Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա եւ օդուժ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի եւ մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:
Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վարում են հուսալի պաշտպանական մարտեր: Նշենք, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է: Հակառակորդը խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակոցներ է արձակում, թե՛ գյուղերի եւ թե՛ մարտական դիրքերի ուղղությամբ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ:
ՊԲ 09:20-ի օպերատիվ տվյալների համաձայն, բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ:
«Այս պահի դրությամբ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական բանակը վստահորեն հակահարված է տվել եւ որոշ տեղերում անցել է հակահարձակման: Երկու կողմերից էլ զոհեր կան, սակայն հակառակորդն ունի մեծաքանակ կենդանի ուժի կորուստ, ինչպես նաեւ տեխնիկայի, այդ թվում՝ ուղղաթիռի: Մարտական գործողություններում նախաձեռնությունը մեր ձեռքում է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թեժ մարտերը շարունակվում են:
Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ մեր ստորաբաժանումները, իրականացնելով հստակ պաշտպանական մարտեր, անցել են հակահարձակման հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ: Այն մասին, որ հակառակորդի առաջնահերթ պլանները ձախողվել են, վկայում է այն փաստը, որ ադրբեջանական և ոչ մի կայքում որևէ հաղորդում չկա մարտական այս լայնածավալ գործողությունների մասին: Հակառակորդը երկու ելք ունի. կա՛մ փոխել իրադրությունը, կա՛մ մտածել սեփական հանրությանը մարդկային ու նյութական կորուստների մասին զեկուցելու եղանակների մասին»,-ընդգծել է Հովհաննիսյանը:
Նշենք, որ Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Հակառակորդի զոհերի թիվը դեռ պարզ չէ։