«Ես իմ վաստակիս գնահատական չեմ փնտրում, այլ ցանկանում եմ, որպեսզի երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ծառայում եմ ողջ կյանքում»:
Անդրանիկ
*****
«…Եթե կուզեն ինձ պատիվ մը անել, ես իմ արձանս չեմ ուզեր, փառավոր թաղում չեմ ուզեր: Թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը և այնտեղ փոքրիկ ուսումնարան մը շինե հայ մանուկների համար: Այս է իմ ամբողջ բաղձանքս և բարոյական պահանջս հայ ժողովուրդեն»:
Զորավար Անդրանիկի կտակը
******
«...Հա՛յ ժողովուրդ, եթե հավաքական կերպով չպատասխանես այս կոչիս, եթե չգիտակցես այն մահվան սև երազին, որ կը սավառնի մեր բովանդակ հայ ժողովըրդին վրա, եթե դուն հասկացությունը չունենաս ստեղծված ծանր րոպեին, ետ առ ինձմե հորս անունը, զոր դուն ես տված, և իրավունք մի՛ ունենար վերցնելու իմ դիակը, իրավունք մի՛ ունենար իմ վրա արտասվելու, թող թաղե զիս այն կոզակը, որ երեկ իմ կողքին կուրծքը կուտար մեր թշնամուն և ձորերը մնացած հայ որբուկները կգրկեր և կգգվեր»:
Հատված Զորավար Անդրանիկի կոչից
******
Անդրանիկ Թորոսի Օզանյան (Անդրանիկ փաշա, Զորավար Անդրանիկ)՝ հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորավար, Հայ ժողովրդական և Բուլղարիայի ժողովրդական հերոս, ծնվել է 1865 թ․-ին Շապին Գարահիսարում:
Սովորել է ծննդավայրի Մուշեղյան վարժարանում, «մկրտվել հեղափոխական»: Հորն անարգած թուրքին ահաբեկելու համար բանտարկությունից խուսափելու նպատակով, մեկնել է Կոստանդնուպոլիս, աշխատել զինագործարանում, ապա անցել Ռումինիա: 1891 թ․-ին անդամագրվել է ՍԴՀԿ-ին, շուրջ մեկ տարի անց դարձել ՀՀԴ անդամ (դաշնակցությունից հեռացել է 1907 թ․-ին, վերականգվել է 1914 թ․-ին և երկրորդ անգամ հեռացել 1917 թ․-ին): 19-րդ դ. 90-ական թթ. զինվորագրվել է Գուրգենի, Աղբյուր Սերոբի հայդուկախմբերում: Զենք ձեռք բերելու, ազատագրական ուժերը համախմբելու նպատակով եղել է Սևաստոպոլում, Բաթումում, Թիֆլիսում, Կարսում, Էջմիածնում, Թավրիզում, Սալմաստում և այլուր: Համագործակցել է Հրայրի, Նիկոլ Դումանի, Սեպուհի, Մեծն Մուրադի հետ: Աղբյուր Սերոբի մահից (1899 թ․) հետո Անդրանիկը գլխավորել է բազմաթիվ ինքնապաշտպանական մարտեր: Նրան մեծ համբավ են բերել հատկապես Առաքելոց վանքի (1901 թ․, նոյեմբեր) և Աղթամարի (1904 թ․, օգոստոս) կռիվները: 1904 թ․-ի վերջին Անդրանիկը եղել է Իրանում ու Այսրկովկասում, հանդիպել է հասարակական, քաղաքական շրջանների հետ. Թիֆլիսում բարեկամական կապեր է հաստատել և 1914–20-ական թթ. մշտապես առնչվել ու խորհրդակցել է Հ. Թումանյանի հետ: Հայ-թաթարական կռիվների ժամանակ, զենք հայթայթելու նպատակով ուղարկվել է Ֆրանսիա և Բուլղարիա: Հրատարակել է հայդուկային կռվի իր ռազմուսույցը՝ «Մարտական հրահանգներ» (1906 թ․) կանոնագիրքը: Երիտթուրքական հեղաշրջումից (1908 թ․) հետո հանդես է եկել ՀՀԴ- երիտթուրքական համագործակցության դեմ, մերժել թուրքական խորհրդարանի անդամ դառնալու ՀՀԴ առաջարկը:
Բալկանյան 1-ին պատերազմում (1912–13 թթ․) Գարեգին Նժդեհի հրամանատարության ներքո Անդրանիկը կազմավորել է Հայկական կամավորական վաշտ և բուլղարական բանակի կազմում մարտնչել թուրքական զորքերի դեմ, արժանացել սպայի կոչման ու մարտական շքանշանների: Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ․) սկզբին եկել է Թիֆլիս, նշանակվել Հայկական 1-ին կամավորական ջոկատի (Կովկասյան բանակի կազմում) հրամանատար, ղեկավարել է շուրջ 20 հաղթական ռազմական գործողություններ։ Անդրանիկի ռազմական հմտությունը վառ դրսևորվում է առավելապես Դիլմանի նշանավոր ճակատամարտում (1915 թ․ ապրիլ), Բիթլիսի ազատագրման ժամանակ, երբ թուրքական բանակի` կիսված և խուճապի մատնված երկու թևերը սկսում են կրակել միմյանց վրա:
1917 թ․-ին նախաձեռնել է Արևմտահայերի 1-ին համագումարի հրավիրումը (մայիսի 2–11), ընտրվել համագումարի պատվավոր նախագահ և Արևմտահայ ազգային խորհրդի անդամ, ձեռնարկել է «Հայաստան» (1917–18 թթ․) թերթի հրատարակումը:
Անդրանիկը 1918 թ․-ի հունվարին նշանակվել է հայկական երկրապահ զորամասի հրամանատար, ստացել գեներալ-մայորի աստիճան և ղեկավարել է Էրզրումի ամրացված շրջանի պաշտպանությունը: Սակայն նրան չի հաջողվել պաշտպանել Էրզրումը, և զորքը նահանջել է Սարիղամիշ-Ալեքսանդրապոլ ուղղությամբ:
Ալեքսանդրապոլի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով Անդրանիկի գլխավորությամբ կազմավորվել է հայկական առանձին հարվածող զորամաս և տեղաբաշխվել է Ալեքսանդրապոլից հյուսիս.՝ դեպի Ախալքալաք ուղղությամբ՝ շուրջ 70 կմ տարածության վրա: Ալեքսանդրապոլի անկումից (մայիսի 15) հետո Անդրանիկի զորամասը նահանջել է նախ՝ Վորոնցովկա (ներկայումս՝ Տաշիր), այնտեղից՝ Ջալալօղլի (Ստեփանավան), ապա բարձրացել Դսեղ, որտեղ նրան դիմավորել է Հովհաննես Թումանյանը:
Անդրանիկի զորամասը չի մասնակցել Ղարաքիլիսայի (Վանաձոր) ճակատամարտին, որտեղ թուրքերը կոտորել են ավելի քան 5000 մարդ: Հունիսի 4-ին Բաթումում ստորագրվելիք թուրք-հայկական պայմանագրի համաձայն դադարեցվել են ռազմական գործողությունները: Պայմանագրով նախատեսվում էր զինաթափել հայկական զինված ջոկատները, այդ թվում՝ նաև Անդրանիկի զորամասը: Այդ պայմանը սկզբունքորեն անընդունելի համարելով, միաժամանակ նորահռչակ ՀՀ կառավարությանը վնաս չպատճառելու մղումով՝ Անդրանիկը ստիպված հեռացել է Հայաստանից: Դիլիջանից անցել է Ելենովկա (Սևան), ապա՝ Նախիջևան, որտեղից մտադիր էր անցնել Պարսկաստան, ընդառաջ գնալ դեպի Բաքու շարժվող անգլիական զորքին և նրա աջակցությամբ Վանով մտնել Արևմտյան Հայաստան ու այնտեղ շարունակել պայքարը:
Իր զորամասով և շուրջ 20 հազար գաղթականներով Անդրանիկը հունիսի 18-ին հասել է Նախիջևան, տեղում կարգուկանոն սահմանելուց հետո գավառը հայտարարել Խորհրդային Ռուսաստանի անբաժան մաս և այդ մասին հեռագրել Ստեփան Շահումյանին:
Նախիջևանից Ջուլֆայով Պարսկաստան անցնելով՝ Անդրանիկի զորամասն անակնկալ բախվել է թուրքական 11-րդ դիվիզիայի զորամասերից մեկի հետ և ստիպված վերադարձել Զանգեզուր: Զորքի և բազմաքանակ գաղթականության համար բավականին դժվար իրավիճակում Անդրանիկը կարողացել Է Զանգեզուրում (հիմնականում՝ Սիսիանում) մնալ մինչև 1919 թ․-ի մարտի վերջը, ինչը կարևոր նշանակություն ունեցավ Զանգեզուրը թուրքերից ու մուսավաթականներից պաշտպանելու գործում: Սակայն հիասթափվելով Հայաստանի նկատմամբ Անտանտի քաղաքականությունից և դժգոհելով Հայաստանի Կառավարության՝ իր հանդեպ ցուցաբերած ուշադրությունից՝ Անդրանիկը 1919 թ․-ի ապրիլին եկել է Էջմիածին, զորամասը զորացրել, ինքն անցել արտասահման: Ֆրանսիայում, ապա Անգլիայում կարճատև դադարից հետո անցել է ԱՄՆ, սակայն շուտով Պողոս Նուբարի հրավերով մեկնել է Եվրոպա՝ Կիլիկիայի հայերի պայքարին օժանդակելու գործը գլխավորելու նպատակով: Ավաղ, այդ նախաձեռնությունը նույնպես ձախողվել է անգլո-ֆրանսիական հարաբերությունների սրման պատճառով. Ֆրանսիան իր զորքերը դուրս էր բերել Կիլիկիայից, և թուրքական բանակը մտել էր Կիլիկիա:
Անդրանիկը 1922 թ․-ից հաստատվել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Ֆրեզնո քաղաքում և առավելագույնն արել Խորհրդային Հայաստանին օգնություն կազմակերպելու համար: Զորավարը 1927 թ․-ի օգոստոսի 31-ին մահացել է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում: 1928 թ․-ին նրա աճյունը տեղափոխվել է Փարիզ, 2000 թ-ին` Հայաստան: Այժմ զորավարի աճյունը հանգչում է Երևանի Եռաբլուր պանթեոնում:
Հայ ժողովրդի ամենասիրելի հերոսի անունով Հայաստանի բազմաթիվ վայրերում կոչվել են փողոցներ, հրապարակներ. կանգնեցվել են նրա հուշարձանները, հյուսվել ժողովրդական երգեր, գրվել վեպեր, բանաստեղծություններ: