Մուսա լեռան հերոսամարտ

19 Սեպտեմբերի 2015

«Ճեպել Մուսա» («Մովսեսի լեռ») արաբերեն նվանումից է ծագել Մուսա լեռը։

Կիլիկիայի հարավային մասում ձգվող Ամանոսի լեռնաշղթայի գագաթներից մեկը` Մուսա լեռը, գտնվում է Կիլիկյան Հայաստանի (ներկայիս Թուրքիայի  Հաթայ վիլայեթում)` պատմական Անտիոք քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևմուտք` Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին: Լեռան հարավային փեշերին գտնվող վեց հայաբնակ գյուղերում (Բիթիաս, Յողուն-Օլոք, Հաջի-Հաբաբլի, Խըդր-Բեկ, Վագըֆ և Քաբուսիե) բնակվում էր ավելի քան 6000 մարդ, որոնք հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով ու շերամապահությամբ, ունեին իրենց դպրոցներն ու եկեղեցիները:

Հայաբնակ այդ գավառը հայտնի է Սվեդիա, Մուսա-դաղ, Ջեբել Մուսա, Մուսա լեռ անուններով:

Հայ և օտար պատմիչների վկայությամբ, դեռևս մ.թ.ա. 1-ին դարում Անտիոքում և նրա շրջակա գավառում բավական մեծ թվով հայեր են ապրել, որոնք ավելի են ստվարացել Տիգրան Մեծի կողմից Անտիոքի գրավումից (մ.թ.ա. 83 թ.) հետո: Իսկ 4-րդ դարի հռոմեացի մատենագիր Ամիանոս Մարկելլիանոսի վկայությամբ, Իսոսի (այժմ` Իսկենդերուն) ծոցն այդ ժամանակ արդեն կոչվում էր «Հայոց ծոց»:

Բագրատունիների թագավորության անկումից (1045 թ.) և սելջուկ-թուրքերի Հայաստանի նվաճումից հետո ավելի է մեծանում հայերի զանգվածային արտագաղթը դեպի Առաջավոր Ասիայի տարբեր շրջաններ, այդ թվում` Լեռնային Կիլիկիա և Անտիոք: Տեղի հայ բնակչությունն ավելի է ստվարանում հատկապես Կիլիկիայի հայկական թագավորության (1080-1375 թթ.) շրջաններում:

1516 թ. օսմանյան թուրքերը Սիրիան գրավելուց հետո Անտիոքը` Մերձավոր Արևելքի այդ ծաղկուն քաղաքը, աստճանաբար կորցրեց իր երբեմնի քաղաքական-տնտեսական նշանակությունը: Տեղի հայ բնակչության զգալի մասը հետզհետե տեղափոխվեց դեպի արևմուտք` Մուսա լեռան կողմերը:

Հայկական Կիլիկիայի այս երբեմնի բեկորը, թեև կտրված էր օսմանյան կայսրության հայաշատ կենտրոններից, սակայն դիմացել էր դարերի դաժան փորձություններին, սրբությամբ պահպանել իր մայրենի լեզուն` բարբառը, նախնիների հավատը, ապրելակերպն ու ավանդույթները:

Սակայն օսմանյան կայսրությունում կյանքի, պատվի և ունեցվածքի նկատմամբ տևականորեն թագավորող անապահովությունը այս խաղաղ և աշխատավոր ժողովրդին ստիպում էր ապավինելու նաև զենքին:

Մուսա լեռան հայությունը երկու անգամ (1895 թ., 1909 թ.) հետ մղեց թուրքական կանոնավոր զորքերին և ավարի մոլուցքով տառապող բաշիբոզուկների ոհմակին, երբ վերջիններս փորձեցին հայկական ջարդեր կազմակերպել նաև Մուսա լեռան շրջանում:

Դրությունն ավելի սրվեց 1915 թ., երբ երիտթուրքերի պարագլուխները ձեռնամուխ եղան հայկական հարցը` հայ ժողովրդի ցեղասպանության միջոցով լուծելու իրենց հրեշավոր ծրագրի իրականացմանը:

1915 թ. մեծ եղեռնին զոհվեցին ավելի քան մեկ ու կես միլիոն արևմտահայեր:

Երիտթուրքերի կազմակերպած համատարած սպանդի պայմաններում հայերն, այնուամենայնիվ երկրի մի շարք շրջաններում անհավասար կռիվ մղեցին թշնամու գերազանց ուժերի դեմ: Հերոսական պայքարի շնորհիվ Վանում, Շատախում, Մուշում, Մուսա լեռան վրա, Շապին Գարահիսարում, Ուրֆայում տասնյակ հազարավոր կյանքեր փրկվեցին թուրքական յաթաղանից:

Հայ ժողովրդի հերոսական պայքարի փառահեղ էջերից է Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանությունը:

Թուրքական կառավարության վաղօրոք մշակած աքսորի ու կոտորածների ծրագրի համաձայն, 1915 թ. հուլիսի 26-ին տրվեց նաև Քեսապի մերձակա հայության տեղահանության հրամանը, որը տագնապալից ահազանգ էր նաև Մուսա լեռան հայության համար:

Չհավատալով թուրքերի խոստումներին ու իմանալով գաղթի ճամփան բռնած հայերի ճակատագիրը` մուսալեռցիները բարձրացան Մուսա լեռը ու սկսեցին անհավասար պայքար մղել բազմահազարանոց թուրքական բանակի դեմ:

Թուրքական կանոնավոր զորքերը երեք անգամ (օգոստոսի 7-ին, 10-ին և 19-ին) տարբեր ուղղություններով անցան հարձակման, սակայն էական հաջողության չհասան և, կրելով հսկայական կորուստներ (ավելի քան 1000 մարդ), խուճապահար նահանջեցին:

Մղվում էր իսկական համաժողովրդական հերոսամարտ: Մարտիկների հետ միասին դիրքեր էին գրավել ծերերը, կանայք, պատանիները:

Չկարողանալով ընկճել մուսալեռցիների դիմադրությունը` թուրքերը որոշեցին պաշարել լեռը և սովամահ անել հայերին:

Նրանք այդտեղ կենտրոնացրին շուրջ 15000 զինվոր: Մուսալեռցիների դրությունը խիստ ծանրացավ: Սպառվում էր պարենն ու ռազմամթերքը: Մնում էր փրկության միակ ուղին` Միջերկրական ծովը, որի ժայռոտ ափը թշնամին չէր կարողացել պաշարել և որտեղից միայն կարելի էր ակնկալել հնարավոր օգնություն:

Անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար լեռան ծովահայաց եզրին բարձրացվեց երկու «դրոշակ»: Դրանք լայնատարած սավաններ էին, որոնց վրա նկարված էին կարմիր խաչեր և անգլերեն գրված էր` «Քրիստոնյաները վտանգի մեջ են, փրկեցեք»:

Սեպտեմբերի 5-ին ֆրանսիական «Կիշեն» ռազմանավը, նկատելով մուսալեռցիների ծածանվող դրոշները, մոտեցավ և խարիսխ ձգեց ափից ոչ հեռու: Ռազմանավի հրամանատարությունը, ծանոթանալով ստեղծված իրավիճակին, հրանոթային կրակ բացեց թուրքական դիրքերի վրա և հեռանալով` խոստացավ օգնել մուսալեռցիներին:

Անտիոքի ծովախորշում ֆրանսիական հածանավի հայտնվելը, և թուրքական զորանոցների ու դիրքերի գնդակոծումը չէր կարող տագնապի չմատնել թուրք հրամանատարությանը: Ահա թե ինչու սեպտեմբերի 9-ին թուրքերը ձեռնարկում են նոր` (թվով չորրորդ) առավել կատաղի հարձակումը: Սակայն, հայերը յոթ ժամ տևող համառ մարտերի ընթացքում ոչ միայն կարողացան հետ մղել թուրքերի բոլոր գրոհները, այլև անցնել հակահարձակման և հալածել խուճապահար նահանջող թշնամուն:

Նավատորմի նավապետը, չսպասելով Ֆրանսիայի ուշացող թույլտվությանը, իր պատասխանատվությամբ անցնում է գործողությունների:

Վերջապես, սեպտեմբերի 13-15-ը ֆրանսիական հինգ ռազմանավեր հերոս մուսալեռցիներին (շուրջ 4000 մարդ) փոխադրում են Պորտ-Սաիդ (Եգիպտոս):

Մուսալեռան ավելի քան 40-օրյա հերոսամարտի ժամանակ իրենց քաջագործություններով աչքի ընկան շատերը, այդ թվում Հակոբ Կարագյոզյանը, Մարտիրոս Ջանսզյանը, Եսայի Յաղուբյանը, Պետրոս Տմլազյանը, Պետրոս Թութագլյանը, Ճարպա Խայոյանը, Պետրոս Գալստյանը:

Մուսալեռցիները հպարտությամբ են հիշում նաև իրենց հերոս կանաց, որոնց թվում են` Շուշան Գաբաղյանը, Վարդիթեր Զեթլյանը, Ծաղեր Տեր-Մովսիսյանը, Սիմա Ղարիբյանը, Մանուշակ Մանուկյանը:

Պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո մուսալեռցիները վերադարձան իրենց գյուղերը (1919թ.):

Մուսալեռցիների հաղթանակը հայրենասիրության, սխրանքի, անձնազոհության ու ժողովրդի միասնության ցայտուն դրսևորում էր:

Այդ սխրանքն իր գեղարվեստական մարմնավորումն է գտել ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում: Գիրքը, որը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով` ոգեշնչել է շատերին, այդ թվում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական գերության մեջ գտնվող մարդկանց:

1939 թ. Ալեքսանդրեթի շրջանը հանձնվեց թուրքերին և մուսալեռցիները, խուսափելով թուրքերի հալածանքներից, գաղթեցին Այնջար (Լիբանան): Կարճ ժամանակում հիմնվեցին վեց գյուղի անուն կրող վեց թաղամաս: Նոր տեղում մուսալեռցիները զբաղվում էին հացահատիկի մշակությամբ և այգեգործությամբ: Այսօր Այնջարը համարվում է Լիբանանի ամենագեղեցիկ անկյուններից մեկը: Ավանում գործում են մի քանի ազգային, կրոնական, բարեգործական, մշակութային և մարզական կազմակերպություններ, երեք դպրոց, որոնց գործունեությունը նպաստում է գաղթօջախի ազգային ոգու պահպանմանը:

1946-1947 թթ. Մուսա լեռան հայության մի ստվար զանգվածը (ավելի քան 5000 մարդ) վերջնականապես հանգրվանում է Հայաստանում` մասնակից դառնալով մայր հայրենիքի վերաշինման վեհ գործին:

Էջմիածնի շրջանի Գինեվետ ավանը 1972 թ. վերանվանվեց Մուսալեռ, իսկ 1976 թ. սեպտեմբերի 16-ին ավանի մոտ, բարձր բլրի վրա տեղի ունեցավ հերոսամարտին նվիրված հուշակոթողի բացումը, որը կառուցվել է հայրենիքի ու սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և անմիջական մասնակցությամբ:

Անառիկ ամրոց հիշեցնող այս կոթողը խորհրդանշում է Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների համառ ու անկոտրում կամքը, ազատագրական ոգին, առնականությունն ու արիությունը:

Կոթողի հեղինակները` ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական նկարիչ-քանդակագործ Արա Հարությունյանը ստեղծել են մուսալեռցիների հերոսական անվանն արժանի գործ:

Ամեն տարի, սեպտեմբերի երկրորդ կեսին, երախտապարտ սերունդները հավաքվում են այստեղ` ավանդական հարիսայով, զուռնա-թմբուկով, մարտական շուրջպարով ու ազգային արժանապատվության զգացումով նշելու հերոսամարտի տարելիցը և հարգելու քաջի մահով ընկած հերոսների հիշատակը:

 

Պատրաստեց Ռուբինա Ռաֆայելյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ