2015 թվականից ԵՏՄ-ին միանալու կապակցությամբ մասնավորապես Միության անդամ երկրներից ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն կիրառվում. «Խոսքը վերաբերում է ոչ միայն ԵՏՄ տարածքում ամբողջությամբ արտադրված ավտոմեքենաներին, այլև ԵՏՄ-ում ձեռքբերված տարբեր երկրների արտադրության և մակնիշների մեքենաներին, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են Միության ապրանքի կարգավիճակ»,- տեղեկացնում է մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանը:
ԵՏՄ անդամ երկրներում հաշվառումից հանած ավտոմեքենաները Լարս անցակետում պարտադիր տրվող տրանզիտ հայտարարագրի հիման վրա ՀՀ տարածք մուտք գործելուց հետո հարկային մարմնում պետք է վճարեն ԱԱՀ-ն, ինչը նշանակում է, որ քաղաքացին ավտոմեքենայի հետ կապված որոշ գործառույթներ իրականացնելու համար պետք է տարբեր գերատեսչություններ այցելեր: Այսօր արդեն ավտոմաքսատան նախաձեռնությամբ ներդրված «մեկ պատուհան» սկզբունքի շնորհիվ ՝ ԵՏՄ-ից ավտոմեքենա ներկրողներն այժմ մեկ վայրում՝ մաքսատան հատուկ մասնագիտացված սպասարկման սրահում են վճարում ԱԱՀ-ը, որտեղ սպասարկում են հենց հարկային ծառայության աշխատակիցները: Սրահը նախատեսված է բացառապես ԵՏՄ-ից ներկրվող ավտոմեքենաների ձևակերպման համար.
Քաղաքացիներին բարձրակարգ և արագ ծառայություն մատուցելու նպատակով, ավտոմաքսատանը միաժամանակ շարունակվում են ընթացակարգերի պարզեցմանն ու սպասարկման որակի բարելավմանն ուղղված բարեփոխումները: Մաքսային ձևակերպման գործընթացից ամբողջությամբ հանվել են պարամետրերը կամ, այսպես կոչված, օպցիաները: Գործարկվել է նաև ավտոմեքենաներում վնասակար արտանետումների չեզոքացուցիչի առկայությունը ստուգող փորձագիտական երկրորդ կետը` բացառելով հերթերը: Մաքսատանը եռամսյա պարբերականությամբ հետևում են նաև ավտոշուկայի համաշխարհային միտումներին` վերանայելով մաքսազերծման սակագները:
ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին