Բանակցային ինչ դիրքեր ուներ Հայաստանը վերջին 20-25 տարում ու ինչ ակնկալել մոսկովյան հանդիպումից

11 Հունվարի 2021

Այսօր պաշտոնապես հաստատվեց, որ հունվարի 11-ին նախատեսված է Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում:

Մինչ այդ տարբեր հարթակներում կողմերը հասցրել են «տեղորոշվել»՝ ըստ էության, խոսելով այն մասին, թե ով ինչպես է պատկերացնում բանակցային ֆորմատը:

Պատերազմի արդյունքները հանգեցրել են նրան, որ հայկական կողմը ստիպված է եղել թողնել նախկին ԼՂԻՄ-ի շուրջ գտնվող յոթ շրջանը, ինչի մասին 1994 թվականից պնդում էր թե՛  ադրբեջանական կողմը, թե՛ Մոսկվան, որն այս քայլը դիտարկում էր որպես Արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմնական բաղադրիչներից մեկը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս հունվարի 4-ին հրապարակած իր հոդվածում անդրադարձել էր հարցին, թե ինչ իրավիճակում է ժառանգվել Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը: Մասնավորապես, վարչապետը նշել էր, որ վերջին տասը տարվա ընթացքում ԼՂ հարցի կարգավորման բանակցություններում եղել են մի քանի առանցքային հանգրվաններ:

Առաջինը կազանյան գործընթացն էր, որով ենթադրվում էր, որ տարածքները 5+2 բանաձևով պետք է հանձնվեն Ադրբեջանին, Արցախը պիտի ստանար միջանկյալ կարգավիճակ, իսկ վերջնական կարգավիճակը պիտի ստանար փախստականների վերադարձից հետո տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով:

Սակայն 2011 թվականի հունիսի 24-ին Իլհամ Ալիևը հրաժարվեց ստորագրել կազանյան փաստաթուղթը՝ հարուցելով Սերժ Սարգսյանի տարակուսանքը: 2016 թվականի նոյեմբերի 17-ին «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում կազանյան փաստաթղթի ճակատագրի մասին խոսելով՝ Հայաստանի երրորդ նախագահը հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ էր Ադրբեջանին հանձնել 7 շրջանը, բայց Ադրբեջանը ուզում է ավելին:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ավելի՞ն: 2011-ին Հայաստանը պատրաստ էր հանձնել 7 շրջանները, իսկ Ադրբեջանը ուզում է ավելի՞ն: Իսկ ի՞նչը կարող է լինել ավելին: Կազանյան փաստաթղթի չստորագրումով Իլհամ Ալիևը տվել է այդ հարցի պատասխանը. նախևառաջ Ղարաբաղի կարգավիճակը, այսինքն՝ Ադրբեջանի կազմից դուրս Ղարաբաղի կարգավիճակի բացառումը: Սա դեռ 2011 թվականին: Դրանից հետո Ադրբեջանի ախորժակը ավելի է բացվել և սրա վկայությունն է դառնում այն, որ 2013 թվականից իրավիճակը շփման գծի երկայնքով և հայ-ադրբեջանական սահմանին աննախադեպ կերպով սրվում է:

2013-ին ծնվում և 2015-ին վերջնականորեն ձևակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որևէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը:

Ֆորմալ առումով 2016 թվականից հետո էլ բանակցային գործընթացը շարունակում է տեղի ունենալ Մադրիդյան սկզբունքների կամ դրանց կոնֆիգուրացիայի հիման վրա, բայց ռուսական առաջարկները կան, գոյություն ունեն և նրանց ներկայությունը զգացվում է ամենուր, առնվազն այն տրամաբանությամբ, որ 7 տարածքների հանձնումը 2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացի հիմնական, եթե ոչ միակ թեման է:

Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն, ըստ Փաշինյանի, արդեն տեղավորվել է այն տրամաբանության մեջ, որ այդ հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար: Բոլոր համանախագահները համակերպվել են այս մտքի հետ, և ռուսական առաջարկները, ըստ էության, համանախագահության առաջարկներն են:

Ասենք, պաշտոնական Երևանը գոնե նախկինում և գոնե առերևույթ այս տարբերակը չի մերժել:

Սերժ Սարգսյան - Մենք միշտ, բազում տարիների ընթացքում, հիմք ենք ընդունել այն, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեին Լեռնային Ղարաբաղի շուրջ պահվող շրջանները: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ, այսինքն՝ պետք է կարգավորվի հետագայում: Լեռնային Ղարաբաղում պետք է հաստատվի ստատուս-քվոն, բայց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման հնարավորության պարտադիր ստեղծմամբ, ինչի համար էլ ենթադրվում էր այսպես կոչված Լաչինի միջանցքի ստեղծումը, այսինքն՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապի միջանցքը:

Կոնկրետ Մոսկվայի դիրքորոշումն Արցախի կարգավիճակի հարցում առերևույթ փոփոխության, գոնե պաշտոնական մակարդակում, չի ենթարկվել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 17-ի մամուլի ասուլիսում, անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, պնդեց, թե ներկա իրավիճակը պիտի հաստատվի որպես ստատուս-քվո, իսկ Արցախի իրավական կարգավիճակի հարցը կքննարկվի հետագայում՝ պայմանով, որ մինչ այդ պիտի պարտադիր կերպով պահպանվի կապը Հայաստանի և Արցախի միջև: Այս պնդումն, ի դեպ, տրամագծորեն հակասում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդմանը, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց այլևս գոյություն չունի, քանի որ Ադրբեջանը պատերազմում հաղթել է և Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի անբաժանելի մասը:

Այս ամենին զուգահեռ, պաշտոնական Երևանը դեռևս քաղաքական գնահատականներ չի հնչեցնում՝ շեշտը դնելով խնդրի հումանիտար կողմի վրա:

Տարբեր մակարդակներով արդեն հայտարարվել է, որ Բաքուն խախտում է նոյեմբերի 10-ի հայտարարության դրույթներն ու ոտնահարում է միջազգային իրավունքի նորմերը՝ ռազմագերիների նկատմամբ քրեական գործեր հարուցելով և պատերազմի հետևանքով գերության մեջ հայտնված անձանց փորձելով ներկայացնել որպես դիվերսանտների կամ ահաբեկիչների: Համենայնդեպս, դատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումից, պաշտոնական Երևանը փորձելու է ոչ թե քաղաքական լուծման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել, ինչը, ըստ էության, այս պահին հնարավոր էլ չէ, այլ հասնել նոյեմբերի 10-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության կետերի առաջնային իրականացմանը:

Նիկոլ Փաշինյան - 1. Հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործում. ըստ այդմ պետք է տեղի ունենա գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակում: Մեզ համար կարևոր է նաև տեղի ունեցած ռազմական գործողությունների գոտում ծավալուն որոնողափրկարարական աշխատանքների իրագործումը:

2. Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում, ինչը նշանակում է ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան և Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի Նախիջևան:

Կարելի է ենթադրել, որ հայկական կողմն ակնարկում է, թե առանց այս երկու կետի լիարժեք իրականացման խնդրի քաղաքական կարգավորման մասին խոսք գնալ չի կարող: Հետևաբար, դժվար է նաև պատկերացնել, թե Մոսկվայում լինի, Վաշինգտոնում կամ Փարիզում, առաջիկայում հնարավոր է լինելու ստորագրել որևէ փաստաթուղթ, որում խոսք կգնա թե՛ Արցախի խնդրի կարգավորման, թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների մասին:

Ասենք՝ այս վերջին կետի համար կողմերը դեռ պիտի կարողանան ընդհանուր լեզու գտնել՝ առնվազն դեմարկացիայի գործիքների մասով:

 

Հեղինակ`Լևոն Սարդարյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ