Երկօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է Արդարադատության նախարարության խորհրդարանական պետքարտուղարի տեղակալ, բանտերի, պրոբացիայի և վերականգնողական արդարադատության նախարար Անդրյու Սելուսի հետ:
Արփինե Հովհաննիսյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծման հիմնահարցերը և այն քայլերը, որոնք կատարվել են՝ պիլոտային ծրագրեր, թրեյնինգներ, կամավորներ և այլն: Նախարարը նշել է, որ առաջիկայում կներկայացվի «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքը, որը հնարավորություն կտա լիարժեք ներդնել այդ համակարգը: Արփինե Հովհաննիսյանը նշել է նաև էլեկտրոնային մոնիտորինգի համակարգի անհրաժեշտության մասին և կարևորել այդ բնագավառում Միացյալ Թագավորության հարուստ փորձը:
Անդրյու Սելուսը ներկայացրել է ՄԹ-ում պրոբացիոն ծառայության ներդրման ընթացքը, ինչպես նաև այն բարեփոխումները, որոնք նրանք պատրաստվում են առաջիկայում իրականացնել, մասնավորապես՝ ուղղված էլեկտրոնային մոնիտորինգի համակարգի կատարելագործմանը:
Նա նաև հայտնել է իր պատրաստակամությունն օրենսդրական փորձաքննության, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցության խորացման համար:
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը գտնվում է Լոնդոնում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կազմակերպած «Պրոբացիոն համակարգի ներդրումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Հայաստանյան պատվիրակության կազմում են նաև Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, Դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը, ՀՀ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման պետ Լևոն Ավետիսյանը, այլք:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է նաև Միացյալ Թագավորության արդարադատության հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նիլի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող մի շարք հարցեր: Նախարարը, մասնավորապես, բարձր է գնահատել այդ ոլորտներում Մեծ Բրիտանիայի փորձն ու ընդգծել ՀՀ դատաիրավական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համատեքստում փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Արփինե Հովհաննիսյանը Ռոբերտ Նիլին տեղեկացրել է նաև, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:
Հանդիպման ավարտին Միացյալ Թագավորության արդարադատության հանձնաժողովի նախագահն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ՀՀ արդարադատության նախարարության իրականացվող մի շարք ծրագրերին:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն