Կա քաղաքական ինտեգրացիա եւ տնտեսական ինտեգրացիա. Անդամակցությունը քաղաքական ինտեգրացիայի դասերից է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ անդամակցության ձգտումներին:
Տնտեսական ինտեգրացիան երկրները, սովորաբար, անցնցում են 6 փուլով, ինտեգրման 6 տարբեր մակարդակներ կան: Առաջինը արտոնյալ առեւտուրն է, երբ քո գործընկեր բոլոր երկրների հետ նույն ռեժիմն ես ունենում, բայց մի երկրի հետ հատուկ արտոնյալ ռեժիմ ես ունենում: Երկրորդը ազատ առեւտուրն է, երբ դու կնքում ես անմաքս ապրանքների ու ծառայությունների տեղաշարժը: Երրորդ մակարդակը մաքսային միությունն է: Ինտեգրման երրորդ մակարդակից դու արդեն ստիպված ես լինում զոհաբերել արտաքին առեւտրային քաղաքականությունը: չորրորդ մակարդակը ընդհանուր շուկան է, երբ արդեն դու ուզում ես գնալ ավելի խորը ինտեգրման եւ ազատականացնում ես կապիտալի ու աշխատուժի տեղաշարժը: 5-րդ մակարդակը ընդհանուր դրամային գոտին է: Այս դեպքում դու ստիպված ես լինում զոհաաբերել նաեւ կառավարման գործիքներից եւս մեկը՝ դրամավարկային քաղաքականությունը: Իսկ 6-րդ մակարդակը, որը կոչվում է ամբողջական ինտեգրում, դրա միակ մոդելը ԱՄն-ն է, որտեղ ամեն մի նահանգ պետության մեջ պետություն է»,-ասաց նա:
Արամյանը նկատեց, որ տնտեսական ինտեգրումը չի կարող անջատ լինել քաղաքական ինտեգրումից. «Հնարավոր չէ, օրինակ, սկանդինավյան երկրներն ինտեգրվեն Լատինական Ամերիկայի երկրների հետ, որովհետեւ Սկանդինավյան երկրների շահերն ավելի շատ համընկնում են ԵՄ-ի հետ: Այսինքն հնարավոր չէ անդամակցել ԵՄ-ին՝ առանց տնտեսական ինտեգրման այս փուլերն անցնելու:
Հնարավոր է դու լինես տնտեսական մեկ բլոկում, բայց քաղաքական առումով համագործակցես ԵՄ-ի հետ: Դա այն է, ինչ Սերժ Սարգսյանի օրոք ձեռք բերվեց, երբ ԵԱՏՄ անդամ լինելով ստորագրվեց ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագիր»,- ընդգծեց նախկին նախարարը:
Վարդան Արամյանը ընդգծեց, որ թեեւ խոսվում է ԵՄ ինտեգրման մասին, բայց 2018-ից ի վեր ԵԱՏՄ-ի հետ արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է. «2018-ին եւ ԵԱՏՄ-ում, եւ ԵՄ-ում մենք գրեթե նույն արտաքին առեւտրի կշիռն ենք ունեցել. դա մոտ 26-27 տոկոսի շրջանակներում է եղել: Հիմա ԵՄ-ի կշիռը նվազել է, ԵԱՏՄ-ինն աճել է, ընդ որում զգալի տեմպերով: Այս տարվա 4 ամիսների տվյալներով ԵԱՏՄ-ի հետ առեւտրաշրջանառությունը 46 տոկոսից ավել է: Իսկ ԵՄ-ի բաժինը նվազել է՝ հասնելով 15-16 տոկոսի»,- ընդգծեց նա:
Նախկին նախարարի ներկայացմամբ, շատերը կողմ են արտահայտվում ԵՄ անդամակցությանը՝ մտածելով, որ սահմանները կբացվեն եւ իրենք ազատ կմեկնեն Եվրոպա. «Բայց իրենք մոռանում են, որ որպեսզի կարողանան թռչել Հռոմ եւ այնտեղ էսպրեսո խմել, իրեն դրա համար պետք է եկամուտ, աշխատատեղ: Մարդը զրկվելու է այդ եկամուտից: Այո, կարող է եւ լինի ազատ վիզային ռեժիմ, բայց մարդը չի ունենալու աշխատատեղ, որովհետեւ տնտեսական մեր կառուցակարգերն այնպիսին են, որ մենք լիարժեք կախված ենք ՌԴ տնտեսությունից: Մեզ մոտ աճում է կապիտալ շինարարությունը, առեւտուրը, ծառայությունները, որոնք հիմնականում սնվում են այն հոսքերից, որոնք կապված են Ռուսաստանի հետ:
Եթե մենք որոշում ենք դուրս գալ ԵԱՏՄ-ից, ապա ԵԱՏՄ-ի պաշտպանիչ վահանները աշխատելու են մեր դեմ: Դա նշանակում է, որ մեր արտահանողները չեն կարողանալու օգտվել անմաքս առեւտրի հնարավորությունից: Դա նշանակում է մրցունակության կորուստ: Դա նշանակում է, որ վերարտահանումը Հայաստանով կարող է դառնալ ոչ շահութաբեր: Այս ամենը անտեսվում է:
Մարդիկ չեն պատկերացնում, թե ԵՄ գնալու հետեւանքներն ինչ են լինելու, հետեւանքը լինելու է իրենց աշխատատեղերի կորուստը: Ես դեռ չեմ խոսում էներգակիրներից, որոնք մենք ստանում ենք ՌԴ-ից անմաքս ճանապարհով եւ դա լուրջ առավելություն է մեզ համար»,- հայտարարեց Վարդան Արամյանը:
Նա նաեւ հավելեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո մեր արտահանողները ստիպված են լինելու վճարել մաքսատուրքեր ԵԱՏՄ մուտք գործելու համար. «Դա միանգամից է լինելու:
Մյուս կողմից չի բացառվում, որ քաղաքական հակադրության պարագայում Ռուսաստանն իր հերթին որոշ միջոցներ կիրառի: Այնպես որ միանգամից կուրսի փոփոխությունը կարող է վտանգավոր լինել: Մեր կախվածությունը ԵԱՏՄ շուկայից էապես ավելացել է»,- ընդգծեց նախկին նախարարը: