Հայաստանի դատարանը քաղաքացուն զրկում է սեփականության իրավունքից

02 Օգոստոսի 2015

Առաջին ատյանի դատարանը պարտավորեցրել է Երևանի Տերյան և Լալայանց փողոցների վթարային ճանաչված բնակարաններից մեկի բնակչին ազատել իր բնակարանը։ Բնակիչը հայտարարել է, որ վիճարկելու է այդ որոշումը ընդհուպ Մարդու իրավունքների Եվրադատարան։

Երևանի կենտրոնում շինարարական Local Developers ընկերության ինը տարի շարունակվող պայքարի կիզակետում երեք շենք է։ Դրանք գտնվում են Երևանի կենտրոնում՝ Տերյան և Լալայանց փողոցներում։ Սեփական բնակարաններից վտարման վտանգի տակ են հայտնվել ավելի քան քսան ընտանիք, որոնք գտնում են, որ իրենց շենքերը վթարային և պետական կարիքների համար գերակա շահ ճանաչելու գործընթացում մի շարք խախտումներ են թույլ տրվել։

Հունիսի 12-ից Երևանի Հյուսիսային պողոտայում ստորագրահավաք էր սկսվել՝ ընդդեմ այդ շենքերի քանդման և այնտեղ բնակվող ընտանիքների վտարման։ Հուլիսի 10-ին բնակիչները բողոքի ակցիա կազմակերպեցին կառավարության շենքի մոտ, բողոքելով երկու ընտանիքի բնակարաններից վտարելու մասին դատարանի որոշման դեմ։

Հուլիսի 31-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական տարածքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է շինարարական Local Developers ընկերության հայցը։ Դատավոր Հայարփի Զարգարյանը որոշում է ընդունել, որի համաձայն, «Մերն է քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանին պարտավորեցրել է երկամսյա ժամկետում ազատել իրեն պատկանող բնակարանը։

Ակտիվիստ բնակիչը հայտարարել է, որ դատարանի որոշումը հրապարակվել է իր բացակայությամբ։ Դատարանը նույնիսկ չի սպասել, որպեսզի պատասխանող կողմը նիստերի դահլիճ բարձրանա և հրապարակել է դատավճիռը Local Developers ընկերության օգտին։

Գերավետյանը նշել է, որ չի հանձնվելու և բողոքարկելու է այդ անօրինական վճիռը։

Հուլիսի 23-ին այդ շենքերի բնակիչները նամակ են հանձնել երկրի նախագահի վարչակազմին, որում նշված է իրենց շենքերը վթարային, իսկ այդ տարածքը պետական կարիքների համար գերակա շահ ճանաչելու   գործընթացում թույլ տրված բոլոր խախտումները։

«Երկրի ղեկավարին ուղղված նամակի հետ հանձնվել է նաև վեց ամսում հավաքված Երևանի 18 հազար բնակչի ստորագրությունները, ովքեր քաղաքի բնակելի շենքերի տեղում հյուրանոցներ չեն ուզում տեսնել», ասել է Գերավետյանը։

2002 թ ՀՀ կառավարությունը Տերյան փողոցի 23 և 25 ու Լալայանց փողոցի 37 շենքերը ճանաչել է հասարակական գերակա շահի գոտի։ Local Developers ընկերությունը թույլտվություն է ստացել այդ վայրում շինարարություն իրականացնելու։ Բնակիչները 2007 թ սկսել են պայքարել իրենց սեփականության իրավունքի համար։ Նրանք նախ՝ պահանջում էին, որպեսզի շենքերը երեսպատեն և համապատասխանեցնեն Հյուսիսային պողոտայի ընդհանուր տեսքին։ Սակայն 2013 թօգոստոսի 29-ին այդ շենքերը չորրորդ անգամ մտցվեցին իրացման գործընթացի մեջ, որի վերջնաժամկետ էր նշանակվել  2015 թ հունվարի 1-ը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ