Համահայկական խաղերի բացումը տեղի կունենա օգոստոսի 2-ին, Հանրապետական մարզադաշտում: Խաղերի կազմկոմիտեն մինչ այդ հայտարարություն է տարածել, որ հրավիրվածների, Հայաստան ժամանած հյուրերի աննախադեպ մեծ քանակի պատճառով բացման արարողությունը կլինի հրավիրատոմսերով, տոմսեր չեն վաճառվելու: Միաժամանակ բացման արարողությունը հեռարձակելու են բոլոր հեռուստաընկերություններն ուղիղ եթերում, ինչպես նաև Երևանում մի քանի տեղում տեղակայված մեծ էկրանները:
Համահայկական խաղերն անցկացվում են 1999 թվականից: Առաջին երեք խաղերն անց են կացվել երկու տարին մեկ պարբերականությամբ: Դրանից հետո որոշվել է, որ խաղերը անցկացվեն չորս տարին մեկ պարբերականությամբ: Մինչ 2014 թվականի Համահայկական խաղերը եղել են միայն ամառային: 2014 թվականին առաջին անգամ անցկացվեցին Ձմեռային համահայկական խաղեր:
6-րդ Ամառային համահայկական խաղերը ներառված են Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող միջոցառումների ցանկում: Համահայկական խաղերի ջահը վառվել է Շուշիում, այնուհետև անցել Հայաստանի ու սփյուռքի մի շարք քաղաքներով:
Համահայկական ամառային վեցերորդ խաղեր
Օգոստոսի 2-ին մեկնարկում է Համահայկական ամառային վեցերորդ խաղերը։ Այն շարունակվելու է մինչև օգոստոսի 13-ը։
Խաղերը բացառիկ են իրենց աշխարհագրությամբ, մասնակիցների թվով, ընդգրկված մարզաձևերի քանակով: Համահայկական 6-րդ ամառային խաղերին մասնակցելու են մարզիկներ աշխարհի 36 երկրից և 165 քաղաքից: Ընդհանուր առմամբ, խաղերին մասնակցելու է 6215 մարզիկ: Դա աննախադեպ թիվ է: Սպասվում են հազարավոր հյուրեր, որ ժամանելու են մարզիկների հետ, պատվիրակությունների կազմում, որպես երկրպագուներ: 6-րդ խաղերում ընդգրկված են 17 անհատական և խաղային մարզաձևեր: Խաղերը տեղի կունենան ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Աբովյանում, Վանաձորում և Ստեփանակերտում: Խաղերի մասնակիցների բոլոր ծախսերը հոգում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն: Կոմիտեի ղեկավարները հայտարարել են, որ այդ ծախսը հոգում են հովանավորների միջոցներով: