Աջափնյակի մետրոյի համար էլ կգտնվեն գումարներ նույն կերպ, ինչպես Դավիթաշենի կամուրջի համար գտնվեցին

27 Հունիսի 2017

  Մետրոյի նոր կայարանների կառուցման մասին սկսեցին ակտիվորեն խոսել Երեւանի ավագանու ընտրություններից առաջ, երբ տրանսպորտի խնդիրը ներկայացվեց որպես օրակարգային թիվ 1 հարց։ «Ելք» դաշինքն էր առաջարկում ավելացնել մետրոյի կայարանները, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն էր բացատրում դրա անհրաժեշտությունը։ Ի վերջո, եթե մարդիկ անվերջ ելքեր են փնտրում մայրաքաղաքը խցանումներից բեռնաթափելու, երթեւեկությունը փոքրիշատե տանելի դարձնելու համար, ապա մետրոյից ավելի հարմար ի՞նչ տրանսպորտ կարող են առաջարկել։ Հայաստանի միացյալ առաջադիմական կուսակցության նախագահ, «Ապրանք արտադրողների միության» նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մեկ շաբաթ առաջ մետրոյի կայարանների ավելացմանը վերաբերող հարցը քննարկվել է ՀԽ-ի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում։ ««Հայթունելշինտրեստի» իրավահաջորդ «Արթուն» ԲԲԸ-ն դիմում էր հղել ՀԽ-ին, որը վերաբերում էր մետրոպոլիտենի «Աջափնյակ» վարչական շրջանում մետրոյի կառուցմանը։ Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը քննարկել է այդ հարցը նախագահության նիստում, որին մասնակցում էին նաեւ ԶԼՄ-ներ։ Այդ ժամանակ էլ ներկայացվեց, որ վերջին 26 տարիներին մետրոյի շինարարության համար չեն հատկացվել գումարներ։ «Բարեկամություն» մետրոյից դեպի Աջափնյակ իրականացվել են 100 միլիոն դոլարից ավելի շինարարական աշխատանքներ, հորատանցվել են 2,4 կմ երկարությամբ ընթացքային եւ տարբեր նշանակության թունելներ, 4 հորանային համալիրներ՝ իրենց ենթակառուցվածքներով»,- թվարկում է Վազգեն Սաֆարյանը։ Սակայն, որպեսզի այդ աշխատանքները չմնան բարձիթողի վիճակում եւ չլինեն վտանգավոր, Վազգեն Սաֆարյանն առաջարկում է ամրացնել այդ ենթակառուցվածքները։ Մինչեւ այժմ, ըստ նրա, «Բարեկամություն» մետրոպոլիտենից մինչեւ Հրազդանի կիրճը ընկած հատվածում կառուցվել են 1054 մետր երկարության երկու թունելներ։ Կառուցվել է նաեւ «Աջափնյակ» կայարանի թեք շարժասանդուղքային թունելը, կա նաեւ 29 մետր երկարությամբ թունելախորշ։ Ինչ վերաբերում է նոր կայարանի շինարարությանը, ապա, մեր զրուցակցի հաշվարկներով, այն կարելի է ավարտել երեք բյուջետային տարվա ընթացքում։ Իսկ շինարարական աշխատանքների մեջ պետք է ներառվեն մետրոյի կամրջի կառուցումը՝ 148 մետր երկարությամբ, երկու ընթացքային թունելների կառուցումը՝ 230-ական մետր երկարությամբ, ինչպես նաեւ դեպի շարժասանդուղքը եկող մետրոյի սրահը՝ Աբելյան եւ Հալաբյան փողոցների խաչմերուկում։ Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մեր թերթին տված հարցազրույցում, հիշեցնենք, ասել էր․ «Ի՞նչ արժե Աջափնյակ-Դավթաշեն վարչական շրջաններում մետրոյի երկու նոր կայարանների կառուցումը։ Այն արժե մոտ 200 միլիոն եվրո։ Ունե՞նք այդ գումարը։ Ոչ։ Այս պահին դրա կառուցումն իրատեսական չէ»։ Վազգեն Սաֆարյանը փոխարենը Աջափնյակում մետրոյի կայարանի կառուցումը լավ էլ իրատեսական է համարում եւ կարծում է, որ 80-150 միլիոն ԱՄՆ դոլարն էլ բավական է։ «Կիրճի բերանից մինչեւ Աջափնյակ կայարանը կարելի է գնալ մեկ գծով եւ վերադառնալ։ Իսկ 200 միլիոն եվրոն միգուցե Աջափնյակի եւ Դավիթաշենի համար են նախատեսել, իսկ մենք խոսում ենք միայն Աջափնյակ կայարանի մասին՝ ելնելով այն իրողությունից, որ «Բարեկամություն« մետրոյի մոտ կան թունելներ, որոնք կարող են օգտագործվել որպես գազապաստարան։ Եվ այս դեպքում մենք պետք է կազմակերպենք շահագրգիռ քննարկում արտակարգ իրավիճակների նախարարության, քաղաքաշինության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ ճարտարապետական կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասաց մեր զրուցակիցը։ Մեկ այլ հանգամանք էլ կա․ մետրոյի նոր կայարանը կառուցելով՝ կավելանա մետրոյի աշխատանքի արդյունավետությունը։Դիտարկմանը, որ մետրոյի նոր կայարանի կառուցմանը դեմ են գծատերերը, որոնց շահերին է հարվածում այն, Վազգեն Սաֆարյանն արձագանքեց․ «Իհարկե, գծատերերը դեմ կլինեն, կուզենան, որ մետրո չլինի, մնան իրենք։ Բայց հո մենք չենք կարող հանրային հնչեղություն ունեցող հարցերը համապատասխանեցնենք այս կամ այն գծատիրոջ պահանջին կամ ցանկությանը։ Ժամանակին էլ Դավիթաշենի կամուրջի համար չէին կարողանում գումարներ հայթայթել, բայց այդ գումարը գտնվեց, եւ կամուրջը կառուցվեց։ Եվ հիմա պատկերացնու՞մ եք Դավիթաշեն թաղամասն՝ առանց այդ կամուրջի, անհնար է պատկերացնել։ Կգա ժամանակ, եւ այդ նույն գծատերերն էլ շատերի նման կհասկանան, թե որքան ճիշտ էր Աջափնյակի մետրոյի կառուցումը։ Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ մետրոպոլիտենի կառուցման համար պետությունը պետք է հատկացնի բյուջետային միջոցներ, ինչպես Դավիթաշենի, Թբիլիսիից Վանաձոր ընկած հատվածում գտնվող Զամամլուի կամուրջի կառուցման դեպքում։ «Մի օր եթե այդ կամուրջը ընկներ, ապա երկու տարի կպահանջվեր, որ նորը կառուցվեր, բայց երկու տարի մենք արտաքին աշխարհից կտրված էինք լինելու, ո՞նց էինք բերելու հացը, ցորենը, նավթամթերքը»,- հարցնում է մեր զրուցակիցը։Իսկ Աջափնյակի մետրոյի կառուցման համար գումարներ կարել է գտնել ու հատկացնել թե՛ բյուջեից, թե՛ վարկերից, թե՛ մասնավոր հատվածից։

Թագուհի Հակոբյան, Նյութի աղբյուրը ` hraparak.am

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ