ՀՀ արդարադատության նախարարությունում դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին-երկրորդ փուլ» ծրագրի վերստուգող կոմիտեի հերթական նիստը: Նիստին մասնակցել են արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, նախարարի տեղակալներ Սուրեն Քրմոյանը, Վիգեն Քոչարյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Ավագյանը, ինչպես նաև՝ ՀՀ ֆինանսների, ՀՀ էկոնոմիկայի, դատական դեպարտամենտի, Փաստաբանների պալատի, Գլխավոր դատախազության և քաղացիական հասարակության ներկայացուցիչներ և այլք:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ արդարադատության նախարարությունը հետևողական է ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումների կատարմանը թե՛ օրենսդրական, թե՛ անհրաժեշտ գործողությունների ու ծրագրերի իրականացման առումով և հորդորել փորձագետներին ինտենսիվ աշխատել ծրագրի ընթացիկ փուլի համար նախատեսված միջոցառումների ամփոփման և համապատասխան փաստաթղթերի վերջնական տեսքի բերման ուղղությամբ: Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է վերոնշյալ ծրագրով նախատեսված 3-րդ հատկացման հատուկ նախապայմանների ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցը, որում անդրադարձել է ծրագրից բխող համալիր բարեփոխումներին: Դրանք վերաբերում են պրոբացիոն ծառայությանը, դատախազների, քննիչների, փաստաբանների վերապատրաստումներին, ինչպես նաև՝ դատապարտյալների համար իրականացվող կրթական ծրագրերին, Քրեական դատավարության նոր օրենսգրքին, «Արմավիր» ՔԿՀ նոր մասնաշենքերի բացմանը, խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ ՀՀ գործողություններին և այլն: Սուրեն Քրմոյանի տեղեկացմամբ, ներդրվում են օրենսդրական այնպիսի կարգավորումներ, որոնք նպաստելու են այլընտրանքային պատժամիջոցների ինստիտուտի զարգացմանը, ազատությունից զրկելու պատժի տեսակի կիրառման նվազեցմանը, ՔԿՀ-ներում բուժսպասարկման որակի բարձրացմանը, դատապարտյալների համար նվազագյուն բնակտարածքի, ինչպես նաև՝ նրանց զբաղվածության ապահովման խնդիրների լուծմանը:
ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Ավագյանն իր խոսքում ընդգծել է, որ արդարադատության նախարարության հետ այս ոլորտում իրենց համագործակցությունը հաջող է ընթանում՝ մասնավորապես նշելով, որ արդեն 2016 թվականի մարտին կանխատեսվում է գնահատող հանձնախմբի այցելությունը Հայաստան:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են սահմանել աշխատանքային նախնական վերջնաժամկետ՝ կատարված աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնելու համար:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն