Հայտնի է վարչապետի հաջորդ ընտրության համար հրավիրվելիք ԱԺ նիստի օրը

02 Մայիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ: Հայաստանի վարչապետի ընտրության երկրորդ փուլը կկայանա մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,- ասված է հայտարարության մեջ:

Վարչապետի ընտրության առաջին փուլը տեղի ունեցավ մայիսի 1-ին: Առաջադրված միակ թեկնածուն Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էր: Վարչապետի պաշտոնում նրա թեկնածության օգտին կողմ քվեարկեց 45, դեմ` 56 պատգամավոր: Առաջին փուլում վարչապետի ընտրությունը չկայացավ:

ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ առաջին փուլում վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները (35 պատգամավոր): Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (53 ձայն) վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Ստացվում է, որ երկրորդ փուլում կրկին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու համար «Ելք» խմբակցությունը կունենա «Ծառուկյան» խմբակցության աջակցության կարիքը, քանի որ «Ելք»-ի 9 մանդատները բավարար չեն երկրորդ փուլում վարչապետի թեկնածու առաջադրելու համար: «Ծառուկյան» խմբակցությունը խորհրդարանում ունի 31 մանդատ: «Ելք» և «Ծառուկյան» խմբակցություններին կարող է միանալ նաև ՀՅԴ-ն, որն առաջին փուլում կողմ քվեարկեց վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ