«Միևնույն ժամանակ, Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը իրավիճակի հաղթահարման ամենակառուցողական սցենարն է ու պետք է բոլոր ջանքերը գործադրել այս ուղղությամբ», Երեւանում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում ունեցած իր ելույթում արձանագրելով, որ հուլիսի 15-ի Բրյուսելի հանդիպումը որեւէ առաջընթաց չի ապահովել Լաչինի միջանցքի ապաարգելափակման հարցում: Իսկ ի՞նչ այլ սցենարներ կան, եթե ըստ Հայաստանի վարչապետի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմը «ամենակառուցողականն» է: Ամբողջ հարցն այն է, որ այդ մեխանիզմը կարծես թե անիրագործելի է:
Հայաստանի վարչապետն ինքն էլ հայտարարում է, որ Ադրբեջանը վարում է էթնիկ զտման, ցեղասպանության քաղաքականություն: Ինչպե՞ս կարող է այդպիսի քաղաքականություն վարող Բաքուն գնալ Ստեփանակերտի հետ այնպիսի երկխոսության, որը կենթադրի Արցախի որեւէ սուբյեկտություն եւ իրավունքի ու անվտանգության հարցերի այնպիսի շեշտադրում, որը դուրս կլինի Բաքվի «ռեինտեգրացիոն» պատկերացումներից: Հետեւաբար, գործնականում անհնար է թվում, որ Բաքուն կամովին կհամաձայնի Ստեփանակերտի հետ երկխոսության, այն էլ միջազգային մեխանիզմի ներքո:
Ըստ այդմ առաջանում է հարց, թե արդյո՞ք կլինի ճնշում Ադրբեջանի վրա, որը նրան կստիպի ճանաչել Ստեփանակերտն ու միջազգային մեխանիզմի ներքո նստել բանակցության, երկխոսության: Ցավոք սրտի, ներկայումս ոչ միայն չի նշմարվում այդպիսի ճնշման հնարավորություն, այլեւ հակառակը՝ չնայած միջազգային մտահոգությունների բարձրաձայնմանը, գործնական հարթությունում «ճանաչվում» է այն քաղաքականությունը, որ վարում է Ադրբեջանը Արցախի լիակատար պաշարման տեսքով: Հետեւաբար հարց է առաջանում, «ամենակառուցողականից» բացի, էլ ի՞նչ սցենարներ կան, որոնք կօգնեն հաղթահարել իրավիճակը՝ լինելով «կառուցողական»: Որեւէ մեկը Երեւանին ու Ստեփանակերտին ներկայացնու՞մ է այդպիսի որեւէ սցենար, թե՞ ոչ: Ըստ ամենայնի, պաշտոնական Երեւանը պետք է սկսի ավելի բաց խոսել այդ մասին, Հայաստանի ու Արցախի հանրությանը կողմնորոշման ավելի առարկայական հնարավորություն տալու համար: