Եռակողմ հանդիպմանը Փաշինյանը խոսել է գերիների վերադարձի ու ԼՂ հակամարտության լուծման մասին

27 Նոյեմբերի 2021

 

 

Մայիսի 12-ց ի վեր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ճգնաժամային է: Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նաև անդրադարձավ Ադրբեջանի նախագահի պնդմանը, թե նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը գրեթե ամբողջությամբ իրագործվել են:

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Ակնհայտ է ՌԴ նախագահի անձնական և Ռուսաստանի Դաշնության դերը նախորդ տարվա պատերազմը կանգնեցնելու գործում: Նոյեմբերի 9-ից հետո ռուսական խաղաղապահ ուժերը տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում՝ Լաչինի միջանցքի երկայնքով: Ակնհայտ է, որ ռուս խաղաղապահները, Ռուսաստանի Դաշնությունն առանցքային դերակատարում ունեն Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում, բայց ցանկանում եմ ընդգծել, որ, ցավոք, իրավիճակը ոչ այնքան կայուն է, որքան կցանկանայինք: Նախորդ տարվա նոյեմբերի 9-ից հետո մի քանի տասնյակ մարդ է մահացել երկու կողմերից էլ, դեպքերը տեղի են ունենում և Լեռնային Ղարաբաղում, և այս տարվա մայիսի 12-ից հետո մենք փաստացիորեն ունենք ճգնաժամային իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանին ևս: Մեր գնահատականն այնպիսին է, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք: Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը դելիմիտացված և դեմարկացված չէ, բայց պետական սահման գոյություն ունի և դա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն է: Ես չեմ համաձայնի Ադրբեջանի նախագահի ձևակերպման հետ, թե փաստացի բոլոր կետերը, բացի կոմունիկացիաների ապաշրջափակումից, արդեն իրականացվել են: Դուք գիտեք, և դա մենք բազմիցս քննարկել ենք Ձեզ հետ և՛ ուղիղ, և՛ հեռախոսով, որ առկա է նաև ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցը: 

Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ կողմերը հավաքվել են ոչ միայն խնդիրները բարձրաձայնելու, այլև որոշումներ գտնելու համար: Հայաստանը պատրաստ է սկսել սահմանազատմանը և սահմանագծմանը վերաբերող գործընթացը: Երևանի համար շատ կարևոր է նաև տրանսպորտային կոմունիկացիաների հարցը: Նիկոլ Փաշինյանն առանձին անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններին:

Նիկոլ Փաշինյան - Հայաստանը պատրաստ է սկսել սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը: Բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման թեման նույնպես շատ կարևոր է մեզ համար, և մենք անկեղծորեն հետաքրքրված ենք այդ հարցերի լուծմամբ: Հույս ունեմ՝ բոլոր հարցերը մենք կքննարկենք, և Դուք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը հիշատակեցիք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը, և հենց նոր Ադրբեջանի նախագահը հիշատակեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների մասին, իհարկե, մենք դրանում նույնպես հետաքրքրված ենք: Մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, բայց, կարծում եմ, որ շատ հարցեր կարող ենք և պետք է քննարկել և լուծել եռակողմ ձևաչափով, երկկողմ ձևաչափով: Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև արդեն ուրվագծվում են նաև ուղիղ կապեր և կարծում եմ, որ դա նույնպես պետք է ընդգծել ոչ այնքան լավ և պոզիտիվ նյուանսների ֆոնին: Այդ պոզիտիվ նյուանսները նույնպես պետք է ընդգծել: Եվ ամենակարևորը, ցանկանում եմ կրկնել, կարծում եմ, որ այսօրվա հանդիպման գլխավոր նպատակն է ոչ միայն բարձրաձայնել ինչ-որ խնդիրների առկայության և բացակայության մասին, այլ գլխավորն այն է, որ մենք կարողանանք գալ կոնկրետ կամ որքանով հնարավոր է կոնկրետ որոշումների տարածաշրջանում` Հարավային Կովկասում կայունության համար, քանի որ մեր պատասխանատվությունն է` խաղաղությունը, կայունությունը և մարդկանց անվտանգությունը:

Ադրբեջանի նախագահն, իր հերթին, նշեց՝ հայ-ադրբեջանական սահմանը որոշված չէ, և Բաքվում պատրաստ են սկսել համապատասխան գործընթացը: Ալիևը նաև հայտարարեց՝ առաջարկել են հայկական կողմին սկսել բանակցություններ «խաղաղության պայմանագրի» շուրջ: Ավելի վաղ Հայաստանի ղեկավարությունը նշել էր, որ երբեք չի հրաժարվել խաղաղության պայմանագրից:

Ռուսաստանի ղեկավարն, իր հերթին, նշեց՝ կողմերը հետաքրքրված են ստեղծված իրավիճակի կարգավորմամբ: Նաև անդրադարձավ սահմանազատման և սահմանագծման հարցին:

Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ - Մենք պայմանավորվում ենք մոտ ապագայում կարգավորել աշխատանքը սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ: Դրա մասին մենք նույնպես կխոսենք: Սակայն, հասկանալի է, որ դա բարդ հարց է, որը մենք ժառանգել ենք դեռ Խորհրդային Միությունից:

Ռուսաստանի նախագահը նաև խոսեց Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության մասին: Հայտարարեց՝ չնայած միջադեպերին, հաջողվում է խուսափել լուրջ ընդհարումներից:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ