Հարգելի՛ ընկերներ,հասկանալի պատճառով առայժմ հնարավորություն չունեմ տպագրության հանձնել <<ՀԱՅԱՍՏԱՆ.ՌՈՒՍԱՍՏԱ՞Ն,ԹԵ՞ ԱՐԵՎՄՈՒՏՔ>> աշխատությունը։
Ուստի` նկատի ունենալով մեր օրերում ծավալվող իրադարձությունները`անհրաժեշտ եմ համարում ձեր ուշադրությանը ներկայացնել այդ աշխատության վերջաբանը։
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Ընթերցողների ուշադրությանը ներկայացնելով սույն աշխատությունը՝ անհրաժեշտ եմ համարում եւս մեկ անգամ անդրադառնալ որոշ կուսակցությունների ղեկավարներին ու քաղաքագետներին, որոնք համառ անողոքությամբ փորձում են հանրային գիտակցությանը պարտադրել արեւմտյան արժեքներ։
Այս իրողությունը նորություն չէ մեր պատմության մեջ։ Այդպես է եղել նաեւ անցյալ դարերում։
Երբ Հռոմին չի հաջողվել իրեն ենթարկել Հայ առաքելական եկեղեցուն, դիմել է խարդախ միջոցի՝ պարակտել հայ ժողովրդին՝ կաթոլիկություն տարածելու միջոցով։
Հայաստան եկած կաթոլիկ քարոզիչները սկսել են հայերի մոտ համախոհներ որոնել։ Նրանց հաջողվել է հավաքագրել իրենց համախոհ հայերին։Նրանք, վարձատրություն ստանալով, դարձել են Հռոմի եկեղեցու գործակալներ եւ կաթոլիկության քարոզիչներ։
Հռոմի եկեղեցու այս քաղաքականությունն իրագործելու մեջ առանձնապես եռանդ էր դրսեւորել Ֆրանսիան։
Այդ քաղաքականությունն իրականացվում էր խարդախ միջոցներով։ Դրանից օգտվում էին շահական Պարսկաստանը եւ սուլթանական Թուրքիան, քանի որ այդ միջոցով թուլացնում էին եւ ջլատում Հայ առաքելական եկեղեցու շուրջ համախմբված ժողովրդին։
Այժմ էլ Կաթոլիկ եկեղեցու օրինակով Արեւմուտքի տերությունները Հայաստանում անկախությունը հռչակելուց հետո գործադրում են հնարավոր ու անհնարին բոլոր միջոցները՝ ձգտելով Հայաստանում տարածել ու հաստատել արեւմտյան արժեքներ։
Եվ այդ նպատակով էլ արեւմտյան տերությունները Հայաստանում գտան քաղաքացիական եւ քաղաքական դաստիարակությունից ու ինքնասիրությունից զուրկ, անկիրթ ու անվայելուչ արտահայտություններով, շուկայական անողոքությամբ աչքի ընկնող իրենց ազդեցության գործակալներին՝<< քաղաքական գործիչներին>> եւ << քաղաքագետներին>>։
Այդ գործիչներն ու քաղաքագետները իրենց քարոզներով ձգտում են քաղաքացիներին համոզել, թե Հայաստանի առաջընթացը կարելի է ապահովել Արեւմուտքի երկրներին միանալու եւ նրանց հետ ինտեգրվելու միջոցով։
Վերոհիշյալ գործակալները Ռուսաստանին համարում են Արեւմուտքի հետ ինտեգրվելու միակ ու գլխավոր խոչընդոտ եւ իրենց քարոզներով ձգտում են Հայաստանը հեռացնել Ռուսաստանից՝ սերմանելով նրա նկատմամբ ատելություն։
Այդ գործակալների նպատակն է Հայաստանում ձեւավորել արեւմտյան արժեքներ՝ ապրելակերպ, միասեռ ընտանիք ու այլ արատավոր բարքեր, եւ դրանք արմատավորելու միջոցով վերացնել հայկական ընտանեկան ավանդույթները եւ ազգային արժեքները։
Վերոհիշյալ քարոզիչներին իբրեւ պատասխան՝ անհրաժեշտ եմ համարում հիշել ամերիկացի նշանավոր գրող Մարկ Տվենի՝ դեռեւս 1906թ. Սեպտեմբերի 7-ին իր ինքնակենսագրականում գրածը, թե ահա 125 տարի շարունակ ամերիկացիները սովորեցնում Եվրոպային. «Մեզ ոչ ոք չի հրավիրել, մենք ինքներս ենք մեր կարծիքը նրան աներեսաբար պարտադրում:
«Մենք,-շարունակում է մեծ գրողը,-անգլոսաքս ենք: Անցյալ ձմռանը՝ «Աշխարհի հեռավոր ծայրերումե կոչվող ակումբի ճաշկերույթի ժամանակ, նախագահող բարձրաստիճան պաշտոնաթող սպան մեծ ոգեւորությամբ ու բարձրաձայն հռչակեց. «Մենք անգլոսաքս ենք. Իսկ երբ անգլոսաքսին ինչ-որ բան հարկավոր է, նա գնում եւ վերցնում էե:
Նախագահի հայտարարությունն առաջ բերեց բուռը ծափահարություններ…Եթե այս հռչակագիրը (եւ նրանում արտահայտված զգացմունքները) թարգմանենք պարզ անգլերեն, ապա դա կհնչի այսպես. «Մենք՝ անգլիացիներս ու ամերիկացիներս, գող ենք, ավազակներ ու ծովահեններ, ինչով էլ հպարտանում ենքե:
Այնուհետեւ Մարկ Տվենը շարունակում է. «Ներկա գտնվող ամերիկացիներից ու անգլիացիներից ոչ մեկ քաղաքացիական արիություն չունեցավ վեր կենալ ու ասել, որ իր համար ամոթ է լինել անգլոսաքս, որ ամոթ է քաղաքակիրթ հասարակության համար, քանի որ նա իր շարքերում հանդուրժում է անգլոսաքսերին՝ մարդկության այդ խայտառակությանըե:
Մարկ Տվենի գնահատականից անցել է 100 տարուց ավելի: Եվ այդ ընթացքում անգլոսաքսերի կողմից ղեկավարվող ԱՄՆ-ի,Անգլիայի եւ Արեւմուտքի մյուս պետությունների զավթողական քաղաքականությունը դարձել է ավելի սանձարձակ ու ավանտյուրիստական:
Ահաբեկչական այն քաղաքականությունն, որն այնպես անողոքությամբ իրականացնում է Արեւմուտքը, միանգամայն նման է Հռոմեական կայսրության գործողություններին:
Անտիկ աշխարհի նշանավոր պատմիչ Տացիտը մեջբերում է Բրիտանիայի ցեղային առաջնորդներից մեկի՝ Կալգակի հետեւյալ խոսքերը՝ հռոմեացիների մասին. «Հափշտակելը, սպանելը, թալանելը, նրանց կեղծավոր լեզվով կոչվում է կառավարել: Իսկ երբ ամեն ինչ վերածնվում է անապատի, ապա դա անվանում են խաղաղությունե:
Մի՞թե այսպիսին չեն Արեւմուտքի ահաբեկչական գործողությունները, որոնք նա կատարել է Հարավսլավիայում, Իրաքում, Աֆղանստանում,Սիրիայում, Լիբիայում եւ այլն:
Այժմ 21-րդ դարի 20-ական թվականների սկիզբն է։ Արեւմտյան տերությունների քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել։ Մնացել է նույնը՝ ահաբեկել,սպանել,թալանել, եւ իրենց բարեկեցությունն ապահովել մյուս ժողովուրդներին ճնշելու միջոցով։
Հայաստանի անկախության հռչակումից ի վեր արեւմտյան տերությունների զանազան ներկայացուցիչներ օգնության ու աջակցության մասին խոսքեր են շռայլում եւ որեւէ գործնական քայլ չեն կատարում՝ դրանք իրագործելու համար։
Իսկ վերոհիշյալ քաղաքական գործիչները ու քաղաքագետները, ոգեւորվելով այդ դատարկ խոսքերից, քարոզում են,թե Հայաստանի փրկությունը ՆԱՏՈ-ի մեջ մտնելու, Եվրոմիության անդամ դառնալու մեջ է։ Մինչդեռ Արեւմուտքի ներկայացուցիչներից ոչ մեկ չի խոսում Հայաստանին ՆԱՏՕ-ի եւ Եվրոմիության անդամ դառնալու հնարավորության մասին։
Պետք է ասել, որ անցյալում էլ Արեւմտյան տերությունների ղեկավարները հայերին տվել են շատ խոստումներ, բայց երբեք դրանք չեն իրագործել։
Ասվածի կապակցությամբ հարկ եմ համարում ընթերցողի ուշադրությանը ներկայացնել հետեւյալ փաստը։
Արեւմուտքի տերությունները 1918-1920թթ.-ին, երբ ստեղծվել ու գործում էր Հայաստանի առաջին հանրապետությունը, շարունակում էին իրենց նույն քաղաքականությունը՝ խոստումներ տալով հայությանը, եւ այդ միջոցով նրան հեռու պահել Ռուսաստանից: 1918-1920թթ.-ին Հայաստանում Անտանտի երկրների միջեւ եղած հակասությունները դարձան ավելի բացահայտ, եւ նրանցից յուրաքանչյուրը դրանք կամենում էր լուծել՝ Հայաստանին խոստումներ տալու, իսկ Թուրքիային՝ գործնական աջակցություն կազմակերպելու միջոցով:
Այս առումով իր ուրույն տեղն է զբաղեցնում Սեւրի դաշնագիրը:
Թվում էր, թե հասել էր պատմական այն պահը, երբ Անտանտի տերությունները կարող էին կատարել Հայաստանին ու հայ ժողովրդին տված խոստումները:
Հիշենք այդ խոստումները:
Մինչ այդ խոստումներին անդրադառնալը հիշենք 19-րդ դարի երկրորդ կեսին 4 անգամ Անգլիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ուիլյամ Գլադստոնին,որը սուլթան Աբդուլ Համիդ II-ին անվանել է << մեծ մարդասպան>>։ Գլադստոնը նաեւ ասել է․ «Ծառայել Հայաստանին նշանակում է ծառայել քաղաքակրթությանը։
1880-1885 թթ․-ին,երբ մեծ տերությունների դեսպանները քննարկում էին հայկական վիլայեթներում բարենորոգումների իրագործման ծրագիրը, Գլադստոնի կառավարությունը հանդես էր գալիս Թուրքիայի շահերի պաշտպանությամբ։
1916թ.-ի նոյեմբերի 7-ին Ֆրանսիայի վարչապետ Բրիանը հայտարարել է. <<Երբ արդար հատուցման ժամը հնչի, Ֆրանսիան պիտի չմոռանայ հայ ազգի կսկծալի տանջանքները եւ, համաձայն իր դաշնակիցներուն հետ, ձեռք պիտի առնէ անհրաժեշտ բոլոր միջոցները՝ անոր ապահովելու համար խաղաղութեան եւ բարգաւաճման կեանք մըե>> (Կարապետ Իզմիրյան․ Հայ ժողովրդի քաղաքական ճակատագիրը անցեալին եւ ներկայիս (քննական տեսութիւն), Բեյրութ, 1964, էջ 185)։
Սրանից ավելի առաջ՝ 1914թ. Հոկտեմբերի 27-ին, Անգլիայի վարչապետ Ասքվիթն ասել է. <<Հնչեց Օսմանյան կայսրության թաղման կանչը ոչ միայն Եվրոպայում, այլեւ Ասիայում, եւ դրանում ոչ թե մենք, այլ օսմանյան կառավարությունն է մեղավոր: Թուրքական տիրապետության չքացումով կվերանա այն խոցը, որն ուտում է երկրագնդի գեղեցկագույն մասերը>>:
Ասքվիթին կրկնելով՝ Լ. Ջորջը հայտարարել է. <<Թուրքն անեծք ու ժանտախտ է այն վայրերի համար, որտեղ նա փռում է իր վրանը: Ի տարբերություն առասպելի գիշատիչ գազանի՝ թուրքը չունի նույնիսկ շնորհակալության զգացում այն մարդու նկատմամբ, որը բուժել է նրա վիրավոր թաթը>>:
Նույն Լ. Ջորջը 1917թ.-ի դեկտեմբերի 21-ին Համայնքների պալատում հայտարարել է. <<Հայաստանը նորից չպետք է դրվի թուրքերի աղետաբեր տիրապետության տակ>> (Լ.Ջորջ. Եվրոպական քաոս (ռուսերեն), Մոսկվա, 1924, էջ 52):
Իտալիան նույնպես արտահայտվում էր նրա օգտին, որ Հայաստանը հռչակվի անկախ ու ելք ունենա դեպի ծով( <<Հայրենիք>> 1927,հ.2, էջ 52):
1918թ-ի. Մայիսին ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնը հայտարարել է. <<Մենք ցած չենք դնի նաեւ զենքը, քանի դեռ Թուրքիայի ճնշված ժողովուրդները չեն ստանա իրենց ազատությունը: Թուրքիան իր դաժանություններով գերազանցեց իր ուսուցիչներին եւ դրանով ապացուցեց Եվրոպայում գոյություն ունենալու իր կասկածելի իրավունքը: Նա դարձել է կայզերի հավատարիմ ու արժանավոր ծառան: Հայերի ընդհանուր կոտորածը ստիպում է մեզ Եվրոպայի սահմաններից վերացնել այդ տգետ բանդան: Հայաստանը պետք է ստանա այն, ինչի համար նա պատմական իրավունք ունի: Նա կյանքի ավելի շատ իրավունք ունի, քան Թուրքիան, քանի որ նա կարող է ավելի լավ կառավարել իրեն: Վաղ թե ուշ Թուրքիան կկանգնի տրիբունալի առջեւ եւ պետք է հաշվետու լինի, եւ այն ժամանակ նրանից կպահանջեն կողոպտածը վերադարձնել իր իսկական տիրոջը>>(<<Րեչե (ռուսերեն), 1918, 5-ը նոյեմբերի):
Սա ԱՄՆ-ի պաշտոնական տեսակետն էր: Լուրջ, արդարացի խոստում էր, որ Թուրքիան պետք է կանգնի տրիբունալի առջեւ եւ դատապարտվի:
Ավարտվեց պատերազմը: 1919թ.-ի հունվարի 30-ին Անտանտի տերությունները հայտարարեցին, որ Օսմանյան կայսրությունը պաշտոնապես դադարում է գոյություն ունենալուց:
Պատերազմից հետո էլ Անտանտի երկրները շարունակում էին հայերին շռայլ խոստումներ տալ:
Եվ ահա 1920թ. Օգոստոսի 10-ին ստորագրվեց Սեւրի հաշտության պայմանագիրը, որի 88-93 հոդվածները վերաբերում էին Հայաստանին: Թուրքիան պետք է ճանաչեր Հայաստանը որպես ազատ ու անկախ պետություն։ Սեւրի պայմանագրով Հայաստանի սահմանների որոշման հարցը հանձնվեց ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնին:
Սեւրի պայմանագիրը ստորագրելուց հետո Լ. Ջորջը, նկատի ունենալով, որ դրանից փաստվում է Օսմանյան կայսրության անդամահատումը, հայտարարեց. <<Թուրքիան վերջնականապես բաժանված է, եւ մենք ոչ մի հիմք չունենք ափսոսալու դրա համար. Մեր առաջ հարց է ծագում՝ ումով փոխարինել Թուրքիան: Եվրոպական պետություններից միայն Մեծ Բրիտանիան, Իտալիան ու Ֆրանսիան են ընդունակ կատարել այդ առաքելությունը>>( Սեւրը եւ Լոզանը, Սեւրի հաշտության պայմանագիրը եւ Լոզանում ստորագրված ակտերը (ռուսերեն), Մոսկվա, 1927, էջ 67, «Ազգությունների կյանքըե (ռուսերեն), Մոսկվա, 1921, 17 մարտի):
Սեւրի պայմանագրից առաջինը հրաժարվեց Ֆրանսիան՝ արժանանալով Մուստաֆա Քեմալի գովեստին:
Պայմանագիրը ստորագրող երկրներից ոչ մեկ տեղից չշարժվեց, երբ Քեմալը նոր արշավանք ձեռնարկեց պայմանագիրը ստորագրած Հայաստանի դեմ: Սեւրի պայմանագիրը Հայաստանին ոչինչ չտվեց: Այն մնաց թղթի վրա: Այդ պայմանագիրը չծնված մեռավ՝ արեւմտյան տերությունների միջեւ հակասությունների սրման պատճառով, որի մեջ Հայաստանին տրված խոստումների մասին ոչ ոք այլեւս չէր հիշում:
Սեւրի պայմանագիրը ստորագրած մեծ տերություններից յուրաքանչյուրը, իր շահերից ելնելով, շտապում էր Մուստաֆա Քեմալի հռչակած թուրքական հանրապետության հետ կարգավորել հարաբերությունները՝ նրա մեջ տեսնելով մի ուժի, որն ընդունակ էր պայքարել Սովետական Ռուսաստանի դեմ:
Սեւրի պայմանագրից հետո Արեւմուտքի երկրները մի կողմ քաշվեցին եւ Հայաստանին թողեցին մենակ ընդդեմ քեմալական Թուրքիայի:
Անտանտի երկրները չհաշտվեցին այն իրողության հետ, որ 1920թ․-ի օգոստոսի 10-ին Սովետական Ռուսաստանի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ստորագրվեց ժամանակավոր համաձայնագիր, որը նպատակ ուներ կարգավորել հայ-ադրբեջանական փոխհարաբերությունները:
Այս համաձայնագրով Սովետական Ռուսաստանի զորամասերը պետք է մտնեին Ղարաբաղի, Զանգեզուրի ու Նախիջեւանի գավառները եւ կանխեին ազգամիջյան ընդհարումները, որոնք գնալով ավելի էին ծավալվում: Ընդորում այդ գավառների թուրք-ադրբեջանական բնակչությունը մեծ օգնություն էր ստանում Թուրքիայից, որի գործակալները ոչ միայն հակահայկական, այլեւ հակառուսական լուրեր էին տարածում՝ բորբոքելով մահմեդականների կրոնական մոլեռանդությունը:
Համաձայնագրի ստորագրումը Թիֆլիսում գտնվող Անտանտի երկրների ներկայացուցիչները համարում էին իրենց համար վտանգավոր՝ հայտարարելով, որ դրանով Հայաստանը հրաժարվում է Անտանտից եւ այդ պատճառով էլ նրանից օգնություն չի ստանա:
Անտանտի ներկայացուցիչներին չէին բավարարում նույնիսկ Հայաստանի կառավարության հավաստիացումներն այն մասին, որ Ռուսաստանի հետ կնքված համաձայնագիրը ժամանակավոր է եւ թելադրված է տակտիկական նկատառումներով:
Անտանտի երկրների ներկայացուցիչներն այդ համաձայնագրի մեջ տեսնում էին մի վտանգ՝ ազգամիջյան թշնամանքի վերացում, որը, իհարկե, Անդրկովկասում խանգարելու էր նրանց՝ <<բաժանիր, որ տիրես>> քաղաքականությանը:
Կարճ ժամանակ անց Անտանտի երկրները հրաժարվեցին Սեւրի պայմանագրից: 1920թ.-ի դեկտեմբերին Ֆրանսիայի վարչապետ Լեյգը հայտարարեց, որ Սեւրի դաշնագրի միջոցով անհնարին է Թուրքիայի հետ խաղաղություն հաստատել: Իսկ ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնը, մոռանալով թուրքական իշխանությունից Հայաստանն ազատագրելու մասին 1918թ-ին տված իր խոստումները, Մերձավոր Արեւելքում գերագույն կոմիսար նշանակված ադմիրալ Բրիստոլին հրահանգել էր, որպեսզի հավաստիացնի Քեմալին, թե ԱՄՆ-ն երաշխավորում է Թուրքիայի սահմանների անձեռնմխելիությունը, բացի արաբաբնակ հողերից (Մուստաֆա Քեմալ. Թուրքիայի ուղին (ռուսերեն), Մոսկվա, 1929, հ. 3, էջ 395)։
Ավելացնենք,որ արեւմտյան տերությունները Լոզանի կոնֆերանսում վերջնականապես մոռացան հայ ժողովրդին տված խոստումները, վերջնականապես թաղեցին հայկական հարցը եւ պաշտպանեցին Թուրքիայի շահերը։
Ահա,թե ինչպիսին են եղել հայերին փրկելու մասին Արեւմուտքի տված խոստումները։
30 տարի է, ինչ հռչակվել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ ընթացքում մենք հաճախակի լսել ենք Արեւմուտքի երկրների մեծ ու փոքր գործիչների հայանպաստ խոսքերը՝ Լեռնային Ղարաբաղի հայությանը պաշտպանելու մասին։
2020 թ․-ի սեպտեմբերի վերջից մինչեւ նոյեմբերի սկիզբը տեղի ունեցած թուրք ադրբեջանական ագրեսիայից հետո ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարները հանդես են եկել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին պաշտպանելու ոչինչ չասող հայտարարություններով։
Բայց 30 տարվա ընթացքում Արեւմուտքի երկրների ղեկավարներից ոչ մեկ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ համարելով այն Ադրբերջանին պատկանող տարածք։
Բախտորոշ իրադարձություններից հետո անցել է 100 տարի։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ Արեւմուտքի տերությունների քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել։ Խոսքով պաշտպանել են հայերին, իսկ գործով՝ Թուրքիային ու Ադրբեջանին։
Նույնպիսին են այժմ նաեւ Արեւմուտքի խոստումները, եւ հիշելով այս ամենը՝ հարկավոր է երբեք չմոռանալ արեւմտյան տերությունների դատարկ եւ երեսպաշտ վարքագծի հետեւանքները։
Այժմ, երբ գրվում են այս տողերը, 250 օրից ավելի է, ինչ Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի միակ կապող ուղին՝ Լաչինի միջանցքը, ադրբեջանական իշխանություններն ապօրինաբար փակել են։
Այս կապակցությամբ Հայաստանի առաջին դեմքերը՝ Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի խոսնակը, այցելել են Արեւմուտքի բազմաթիվ երկրներ եւ նրանց ղեկավարներին անձամբ ներկայացրել են Լաչինի միջանցքը փակելու փաստը եւ խնդրել են նրանց աջակցությունը։ Նրանք նույն խնդրանքով հեռախոսազրույց են ունեցել Արեւմուտքի շատ ղեկավարների հետ։ Լաչինի միջանցքի ապօրինի փակման մասին զրուցել են նաեւ Հայաստան այցելած արեւմտյան երկրների ղեկավարի ու այլ ներկայացուցիչների հետ։
Իր հերթին Հայաստանի Արտաքին գործերի նախարարը Լաչինի միջանցքի հարցով հանդիպել է Արեւմուտքի բազմաթիվ երկրների Արտաքին գործերի նախարարների հետ։
Նույն բովանդակությամբ հանդիպումներ են ունեցել նաեւ Ազգային ժողովի պատգամավորները, զանազան պաշտոնյանները,քաղաքական գործիչները եւ այլոք։
Լաչինի միջանցքն Ադրբեջանը փակ է պահում նույնիսկ Հաագայի միջազգային դատարանի որոշումից հետո։
Արեւմուտքի երկրների ղեկավարներին, պառլամենտներին ուղղված Հայաստանի վերոհիշյալ բոլոր դիմումները մնացել են անպատասխան, լավագույն դեպքում՝ լսվել են միայն աջակցության մասին խոսքեր։
Այս ամենը մեկ անգամ եւս ապացույց է այն բանին, որ արեւմտյան տերություններից ոչ մեկ ինչպես անցյալում, այնպես էլ այժմ երբեք մտադրություն չունի Հայաստանին ցույց տալ գործնական օգնություն։
Իսկ Հայաստանի քաղաքական եւ դիվանագիտական ղեկավարությունը հաշվի չի առնում անցյալի դառը փորձը եւ շարունակաբար դիմում է Արեւմուտքի երկրներին։
Չնայած այս դառը ճշմարտությանը՝ ազդեցության գործակալները, իրենց հերթին անտեսելով պատմության դասերը, անողոքությամբ շարունակում են Արեւմուտքին ապավինվելու վնասակար քարոզը։
Միաժամանակ վերոհիշյալ ազդեցության գործակալները զբաղվում են Ռուսաստանին վարկաբեկելով՝ մշտապես արտահայտվելով Ռուսաստանի թուլանալու եւ Հարավային Կովկասից նրա հեռանալու մասին՝ ակամա դառնալով Թուրքիայի շահերի քարոզիչներ։ Եվ համառորեն նրանք Ռուսաստանի փոխարեն առաջ են մղում Հարավային Կովկասում Թուրքիայի գործոնի կարեւորությունը։
Թուրքիայի հետ այսպիսի հետ հույսեր կապելը մեր ժողովրդի պատմության մեջ նույնպես եղել է, որոնց մասին հարկ եմ համարում մի քանի փաստ ներկայացնել։
1․1853-1856 թթ-ին․՝ Ղրիմի պատերազմի ժամանակ, Կովկասյան ռազմաճակատում ռուսական զորքերը հայերի զինված խմբերի հետ միասին ազատագրել էին Կարսը եւ Արեւմտյան Հայաստանի մի շարք այլ տարածքներ։
Այստեղ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել Կարլ Մարքսի գնահատականը․
Կ. Մարքսը մշտապես քննադատել է Հայկական հարցում Անգլիայի քաղաքականությունը: Այս կապակցությամբ նա ուշադրություն է դարձրել Ղրիմի պատերազմի ընթացքում անգլիական մամուլի հրապարակումներին, որոնցում քարոզվում էր այն միտքը, թե Ռուսաստանն այն միակ երկիրն է, որը փոքր ժողովուրդներին թուրքական լծից ազատելու քողի տակ նպատակ ունի նրանց ստրկացնել ու ձուլել, իսկ Թուրքիայում նրանք ազատ գոյության ու զարգացման հնարավորություն ունեն:
Եվ իբրեւ այդ տեսակետի ապացույց՝ անգլիական մամուլը 1853 թ.-ին ասպարեզ է բերել իբր Կիլիկիայի հայկական թագավորության ժառանգորդ, ավանտյուրիստ ոմն Լեւոն Լուսինյանին՝ տարածելով նրա կոչը՝ ուղղված արեւմտահայերին:
Եվ որպեսզի ցույց տա հայկական հարցում անգլիական դիվանագիտության ամբողջ խարդավանքը, Կ. Մարքսը հարկ է համարել հրապարակել Լ. Լուսինյանի կոչը, որն ամբողջությամբ մեջբերվում է ստորեւ:
<<Լեւոնը՝ Աստծո ողորմածությամբ Հայաստանի եւ այլնի գերագույն իշխանը՝ Թուրքիայի հայերին.
Սիրելի՛ եղբայրներ եւ հավատարի՛մ հայրենակիցներ, մենք արտահայտում ենք մեր կամքը եւ բուռն ցանկությունը, որպեսզի դուք մինչեւ արյան վերջին կաթիլը պաշտպանեք ձեր երկիրը եւ սուլթանին՝ ընդդեմ հյուսիսային բռնակալի:
Հիշեցե’ք, եղբայրնե՛ր, որ Թուրքիայում գոյություն չունեն մտրակներ, որ թուրքերը չեն ցավեցնում ձեր ռունգները եւ չեն վարկաբեկում ձեր կանանց ո՛չ գաղտնի, ո՛չ բացահայտ:
Սուլթանի իշխանության տակ ծաղկում է մարդկայնությունը, հյուսիսային բռնակալի իշխանության տակ ոչինչ չկա, բացի գազանային բռնություններից: Դրա համար էլ հանձնեցե’ք ձեզ Աստծո ողորմածությանը եւ անձնազոհությամբ մարտնչեցե’ք՝ հանուն ձեր երկրի ազատության եւ ձեր այժմյան իշխանի:
Քանդեցե՛ք ձեր տները՝ բարիկադներ կառուցելու համար. Եթե դուք զենք չունեք, ջարդեցե’ք ձեր տնային իրերը եւ պաշտպանվեցե’ք դրանցով: Թող Աստված ձեզ առաջնորդի փառքի ճանապարհ:
ՀՀ Պատմական Գիտությունների Դոկտոր-Պրոֆեսոր՝ Վլադիմիր Պետրոսյան