Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունիսի 16-ի գիշերն այցելել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձերբակալվածների պահման վայրում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին:
Պաշտպանն առանձնազրույց է ունեցել Մանվել Գրիգորյանի հետ, ուսումնասիրվել են նրա վերաբերյալ փաստաթղթերը և պահման պայմանները: Ուսումնասիրվել են նաև առողջական վիճակի ու բուժօգնության հետ կապված հարցերը: Բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք տեղում ստացել են լուծում:
Պատգամավորի կողմից չեն ներկայացվել դժգոհություններ պահման պայմաններից և ՁՊՎ-ի աշխատակիցների վերաբերմունքից: Մանվել Գրիգորյանի փաստաբանի կողմից բարձրացված հարցի հիման վրա, ՁՊՎ-ի հավաստմամբ, անհրաժեշտության դեպքում կապահովվի նաև Մանվել Գրիգորյանի հետազոտումն իր նախընտրած բժշկի կողմից:
Պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Մանվել Գրիգորյանի փաստաբանների հետ:
Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում անհրաժեշտ քայլերի ձեռնարկելու նպատակով:
Ավելի վաղ ձերբակալված ՀՀԿ-ական պատգամավորին այցելել էին նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին: ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք:
ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:
Կատարվածի առնչությամբ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀԿ ԱԺ խմբակցությունը, որը մտահոգություն է հայտնել ու ընդգծել է, թե ձերբակալումը տեղի է ունեցել պատգամավորի անձեռնմխելիության Սահմանադրական ընթացակարգերի խախտմամբ։
Աղբյուրը՝ Արմենպրես լրատվական