Հայաստան-Չինաստան. «նստա՞ծ, թե՞ ոտքի վրա»

24 Մարտի 2024

«Հանդիպում Չինաստանի փոխվարչապետ Ճան Գոցինի հետ»: Այսպիսի վերտառությամբ ֆեյսբուքյան գրառում է արվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի էջում, որն ուղեկցվում է հանդիպման մասին տեսանյութով: Տեսանյութում երեւում է, որ Հայաստանի վարչապետն ու Չինաստանի փոխվարչապետը զրուցում են ինչ որ միջանցքում, որը հավանաբար այն կառույցում է, որտեղ Բրյուսելում կայանում է Միջուկային էներգետիկայի Վեհաժողովը:

 

Տեսանյութում երեւում է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը Չինաստանի փոխվարչապետին է փոխանցում թղթապանակ, որում «Խաղաղության խաչմերուկի» բրոշյուրն է: Այս պատկերը ցավալիորեն արտացոլում է Հայաստան-Չինաստան հարաբերության ներկայիս վիճակը: Վիճակ, որը ոչ մի կերպ չի կարող համարժեք լինել այն աշխարհաքաղաքական եւ աշխարհտնտեսական դերին, որ ստանձնել է Չինաստանը եւ թերեւս խորացնում է այն: Չինաստանն այդ դերը խորացնում է իհարկե բավականին զգուշավորությամբ, առանց կտրուկ եւ ավելորդ շարժումների, բայց այդ հանգամանքը առավել ազդեցիկ է դարձնում Չինաստանի աճող դերը, այլ ոչ թե հակառակը:

 

Հայաստանի կառավարությունը հայտարարում է, որ փնտրում է նոր շուկաներ, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել Հայաստանի արտահանումը: Այդ պայմաններում տարօրինակ է, որ բավականին պասիվ է աշխատանքը Չինաստանի ուղղությամբ: Ինչ խոսք, սա շատ բարդ, տարողունակ աշխատանք է, հատկապես նկատի ունենալով, որ Հայաստանին դրա համար անհրաժեշտ է կայուն լոգիստիկա: Բայց, այդ աշխատանքի տարողունակությունը Հայաստանից պահանջում է ավելի լուրջ եւ համարժեք աշխատանք Չինաստանի հետ, ոչ թե «ոտքի վրա», այլ սեղանի շուրջ նստած, առարկայական, կոնկրետ օրակարգերով եւ քննարկումներով:

 

Պետք չէ իհարկե ունենալ պատրանք, որ Չինաստանն էլ «նստած սպասում» է Հայաստանի այդ աշխատանքին: Պեկինը ներկայումս զբաղված է շատ ավելի ընդգրկուն նախագծերով ու հարցերով, որոնք վերաբերում են աշխարհակարգային տրանսֆորմացիաներին: Բայց, անկասկած է նաեւ, որ Չինաստանը այդ հարցում բավականին էական ֆունկցիոնալ նշանակություն է տալիս Կովկասին, իսկ աշխպատանքի կենտրոն ակնհայտորեն դիտարկում է Հայաստանը, այլապես զուտ մեծամոլությունից չէ, որ Երեւանում կառուցել է եվրասիական ռեգիոնում մեծությամբ իր երկրորդ դեսպանատունը՝ Ռուսաստանում Չինաստանի դեսպանատնից հետո: Սա իհարմե միայն Հայաստանի հետ աշխատելու համար չէ, բայց Չինաստանն աշխատում է մեծ մասշտաբով եւ Հայաստանից է կախված, թե ինչ սեգմենտ կկարողանա զբաղեցնել այդ մասշտաբում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ