:
Հիշեցնենք, որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, կարելի է ասել, ոչ համաչափ մոտեցում է ցուցաբերել Հայաստանի նկատմամբ. ՌԴ-ն Հայաստանին երբեւէ «ապառիկով» զենք չի վաճառել, փոխարենը 200 միլիոն դոլարի վարկ է տրամադրել, որը պետք է ուղղվեր ռուսական արտադրության զինտեխնիկա գնելուն:
Ադրբեջանը Ղարաբաղում հեռահար զենքեր, անօդաչու սարքեր է կիրառում՝ վնասներ հասցնելով մեր կենդանի ուժին ու բնակավայրերին: Ապրիլի 4-ի գիշերն Ադրբեջանը «Սոլնցեպյոկ» հրանետային համակարգեր է կիրառել, իսկ ապրիլի 5-ի գիշերը՝ «Սմերչ» ռեակտիվ համալիրներ:
Այս բոլոր զենքերն Ադրբեջանը գնել է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանից, եւ Հայաստանը ոչ մի անգամ պաշտոնական հայտարարությամբ կամ նոտայով հանդես չի եկել: Ավելին, Ղարաբաղում լարվածության առաջին երկու օրերին որոշ ռուս եւ հայ փորձագետներ փորձել են ցույց տալ, որ Ադրբեջանը գործում է Թուրքիայի ցուցումով: Հիմա այդ փորձագետները չեն կարող պնդել, որ Սոլնցեպյոկներն ու Սմերչերը Թուրքիան է մատակարարել Ադրբեջանին:
Ավելին, իմանալով այն մասին, որ Ադրբեջանը հեռահար զենք է գնում, Հայաստանը փորձել է Ռուսաստանից գոնե համաչափ զենք ստանալ: Ստորագրվել է 200 միլիոն դոլարի հայտնի համաձայնագիրը, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը ժամանակակից սպառազինություն է ստացել, սակայն հայ հանրությունն այդպես էլ չի իմացել, թե Հայաստանն իր անվտանգության երաշխավոր Ռուսաստանի հետ ինչ է արել, որ հայ բնակչությանը պաշտպանի մահաբեր հեռահար զենքից:
Հայաստանը կարո՞ղ է բարձր ճշգրտության ու արդյունավետ սպառազինության գնման այլ շուկաներ գտնել, բացի Ռուսաստանից: Երբ Հայաստանում հասարակության մի մասն անհանգստություն էր հայտնում Հայաստանի անվտանգության մի մասը Ռուսաստանին փոխանցելու վերաբերյալ, հարցն այն չէր, որ Հայաստանն ընկերություն է անում Ռուսաստանի հետ, այլ այն էր, որ Ռուսաստանը Հայաստանին զրկում է այլ շուկաներից զենք գնելու հնարավորությունից:
Աղբյուրը՝ .aravot.am