2015 թ․ պատմության գիրկն ուղարկեցինք առանց մեծ նվաճումների (բացառությամբ մարզական մի քանի հաղթանակների)՝ չունենալով վառ ու պայծառ հիշողություններ, հակառակը՝ այդ տարեթիվը մուտք գործելուն պես ցեղասպանական գործողության ականատեսը եղանք։ Ամբողջ տարին ամոթով ու վշտով ապրեցինք բոլորս․ ամոթով, քանի որ անզոր էինք մեր խաղաղ ու անկախ երկրում անվտանգ պահել հայ ընտանիքին, դեռ ավելին՝ հասկացանք, որ ով ասես կարող է մտնել հայի տուն, քնած հային սպանել ու անպատիժ հեռանալ։ Ամբողջ մեկ տարվա ընթացքում ո՛չ իրական հանցագործները «հայտնաբերվեցին», ո՛չ էլ սպանության իրական «պատճառները» պարզաբանվեցին։ Դրա փոխարեն հազար ու մի ցնդաբանություններով փորձում էին էլ սատանիզմին որդեգրված զինվորի, էլ հոգեկան անհավասարակշռությամբ տառապող սահմանապահ զինվորի, էլ աղանդավոր զինվորի դատավարությունն անցկացնել, որը մի բաժակ ջրի համար հայ ընտանիքին անկողնում սպանել ու անվրդով նստել է մեղադրյալի աթոռին, կարծես ուզում է հարցնել․ «Ժողովուրդ, էս ի՞նչ հաշիվ է․․․»։
Ցանկություն չունեի մեր կյանքի այդ մեկ տարվա մասին գրել, քանի որ երկրիս ու ժողովրդիս համար ուրախ ոչ մի բան չեմ հիշում, կրկին նշեմ՝ բացի բռնություններից, պարտություններից, անհաջողություններից։
Մեծ հույսեր միշտ ենք կապել նոր եկող տարվա հետ, սակայն տխուր 2015-ին հաջորդեց ոչ միայն տխուր, այլև արդեն չարագուշակ 2016 թ․։ Առաջին իսկ օրվանից միայն ձերբակալությունների, բռնությունների, զոհված հայ զինվորի, պատգամավորների հայհոյախոսությունների մասին ենք լսում ու տեսնում։
Դեռ ուշքի չենք եկել նոյեմբերի 25-ի ձերբակալություններից, չենք կարողանում հավատալ և չենք էլ հավատա, որ ահաբեկչական խմբին այդքան հեշտորեն կարելի էր վնասազերծել, առավել ևս երբ «ահաբեկիչների» խմբում են եղել ազնվագույն և փորձառու ազատամարտիկները՝ մեր կենդանի սրբությունները։
Ազգովին պայքարում ենք բանտերում անիրավորեն ազատազրկված մեր ազնիվ քաղաքացիներին ազատելու համար, հակառակ դրան օրեցօր ավելանում են անհասկանալի ձերբակալությունները։
Ո՞ւմ է ձեռնտու մեր ազնիվ քաղաքացիների մեկուսացումը, ի՞նչ նպատակներ են թաքնված բռնությունների այս անվերջանալի շղթայի օղակներում։ Հայաստանի քաղաքական դաշտում գործունեություն ծավալող բոլոր գիտակները մեկնաբանություններ են անում, փորձում են վերլուծել տեղի ունեցող իրադարձությունները, բայց տարակուսանքից զատ, ոչ մի մտքի չեն հանգում։ Թերևս մեկնաբանություններից ամենաամբողջականն ու ընդգրկունը, իմ կարծիքով, Աշոտ Մանուչարյանինն էր, որ հունվարի 14-ին հրավիրած մամլո ասուլիսին ներկայացրեց զարմանալիորեն սակավաթիվ լրագրողների ներկայությամբ։
Տեսանյութն ամբողջությամբ ներկայացնում ենք։