Խմբագրական
Արդեն 24 տարի մեր հայրենիքը լարված ու անհանգիստ կյանքով է ապրում։ Պատերազմի օրերին հասկանալի էր, բայց զինադադարից հետո էլ իր պարտությունից գազազած նենգ թշնամին ամեն օր հիշեցնում է իր տմարդի գոյության մասին։ Իր թվաքանակի գերազանցությունից և Թուրքիայի նույնքան նենգ աջակցությունից գլուխը կորցրած Ալիևյան դինաստիայի թագաժառանգը պատմության մեջ մնալու ամենակարևոր գործոնը համարում է մեկ դար առաջ նվեր ստացած հայկական հողերը հետ վերցնելը։ Ինչի ասես չդիմեց Իլհամ Հեյդարի Ալիևը, որ իր պարտված զինվորի փոխարեն հետ վերցնի այն, ինչ հայ զինվորն իր արդար արյունով ու ոգու ուժով ազատեց նրանց ճիրաններից։
Վերջին երկու տարում 1994 թ․ զինադադարի խախտման դեպքերն ավելի հաճախակի և սանձարձակ դրսևորումներ էին ունենում, սակայն բոլորն էլ ավարտվում էին Ադրբեջանի ամոթալի պարտությամբ։ Ադրբեջանն ընտրում էր իր համար որոշակիորեն նպաստավոր քաղաքական պահեր և որոշում էր վախեցնել «շատ փոքր» Հայաստանին, բայց ուզածին չէր հասնում, ոչ մի բան չէր ստացվում։
Երկու օր առաջ, սեպտեմբերի 25-ին կրկին իր համար նպաստավոր քաղաքական իրավիճակ ընտրեց, որն ի դեպ խիստ երևակայական էր, պատրանք, բայց այս անգամ նրա գործողություններն անդառնալի հետևանքներ են առաջացնելու, քանի որ կոպիտ էր թույլ տված սխալը, որի արդյունքում շփման գծից առնվազն 7 կմ հեռու զոհվեցին 4 հայ զինվոր, իսկ 16-ը` վիրավորվեց:
Հայ վերլուծաբանները սեպտեմբերի 25-ն անվանեցին այն կարմիր գիծը, որ․ «եթե անցնեն Հայաստանը և Ադրբեջանը, ապա առնվազն մեկ պետություն կվերանա` Ադրբեջանը, իսկ մյուսը` մարդկային մեծ կորուստներ կունենա»:
Շփման գծից հաղորդում են, որ ադրբեջական կողմն օգտագործել է թուրքական Ռոքեթսան ֆիրմայի TR-107 հրթիռային համազարկային համակարգերը, որոնց խոցման հեռավորությունը մինչև 11 կմ է և խոցման տրամագիծը` 14 մ:
Հասկանալի է, որ հայկական կողմը վճռական է տրամադրված մարդասպաններին պատժելու հարցում: Սակայն հարց է առաջանում, թե ինչ հրթիռային համակարգեր կիրառվեն և ինչքան կտևեն փոխադարձ հարվածները։
Ադրբեջանի լկտիությունն այս անգամ չափից դուրս էր՝ արդեն կրակ է բացել Նոյեմբերյանի ուղղությամբ, նպատակը, հավանաբար, այն էր, որ աշխարհին ապացուցի՝ Արցախը Հայաստանի անքակտելի մասն է, և իր կռիվը Հայաստանի հետ է, որ իր քաղաքականությունը զավթողական է։ Աշխարհը հենց այդպես էլ ընկալում է, ինչքան էլ նրա ծախու բրայզաներն ու դիվանագիտական կորպուսը փորձեն կեղծ հայտարարություններով անտեղյակներին բացատրել, թե Հայաստանն է օկուպանտ։
Աշխարհն այսօր հուր ու կրակի մեջ է, հզորներն իրենց ուժն են ուզում պարտադրել, որ գերիշխանություն հաստատեն, երկրներ են ոչնչանում, գաղթականների հոսքը չի դադարում, իսկ Իլհամ Ալիևն այս թոհուբոհի մեջ իր համար նպաստավոր ինչ-որ բան գտավ, ու որոշեց մի թեժ կետ էլ ինքն ստեղծել։ Կամ ոչ մի թեժ կետի մասին չի էլ մտածում, համոզված է, որ պատերազմող երկրների կրակե օղակով շրջապատված մի «փոքրիկ» Հայաստանը շատ է վախեցած, առավել ևս, որ հայ մարդը վերջին տարիներին նյութապաշտության ծարավից լքել ու դավաճանել է հայրենիքը, ինչն էլ Իլհամի նմաններին իրավունք է տալիս արհամարհանքով վերաբերվել և՛ հայ զինվորին, և՛ հայ մարդուն։
Ինչ կարևոր իրադարձությունների է սպասում Ալիևը, որ որոշեց այդքան սանձարձակորեն ծավալել իր զինված գործողությունները, որ պարտադրի իր անզիջում կամքը՝ Արցախը հետ վերադարձնելու հարցում։ Առավել ևս որ բոլոր՝ թե հայ, թե ադրբեջանցի և թե օտարերկրյա վերլուծաբանները պնդում են, որ Ադրբեջանը բավարար ներուժ չունի պատերազմ վերսկսելու, այն էլ հաղթանակով այն ավարտելու համար:
Սարքած ամբողջ շփոթի հիմնական նպատակը հոգեբանական լարվածություն ստեղծելն է, Արցախի և Հայաստանի հայությանը երկարատև վախի ու սպասման մեջ պահելն է, ինչի արդյունքում Հայաստանը լիովին կարող է դատարկվել։ Ալիևին, և ոչ միայն նրան, թվում է, թե լավ է հասկացել հայի հոգեբանությունը, որ հայը ճնշումներից միայն փախչել ու ազատվել է ձգտում։ Մենք, իհարկե, այդպիսի կարծիք ուրիշների մոտ ինքներս ենք ձևավորել մեր 24 տարվա անընդմեջ գաղթով։ Բայց Ալիևն ու նրա նմանները կամ չեն հասկացել, կամ շատ շուտ մոռացել են մեր բռունցքվելու հատկության մասին։
Շատերն իրականացվող իրադարձությունները բացատրում են Ադրբեջանի ներքաղաքական ու տնտեսական վատ վիճակով, այն բանով, որ ժողովրդական ըմբոստությունից խուսափելու համար Ալիևն արտաքին լարվածություն է ուզում ստեղծել, ինչի արդյունքում ժողովուրդը գերադասելու է լուռ կեղեքվել։ Այսինքն՝ նա իր զինվորների դիակներով իր իշխանությունն է պահում։
Օրերս միջազգային իրավապաշտպանները կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների դեմ, ինչը նշանակում է, որ միջազգային հանրությունը չի ցանկանում այդ երկրի հետ գործ ունենալ։ Հավանաբար սաստկացրած ռազմական գործողություններով և լրատվական կեղծիքներով նա ցանկանում է մեղքի մեծ բաժինը Հայաստանի վրա բարդել, իբր երկրի կյանքն ուրիշ կերպ կառավարել հնարավոր չէ, քանի դեռ կան հողային չլուծված հարցեր։
Երեկ հայկական սոցցանցերում հրապարակվել էր հայտնի «Ստրատֆոր» աշխարհաքաղաքական, հետախուզական, խորհրդատվական կենտրոնի վերլուծությունների փոխնախագահ Ռևա Բհալլայի մեկնաբանությունը՝ մեր սահմաններում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Նրա խոսքով․ «Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների վատթարացման պայմաններում Բաքվում կարծիք է ձևավորվում, որ ադրբեջանական կողմը մանևրելու ավելի մեծ տարածություն ունի և այն կարող է սրել հակամարտությունը՝ փորձելով հայկական կողմից զիջումներ կորզել։ Ադրբեջանն այժմ համեմատում է ռազմական սցենարի հնարավոր կորուստներն ու շահերը: Ցանկանում է տեսնել, թե արդյոք Ռուսաստանը կմիջամտի՞ և արդյոք նոր ձևաչափով բանակցություններ կընթանան, որի ընթացքում Հայաստանը ստիպված կլինի զիջումների գնալ»:
Ռևա Բհալլան, թեև Ղարաբաղում ռազմական իրադարձությունների զարգացումը հավանական չի համարում, սակայն հիշեցնում է, որ «Բաքվում նաև քննարկվում է սահմանափակ պատերազմի տարբերակը, որը թույլ կտար ադրբեջանական ղեկավարությանը փորձել քաղաքական նպատակներին հասնել առանց լայնածավալ պատերազմ սկսելու»:
Անդրադառնալով մեր ռազմավարությանը, թեև մենք միշտ էլ խաղաղություն ենք ուզում, սակայն արդեն չենք կարող խուսափել վճռական ու պատասխան զարկերից, առավել ևս, որ արդեն բոլորս ենք գիտակցում, որ մեր երկրում պատերազմը վերսկսվել է։ Իսկ պատերազմի ժամանակ ոչնչացվում են թշնամու բոլոր վտանգ ներկայացնող կետերը, ռազմակայանները, դիրքերը։ Մենք ամեն օր արդեն պետք է ադրբեջանցու, թուրքի գիտակցությանը հասցնենք, որ մեզնից զգուշանալ է պետք, այլ ոչ թե մեզ վախեցնելու մանկամիտ խաղեր խաղալ։
Ինչ վերաբերում է մեր ներքին կյանքին ու իրադարձություններին բոլորիս տրամադրվածությանը, անվերապահորեն կարող եմ ասել, որ մեր զինվորների հերոսությունը մեզ ոգի և ուժ է տալիս։ Այո, մեր ներքին տնտեսական վիճակը ծանր է, այո՝ սխալ պահ է ընտրված միանգամայն անտրամաբանական սահմանադրական փոփոխությունների գործընթացի համար, այո՝ խորը ճեղքվածք կա նյութապես անապահով և շատ լավ ապահովված ընտանիքների արու զավակների ճակատագրերի հարցում։ Մենք հպարտանում ենք սահմանին կանգնած մեր զավակներով, ովքեր բացառապես ունեզուրկ ընտանիքների, բայց հայրենասիրությամբ լցված ու լավ դաստիարակված տղաներ են, մեր ազգի կորիզն ու արմատն են։ Իսկ փող դիզելու մոլուցքով ապրող դասալիքները պատուհաս են նաև հարազատների համար։ Սակայն ասելիքս այլ է։
Ուզում եմ անդրադառնալ սեպտեմբերի 25-ին՝ ամենաթեժ ու արյունոտ օրվան, երբ սահմանի իրադարձությունների շփոթի ընթացքում սոցցանցերում բոլորս բարկությամբ էինք խոսում մեր խոշոր օլիգարխի որդու հարսանիքի մասին, կամ զանազան հիմնարկներ նախագահի այցերի մասին։
Մարդկանց մեկնաբանությունները կարդալիս, հիշում էի մի դեպք ոչ վաղ անցյալից։ Ես աշխատում էի ՀՀ պաշտպանության նախարարությունում։ 1993 թ․ Արցախում ամենաթեժ մարտերի օրերն էին։ Մարտի 8-ի օրը բոլորս պատերազմի դաշտից վճռական գործողությունների լուրերի էինք սպասում, լավ գիտեինք, որ թշնամին քանակական առավելություն ուներ և շատ լավ էր զինված։ Նախարարության բոլոր բարձրաստիճան սպաները ռազմի դաշտում էին, սահմանի վրա կամ թեժ կետերում՝ մեր կամավորների ու զինվորների հետ։ Նախարարության շենքում մի փոքր կազմ էր մնացել՝ նախարարի աշխատակազմի ոչ զինվորականներս և մեկ փոխնախարար՝ ազգությամբ ուկրաինացի Անատոլի Զինևիչը։ Բոլորս հուզված էինք, լարված, սակայն չմոռացանք Մարտի 8-ի տոնը նշել։ Լաց էինք լինում, քանի որ զոհերի մասին արդեն լուր ունեինք, տխուր էինք, բայց վստահ, որ ապագան մերն է լինելու և հաղթելու ենք։ Տոնական տրամադրություն չունեինք, բայց բարձրաձայն խոսում էինք, աղմկում, ծիծաղում։ Գեներալ Զինևիչը երկար լռելուց հետո իր մոտ էր կանչել նախարարի օգնականին՝ գերազանց մի սպայի և ասել․ «Ապա նստիր ու լսիր այս անամոթ աղմուկը, այսօր կյանքի ու մահու կռիվ է Արցախում, որոշվում է նաև Հայաստանի ճակատագիրը, իսկ սենյակներում քեֆ-ուրախություն է»։
Օրվա վերջում և հաջորդ օրերին մեր փայլուն հաղթանակների արշավն արդեն սկսվել էր Արցախում և հաղթանակով էլ ավարտվեց մեր կենաց-մահու կռիվը։
Հիշեցի այս փոքրիկ դրվագը, որ բոլոր հոռետեսներին ասեմ՝ այո ցավ է ամեն հայի մահը, և խորը ցավ, բայց երբեք ապրելու մասին չպետք է մոռանալ, որպեսզի հարատևել կարողանանք։
Թշնամին պիտի հասկանա, որ հարատև ենք, իսկ ինքն անցողիկ։ Մեր օլիգարխի հարսանիքն առանց մտահոգության չի անցել, համոզված եմ, որ ներկա գտնված շատ հյուրեր, ում շնորհիվ զինվել է մեր բանակը, պաշտպանվում է մեր սահմանը, կարծում եմ, վստահ էին, որ հաղթանակը մերն է, որ ապագան մերն է, որ պետք է նոր ընտանիքներ ստեղծվեն ու բազմանան հայ արուներն ու հայուհիները։
Նույնն ուզում եմ ասել և մեր նախագահի վարած քաղաքականության մասին։ Չեմ ժխտում, ներքաղաքական կյանքում սխալները շատ են, յուրաքանչյուրս ամեն օր շատ անարդարությունների հետ ենք բախվում, բայց արտաքին քաղաքականությունը, ինչպես մի քանի օր առաջ դիվանագետ Արման Նավասարդյանն ասաց․ «Հինգին գումարած է»։ Ես իհարկե, այս գնահատականին այնքան էլ համաձայն չեմ, բայց տեսնում եմ մեր հաջողությունները, որոնք թեև դանդաղ, բայց ունենում ենք։
Փ․Շահբազյան