ՀՀ փոխոստիկանապետերին մեղադրանք առաջադրելու իրավապաշտպանների պահանջը

29 Հուլիսի 2015

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը միջնորդել է հունիսի 23-ին Բաղրամյանի նստացույցը ցրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին և ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանին։

Ավելի վաղ ՀՔԾ-֊ում քրեական գործ էր հարուցվել պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, բռնությամբ զուգորդված պաշտոնական լիազորություններն չարաշահելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածներով:

 

Գործի շրջանակներում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը միջնորդություն է ներկայացրել՝ որպես մեղադրյալ ներգրավելու հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ կիրառած ոստիկանության աշխատակիցներին, ներկայացնելով այն ոստիկանների անուններն ու ազգանունները, որոնց ինքնությունը կազմակերպությունը կարողացել է պարզել։ Միջնորդությանը կից իրավապաշտպանները ներկայացրել են քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցների լուսանկարներ՝ նրանց ինքնությունը պարզելու և մեղադրանք առաջադրելու համար:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Հունան Պողոսյանին և Լևոն Երանոսյանին վերաբերող միջնորդությունն առանձին է ներկայացրել։ Միջնորդության հեղինակները նշում են, որ փոխոստիկանապետերին պետք է մեղադրանք առաջադրել լրագրողների տեսախցիկները խլելու և սարքերի հիշողության քարտերը ոչնչացնելու հրահանգ տալու համար։

«Երանոսյանը և Պողոսյանն իրենց գործողություններով թույլ են տվել հանրորեն վտանգավոր արարք։ Լրագրողների նկարահանած տեսանյութերը ոչնչացնելու հրահանգ տալը նպատակ է ունեցել թաքցնել ոստիկանության աշխատակիցների կատարած հանցագործությունները և նման վարքագծի շարժառիթը եղել է կոծկել իրենց և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կատարված հանցագործությունները»,- գրում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կայքը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ