«Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը կանցկացվի Սիսիանում. Այն կտեւի երկու օր

09 Օգոստոսի 2023

Հայաստանն ու Իրանը մշակութային ժառանգությամբ և խոհանոցով բազմաթիվ նմանություններ ունեն, և այդ ընդհանրությունները տեղ կգտնեն «Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, ասուլիսի ժամանակ նշեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։

«Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնը տեղի կունենա Սյունիքի մարզի Սիսիան համայնքում օգոստոսի 10–11–ը։ Հիմնական միջոցառումները կսկսվեն ժամը 16.00–ին և կավարտվեն ուշ երեկոյան։ Փառատոնը տարածաշրջանային միասնական զբոսաշրջային արդյունք է, որը շատ կարևոր է հետկորոնավիրուսային զբոսաշրջային շուկայում մեր գրավչությունը ապահովելու համար»,– ասաց Ապրեսյանը։

Նրա խոսքով, այս փառատոնը շատ կարեւոր մրցունակ, բացառիկ, հայ-իրանական տարածաշրջանային միասնական զբոսաշրջային արդյունք է տալիս, որը նաեւ շատ կարեւոր գործոն է հետկորոնավիրուսյան նոր ձեւավորվող զբոսաշրջային շուկայում մեր գրավչությունը ամրապնդելու եւ շուկան դեպի մեզ գրավելու առումով. «Փառատոնը կարեւոր է մշակութային տեսանկյունից, համաշխարհային շուկայում Հայաստանը, Սյունիքի մարզը, Սիսիան համայնքը, Հայաստան-Իրան բարեկամությունը ներկայացնելու շատ լավ միջոց է: Այն նպաստում է տրածաշրջանի, Հայաստանի, Սյունիքի մարզի տնտեսական ակտիվությանը, տնտեսական աճի խթանմանը»,- ընդգծեց Ապրեսյանը:

Նա նաեւ հավելեց, որ մինչև նախորդ տարի եղել է ավանդույթ, որ մարդիկ Նավասարդի օրը` օգոստոսի 11–ին, այցելեն Զորաց Քարեր աստղադիտարան, որտեղ առավոտյան ժամը 4–ին աստղադիտում է կազմակերպվել, և մարդիկ տեսել են Հայկի համաստեղության հայտնվելը։ Փառատոնի հիմնական նպատակներից է նաև հանրահռչակել գիտամշակութային ժառանգությունը։ Փառատոնի մասնակիցները հնարավորություն կունենան հետևելու նաև այդ գեղեցիկ տեսարանին։

Ապրեսյանը տեղեկացրեց, որ իրանական կողմի հետ քննարկում են ապագայում փառատոնի անցկացման երկու տարբերակ` կա՛մ այն մի տարի կանցկացվի Հայաստանում, մյուս տարի` Իրանում, կա՛մ փառատոնը կանցկացվի տարվա մեջ երկու անգամ և՛ Իրանում, և՛ Հայաստանում։

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդականի պաշտոնակատար Մոհամմադ Ալի Քիանին իր հերթին շնորհակալություն հայտնեց փառատոնի շրջանակներում իրանական կողմին 20 անվճար տաղավար տրամադրելու համար։

«Մենք ամեն ինչ արել ենք, որ իրանցիները հավուր պատշաճի ներկայանան փառատոնին։ Փորձել ենք ներգրավվել նաև Հայաստանում աշխատող իրանցի խոհարարներին։ Մեծ հույս ունենք, որ նման փառատոներ կկարողանանք իրականացնել նաև Իրանում »,–ասաց նա։

Քիանին ընդգծեց, որ թեև փառատոնի հիմնական շեշտը խոհանոցի վրա է, սակայն իրենք ամեն կերպ ներկայացնելու են նաև իրանական մշակույթը։

Ասուլիսին ներկա «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ նշեց` շատ կարևոր է, որ երկու բարեկամ ժողովուրդները կարողանան հարաբերվել, փոխանակել, ավելացնել միմյանց մշակութային ժառանգությունը։

«Մեր խոհանոցները չեն կարող իրար նման չլինել, և այդ նմանությունները մեր երկու ազգերի հարստություններն են։ Շատ ուրախ եմ, որ մասնագիտական շրջանակներում ևս այս առումով չկա դիմակայություն, և փառատոնը գնալով մեծ թափ է հավաքում»,–ասաց Մամուլյանը։

Նա ընդգծեց, որ փառատոնի ամենակարևոր ծիսական կերակուրը Նավասարդի հարիսան է, որը չի հարվում, որպեսզի գալիք տարին խառնակ չլինի, պատերազմներ չլինեն։

ՀԿ–ի նախագահը նաև տեղեկացրեց, որ փառատոնի ընթացքում անցկացվելու է խոհարարական մրցույթ, որի ժյուրիի կազմում լինելու են և՛ իրանցիներ, և՛ հայեր։

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ