Երկու եզդի հացադուլ են հայտարարել Երևանի կենտրոնում

02 Օգոստոսի 2015

«Էթնիկական և մշակութային համագործակցության կենտրոնի» ՀԿ ղեկավար Սաշիկ Սուլթանյանը և «Շամս» մարդասիրական կազմակերպության ղեկավար Ռուստամ Բակոյանը եռօրյա հացադուլ են իրականացնում ՄԱԿ երևանյան գրասենյակի առջև։

Իրաքի եզդիները մշտապես ենթարկվում են արմատական խմբավորումների հարձակումներին։ Հայաստանում, ԼՂՀ-ում և Վրաստանում բողոքի բազմաթիվ ակցիաներ են անցկացվել, պահանջելով օգնել Իրաքի եզդիներին։

Սաշիկ Սուլթանյանն ու Ռուստամ Բակոյանը ասել են, որ հացադուլի նպատակն է․ «ՄԱԿ-ից պահանջել, որպեսզի այդ կառույցը բոլոր ուժերը ներդնի Հյուսիսային Իրաքում եզդիների կոտորածը դադարեցնելու համար, նաև պահանջում ենք, որ ՄԱԿ-ը համագործակցի գերության մեջ գտնվող մոտ ինը հազար եզդու գերությունից ազատելու գործում»։

Ռուստամ Բակոյանը պատմում է, որ գերված եզդի կանանց վաճառում են արաբական շուկաներում։ «Այս ամենը նվաստացուցիչ է, կանանց գնահատում են ըստ մաշկի գույնի և տարիքի։ Նրանց վաճառում են 15 -200 ԱՄՆ դոլարով», -հայտարարում էր Ռուստամ Բակոյանը։

Ռ․Բակոյանն ու Ս․ Սուլթանյանը պահանջում են, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միջոցներ ձեռնարկի «Շանգալի շրջանում ինքնավարություն ստեղծելու համար, որպեսզի ապահովվի Հյուսիսային Իրաքի եզդիների անվտանգությունը»։ Իրենց ինքնավարությունում եզդիները կարող են պաշտպանել սեփական ժողովրդին ու տարածքը, պնդում էին նրանք։

Ակտիվիստները հայտարարել են նաև, որ պետք է բարելավվեն եզդի փախստականների ճամբարներում ապրելու պայմանները։ Բակոյանն ավելացրել է, որ «Շմաս» կազմակերպություն են դիմել 10 եզդի՝ Հայաստանում վերաբնակվելու ցանկություն հայտնելով։

 

Նրա խոսքերի համաձայն, այդ եզդիները կարող են գալ Հայաստան, իսկ Շանգալում իրավիճակը կարգավորվելուց հետո հետ կվերադառնան։

Հուլիսի վերջին Հայաստանում հաստատվեց եզդի երեք ընտանիք։ Սկզբում նրանք ուզում էին Իրաքից Եվրոպա գնալ, սակայն հետո որոշեցին Հայաստան գալ, ասում էր եզդիների «Սինջար» ազգային միավորման խորհրդի ղեկավար Բորիս Մուրազին։ Տեղի եզդական համայնքը երեք ընտանիքին բնակատեղով ապահովել է Արմավիրի մարզի Արաքս գյուղում, նշել է Մուրազին։ «Առայժմ նրանք մեկ հարկի տակ են տեղավորվել, հետո մենք կմտածենք յուրաքանչյուր ընտանիքին առանձին բնակարան տալու մասին», ասել է նա։

Բորիս Մուրազին հավելել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը «զբաղվելու է եզդի ընտանիքների անդամներին փախստականի կարգավիճակ տալու հարցով»։

 

 

 

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ