Այս տարի յուրահատուկ պայմաններում է հայ ժողովուրդը նշելու Հայոց Ցեղասպանության զոհվածների ոգեկոչման միջոցառումները։ Կորոնավիրուսի հիվանդությանը և պատերազմի հետևանքներին ընդիմանալը, դրանց դեմ պայքար ծավալելը և ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունները յուրահատուկ իրավիճակ են ստեղծել Հայաստանում։ Հայ ժողովուրդը չի ընկճվելու և այնքան ուժ և փորձ ունի, որ կարողանալու է հաղթահարել բոլոր այս դժվարությունները։
Ինչպես Հրանդ Դինքն է շեշտում, մենք էլ գտնում ենք, որ առաջնահերթությունը այն է, որ Թուրքիան ճանաչի իր իրական պատմությունը և հասկանա, թե ինչ է պատահել հայ ժողովրդի հետ Արևմտյան Հայաստանում։ Պետք է Թուրքիան առնչվի իրական պատմության հետ, դա կնպաստի երկու ժողովուրդների հետագա հաշտ ու խաղաղ համակեցությանը։ Հայերս տարբեր եղանակներով պետք է նպաստենք դրան։ Մյուս երկրների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը իրենց խղճի հարցն է, սակայն կարևորը Թուրքիայի ճանաչումն է։ Թուրքիան պետք է վերադարձնի թրքահայերին պատկանող բոլոր կալվածները, վերացնի բոլոր սահմանափակումները հայերի կրթական և մշակութային զարգացման բնագավառներում։ Փոխադարձ համաձայնությամբ Թուրքիան պետք է փոխհատուցի իրագործած ցեղասպանության համար։ Փոխհատուցումը կարող է լինել տնտեսական, հնարավոորւթյուն ստեղծի Հայաստանի Հանրապետության համար ազատ ճանապարհ ունենալ դեպի սև ծով։
Թուրքիայում պետք է թուրք ժողովրդի մոտ վերոհիշյալ հանրային կարծիքը ձևավորվի, դա բավականին դժվար մի գործընթաց է, սակայն դա է միայն տրամաբանական ուղին։
Կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանը չընկճվել Արցախի դեմ թուրք-ադրբեջանական սանձազերծված վերջին պատերազմից և տնտեսապես ու ռազմապես ավելի հզորանալով քայլել դեպի առաջ։
Հայ Ձախ Ֆորումը իր հարգանքի տուրքն է մատուցում և խոնարհվում է մեր բոլոր զոհերի առջև։ Մենք մեր կարողությունների չափով կաշխատենք նպաստել Հայոց Ցեղասպանության ճանաչմանը՝ հատկապես Թուրքիայում և թուրք ժողովրդի կողմից։ Պետք է մեր կապերը սերտացնենք Թուրքիայում առողջ և ողջամիտ ուժերի հետ և տարբեր միջոցներով սովորական ժողովրդի գիտակցության մեջ հասանելի դարձնել այն իրողությունն ու փաստը, որ այս անհերքելի դառը պատմությունը տեղի է ունեցել Թուրքիայում, և նրանք լավ ապագայի համար հարկավոր է, որ ճանաչեն իրենց երկրում տեղի ունեցածը՝ հայերի ցեղասպանությունը։
Հայ Ձախ Ֆորում, Երևան, 23 Ապրիլ, 2021 թ․