ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր աջակցությունն է հայտնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և կոնգրեսական Էլիոթ Էնգլի առաջարկությանը, այն է՝ միջոցներ ձեռնարկել, որոնք պետք է օգնեն դադարեցնելու Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտող զորքերի շփման գծում հրադադարի խախտման դեպքերի աճը, հաղորդում է Asbarez.com-ը։
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Ուորլիքը ասել է․ «Մենք ամբողջովին աջակցում ենք կոնգրեսականներ Ռոյսի և Էնգլի առաջարկած նախաձեռնությանը։ Վստահությանն ուղղված քայլերը և հասարակություններին վերաբերվող ծրագրերը կնվազեցնեն լարվածությունը և հիմք կդնեն երկարատև խաղաղության հաստատման համար։ Մենք կողմերին բարձրաձայնում ենք բոլոր այս նախաձեռնությունների մասին և պետք է շարունակենք կատարել բոլոր քայլերը, որոնք կարող են հանգեցնել բանակցությունների կարգավորմանը»։
Ռոյսն ու Էնգլը Կոնգրեսում ստորագրահավաք են սկսել՝ դեսպան Ուորլիքին ուղղված նամակի համար։ Այն ընդգրկում է երեք հստակ քայլեր, որոնք կարող են խաղաղության հաստատման հանգեցնել՝ դիպուկահարների հեռացում շփման գծից, ԵԱՀԿ մշտադիտարկման, կրակոցների վայրի արձանագրած համակարգերի տեղակայում՝ հարձակման աղբյուրները պարզելու համար, ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդների տեղակայում շփման գծի երկայնքով։