Օպերացիա կար, որով կարող էր Շուշին չընկնել․ Գագիկ Մելքոնյան

16 Նոյեմբերի 2020

Մեր զինվորը չպարտվեց, մինչև վերջ զինվորը մնաց դիրքերում: Մինչև նոյեմբերի 14-ը մենք Օմարի դիրքերում էինք: Օմարի լեռնաշղթան մնաց անառիկ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը՝ հավաստիացնելով, որ ռազմամթերքի, սննդի և դեղորայքի խնդիր չեն ունեցել և ոչ էլ համալրման:

 

Անդրադառնալով դիտարկմանը, որ առաջնագծից դիրքերը բարելավելու մասին տեղեկություններ էին հասնում՝ Գագիկ Մելքոնյանը նշեց. «Շուշիից դեռ 5կմ հեռու էին, օպերացիա կար՝ նախապատրաստվում էինք, մեզ պետք էր 1500 մարդ: Սամվել Բաբայանի հետ ծրագրված էր, իրենք ծրագրել էին Բերձորի կողմից, Շոշի կողմից և Քարին տակի կողմից պետք է փակվեր և Շուշիի տակ հավաքվածներին շրջափակման մեջ պետք է առնեինք և ականանետներով ջախջախեինք: Ամեն տեղից մեկ երկու գումարտակ պետք է միանային մեզ, մեկ-երկու գումարտակ էլ պետք է Հայաստանից գար:

Բայց տեղի ունեցավ հակառակը: Երբ որ Շուշիում դեռ մարտեր էին գնում, ամսի 7-ին միանգամից Ստեփանակերտը և հարակից գյուղերը դատարկվեցին, բնակչությունը դուրս եկավ, և նրանց մեջ մեծ մասը ընդունակ էին կռվելու, երիտասարդ տղաներ կային. ժողովուրդը տարհանվում էր Երևան: Մենք դրանից եզրակացրինք, որ ուրեմն ինչ-որ մեկն ասել է, որ գնան բայց թե ով, ինչու, այդպես էլ չիմացանք: Երեք օրվա ընթացքում ամբողջ Արցախը դատարկվեց, մոտավորապես 4000 մեքենա գնաց այդ 3-4 օրում: Գալիս էին զենքերը գցում ու հեռանում»,- ասաց Մելքոնյանը՝ հավելելով, որ Շուշին նոյեմբերի 9-ին են վերցրել, բայց նոյեմբերի 7-ին դեռ Ստեփանակերտում 5000 մարդ կար, նրանց մի մասը կարող էր ոտքի կանգնել և Շուշին պահել, բայց չկանգնեցին, ուղղություն վերցրին դեպի Երևան»:

 
 
 

Նրա խոսքով՝ Շուշիի պաշտպանության պատասխասատուն հիմնականում բանակն էր, բայց Սեյրան Օհանյանը մինչև վերջ այնտեղ է եղել, նա էր ղեկավարում այդ գործողությունները:

Մելքոնյանի խոսքով՝ զորքի մեջ խուճապ էին փորձել մտցնել, դավաճանություն է եղել, թե իբրև թե հողերը ծախված են, ինչու եք կռվում, փախեք: «Հետո հրաժարականի կոչեր էին անում այստեղ, ու այդ ամբողջ աթոռակռվի մասին արդեն զորքը գիտեր, շատ տեղեր մարդիկ սկսեցին չկռվել՝ ասելով՝ գնանք-տեսնենք Հայաստանում ինչ է կատարվում: Սա էլ երկրորդ դավաճանությունն էր: Սա նման էր Ղարսի անկմանը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ