Հուլիսի 4-ին Դելիում հեռավար ձևաչափով տեղի է ունենալու Շանհայի կազմակերպության Վեհաժողովը, որի ընթացքում կհայտարարվի կազմակերպությանն Իրանի լիիրավ անդամ դառնալու մասին: Պրոցեդուրալ, տեխնիկական հարցերը լուծվել են դեռևս նախորդ տարվանից, և հուլիսի 4-ի Վեհաժողովում Իրանը կհռչակվի կազմակերպության լիիրավ անդամ: Սա անշուշտ նոր իրավիճակ է թե միջազգային մակարդակում, թե մեծ մերձավորարևելյան ռեգիոնի, թե անմիջականորեն Կովկասի: Շանհայի գործակցության կազմակերպության լիիրավ անդամություն ստացած Իրանը փաստացի ձևավորում է նոր քաղաքական կշիռ, որն անշուշտ պետք չէ գերագնահատել, բայց չարժե նաև թերագնահատել կամ անտեսել:
Պետք է հաշվի առնել այն, որ տնտեսական գործակցության այդ կառույցը ներկայիս ժամանակահատվածում իր վրա կրում է նաև աշխարհաքաղաքական դիմակայության «շունչը» և ազդեցությունը, ու այդ իմաստով Իրանի անդամակցումը գործնականում աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական նոր իրողության համատեքստում է: Հայաստանի համար այդ իրողությունն իհարկե բավականին բազմիմաստ է, մի կողմից այն առումով, որ ՇԳԿ անդամ Իրանը կարող է դառնալ լրացուցիչ տնտեսական հնարավորությունների դաշտ, մյուս կողմից էլ կասկածից վեր է, որ Իրանի լիարժեք անդամությունը ռեգիոնում և դրա շուրջ կխթանի աշխարհաքաղաքական մրցակցության լրացուցիչ աստիճան, հաշվի առնելով այն, որ ՇԳԿ մեծ հաշվով չինական աշխարհաքաղաքականության արտահայտման հարթություններից է (իհարկե ոչ միայն), իսկ այդ խնդիրը իր գլխավոր մարտահրավեր է դիտարկում Միացյալ Նահանգները, ինչից առանձնապես հետ չի մնում Բրիտանիան, որոնք ռեգիոնալ հակազդման տիրույթում այդ հարցում առանցքային գործակցության հասցե դիտարկում են Անկարան, որը ունի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ:
Ի դեպ, այդ կարգավիճակն ունի նաև Հայաստանը, որը սակայն դեռևս 2013-ին արտահայտել է ՇԳԿ դիտորդի կարգավիճակ ստանալու մտադրություն: Իհարկե այդ հարցն առ այսօր բաց է և իհարկե շատ քիչ հավանական է, որ Հայաստանն այդ առումով «դիտարկվի» ավելի առաջ, քան օրինակ Թուրքիան, որը կարծես թե ևս ունի դիտորդի կարգավիճակ ստանալու մտադրություն, իսկ գուցե կարող է խոսք լինել անգամ անդամության գործընթացի մասին: Թեև, ստեղծված աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում Երևանին գուցե արժե գոնե հիշեցնել Շանհայի գործակցության կազմակերպության դիտորդի կարգավիճակ ստանալու հարցի ու դրա դիտարկման ակնկալիքների մասին, տեղավորելով այդ մտադրությունը Արևելք-Արևմուտք գործակցության մեծ համայնապատկերում, հաշվի առնելով նաև հաղորդուղիների համար ազդեցության այն պայքարը, որ ծավալվում է նաև Կովկասում: