ԵՐԿՐԻ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ ԳԵՐԱԴԱՍԵՆՔ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՈՒ ԽՄԲԱՅԻՆ ՇԱՀԵՐԻՆ

15 Հունիսի 2021

Մասնակցելով ընտրություններին՝ ոչ ասենք նախկին թալանչիներին և սատարենք հեղափոխության շարունակությանը:
Հայ ժողովուրդը ներկա ճգնաժամից դուրս գալու համար ընտրեց Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումը: Սակայն մտահոգություն կա, որ ընտրություններից հետո չբավարարված կուսակցությունները, հատկապես նախկին և օլիգարխ իշխանավորները սկսելու են տարբեր միջոցներով՝ ցույցերով, փողոցներ փակելով և այլ գործողություններով, անկայուն վիճակ ստեղծել երկրում և ձգտելու են այլ միջոցներով հասնել իրենց նպատակներին: Դրանով նրանք ստեղծելու են այնպիսի անկայուն իրավիճակ, որը հարմար առիթ է լինելու Ադրբեջանի զիվորականների համար՝ էլ ավելի շատ ներխուժելու Հայաստանի սուվերեն տարածք:
Վերոհիշյալ իրողությունը նկատի առնելով՝ Հայ ձախ Ֆորումը կոչ է անում հայաստանի քաղաքացիներին, ակտիվ մասնակցելով ընտրություններին, ոչ ասել նախկին թալանչիներին և հնարավորություն ստեցծել շարունակելու հեղափոխության գործընթացը:
Հաշվի առնելով Հայաստանի հարավային սահմանի իրավիճակը և տարածաշրջանի անկանխատեսելի հնարավոր անցուդարձերն ու անկայունությունը, որը կարող է սպառնալ նաև Հայաստանի կայունությանն ու անվտանգությանը, Հայ Ձախ Ֆորումը կոչ է անում բոլոր առաջադեմ ու ողջամիտ ուժերին, որոնք երկրի, ազգի ու մեր պետականության շահերը գերադասում են իրենց անձնական, կուսակցական, դաշինքի կամ խմբային շահերից՝ ոչ ասեն թալանչիներին ու քվեարկեն առողջ քաղաքական ուժերի և հատկապես «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության օգտին:
Զգացվում է, որ արտաքին ուժերի կողմից նյութական օգնության շռայլություն է ցուցաբերվել նորելուկ հակառուսական կուսակցությունների նկատմամբ, որոնք էլ շատ լավ կատարում են իրենց առաքելությունը՝ հակառուսական հանրային կարծիքի ձևավորման ուղղությամբ, որը հակասում է մեր ազգային շահերին ու անվտանգությանը: Մի իրականություն էլ, որ պետք է նկատի ունենանք, այն է, որ Ռուսաստանի Դաշնության պետական համակարգը կամ հասարակությունը սոլիդ կամ միատար կառույց չէ: Այնտեղ գոյություն ունեն «նոր ազատական» կամ ամերիկամետ շատ ուժեր, որոնք դեմ են Ռուսաստանի նախագահ Պուտինի ազգային քաղաքականությանը: Ռուսաստանի այդ խավը իր ազդեցությունն ունի նաև Հայաստանի հակառուսական ուժերի վրա:
Դժբախտաբար, մենք դեռևս հեռու ենք գաղափարական ու համակարգային հակասություններից:
Հայ Ձախ Ֆորումը՝ սատարելով 2018 թվականի հեղափոխական իշխանությանը ակնկալում է, որ հեղափոխության շարունակության դեպքում գնալու ենք դեպի հասարակական արդարություն հաստատելու հեղափոխությանը:
Հայ Ձախ Ֆորումը համոզված է, որ միայն համահայկական միասնական պայքարով է հնարավոր կերտել՝ Հզոր, անվտանգ, ինքնաբավ, դեմոկրատիկ և սոցիալապես ու տնտեսապես արդար Հայաստան:
Հայ Ձախ Ֆորումն առաջարկում է, որ մեխանիզմներ ճշտվեն սփյուռքահայության՝ քաղաքական, մասնագիտական ու նյութական պոտենցիալ ուժի ճիշտ օգտագործման ուղղությամբ, որի համար շատ կարևոր է Սփյուռքի Նախարարության վերականգնումն ու Համահայկական Բանկի ստեղծումը:
Հայ Ձախ Ֆորում,
Երևան, 15/06/2021

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ