Երևանում սպասարկման ոլորտի աշխատանքները կընթանան ուժեղացված ռեժիմով

28 Հուլիսի 2015

Մայրաքաղաքում առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան բոլոր ծառայություններին հանձնարարել է աշխատանքները կազմակերպել առավել ուժեղացված ռեժիմով՝ բացառելով բնակչության սպասարկման ոլորտում որևէ թերացում:

«Երևան Ջուր» ընկերությանը հանձնարարվել է խստորեն հետևել բնակչության ջրամատակարարմանը՝ բացառելով սահմանված ժամանակացույցից որևէ շեղում: Հանձնարարվել է նաև ապահովել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բանուկ հատվածներում, մարդաշատ վայրերում, այգիներում և պուրակներում, ինչպես նաև բակային տարածքներում գործող ցայտաղբյուրների շուրջօրյա անխափան աշխատանքը:

«Ջրային կառույցներ» ՓԲԸ-ին հանձնարարվել է մեկ անգամ ևս ստուգել ընկերության ենթակայությամբ գործող ջրային կառույցների, ավազանների մաքրությունն ու ապահովել դրանց անխափան աշխատանքը: Աղբահանության և սանմաքրման կազմակերպություններին հանձնարարվել է ապահովել բազմաբնակարան շենքերի աղբախցերից և փողոցներում տեղադրված աղբարկղերից աղբի ժամանակին տեղափոխումը՝ բացառելով կենցաղային աղբի կուտակումը:

Քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկա օրերին հատուկ աշխատանքային ժամանակացույցով կաշխատեն նաև ՀՀ ՏԿԱԻ նախարարության Երևանի փրկարարական ծառայության, շտապօգնության և բնակչության սպասարկման մյուս ծառայությունները, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ