Վաշինգտոնում ավարտվեց հայ-ադրբեջանական բանակցության հերթական՝ երկրորդ ռաունդը: Եռօրյա բանակցության ամփոփիչ հայտարարությունում նշվում է, որ կողմերը առաջընթաց են արձանագրել խաղաղության պայմանագրի նախագծի մի քանի հոդվածով, սակայն ըստ պետքարտուղար Բլինքենի՝ կա շարունակելու մեծ աշխատանք և կարևոր հարցեր մնում են հետագային: Վաշինգտոնում հայտարարվեց, որ շարունակությունը կլինի Եվրոպայում: Ինչպես մայիսյան փուլից հետո, երբ դրան հաջորդեց հանդիպում Բրյուսելում: Պետքարտուղար Բլինքենը ռաունդի ավարտին շնորհակալություն է հայտնել կողմերին՝ բանակցության պատրաստակամության, այն շարունակելու հանձնառության համար: Առանցքային հարցն այն է, թե ի՞նչ հոդվածներով է այն համաձայնությունը, որի մասին խոսվում է, ինչի՞ն են դրանք վերաբերում: Գուցե առավել դյուրին է կռահել, եթե ո՞ր հարցերն են, որ համաձայնեցված չեն, բարդ են, և որոնց անդրադարձը թողնվում է հետագային: Դրանք ըստ ամենայնի վերաբերում են Արցախին, սահմանագծմանն ու սահմանազատմանը, նաև միջազգային երաշխիքներին:
Նկատելի է, որ Վաշինգտոնը որդեգրել է հետևյալ մեթոդաբանությունը՝ թողնել այն հարցերը, որոնք ենթակա չեն համաձայնեցման, առնվազն տեսանելի ապագայում, և գնալ համաձայնեցման ենթակա հարցերի ճանապարհով, եթե անգամ դրանք չունեն մեծ նշանակություն ընդհանուր խաղաղության համատեքստում: Պետք է նկատել, որ այդ մեթոդաբանությունը հայ-ադրբեջանական հակամարտության պատմության հարցում բոլորովին նոր չէ: Այն կիրառվել է ղարաբաղյան կարգավորման գործընթացում, երբ համաձայնեցվում էին տարբեր, նույնիսկ տասնյակ հարցեր, առավել սկզբունքային և նշանակալի, առավել որոշիչ հարցերը թողնելով հետագային: Բայց, ինչպես ցույց տվեց փորձը, այդ մեթոդաբանությունը թողնում է թվացյալ արդյունավետության տպավորություն, կարճաժամկետ առումով թվում է էֆեկտիվ, աշխատող, սակայն գործնականում չի պարունակում երկարաժամկետ փակուղու ռիսկերը արդյունավետ չեզոքացնելու մեխանիզմներ: Ի վերջո, հենց այդ մեխանիզմների բացակայությունն էր, որ կարգավորման այսպես ասած նախապատերազմական շրջափուլում իրավիճակը հասցրեց պատերազմի գրեթե անխուսափելիության:
Հետևաբար գլխավոր հարցը այն է, թե Վաշինգտոնը ներկայումս որքանով է տիրապետում այդ ռիսկերի կրկնությունից խուսափել թույլ տվող մեխանիզմների, հատկապես հաշվի առնելով, որ միջազգային իրավիճակը ներկայումս ինքնին ռիիսկեր գեներացնող իրավիճակ է: Այլ կերպ ասած, փոքր հարցերում համաձայնության ճանապարհով ընդհանուր միջավայրի բարվոքության հասնելու մեթոդաբանությունը կարող է լինել ընդհանուր կայունության և կառավարելիության տանող ճանապարհ, բայց կարող է դառնալ նաև «թմրեցնող» միջոց, երբ կայունության ճանապարհը կլինի խաբկանք, իսկ գործնականում առումով իրավիճակը կգնա փակուղի: Այստեղ սկզբունքային է հարցը, թե ինչ մեխանիզմ է կիրառվում ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի քաղաքականության դեմ: Եթե այդպիսի մեխանիզմ դիտվում է փոքր հարցերում համաձայնության մեթոդաբանությունը, այդ կերպ նվազեցնելով Ադրբեջանի՝ ուժային սադրանքների այսպես ասած մոտիվացիան, ապա դա կարող է լինել խիստ անբավարար: