Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանին

03 Դեկտեմբերի 2015

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի արդարադատության նախարարությունների՝ որդեգրումների, դատապարտյալների փոխանցման ոլորտներում համագործակցության ներկայիս մակարդակն ու նշել, որ այն խորացնելու և զարգացնելու մեծ ներուժ կա նաև այլ ոլորտներում:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին ընդունելության համար և թվարկված ոլորտներում փոխգործակցությունը համարել արդյունավետ: Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հավաստիացրել է, որ Ֆրանսիայի Հանրապետությունը կշարունակի օժանդակել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես՝ դատաիրավական համակարգում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրմանը, արբիտրաժի և հաշտարարի ինստիտուտների զարգացմանը, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի և Եվրամիության աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի:   

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ