Երկու օրվա մարտական գործողությունների ընթացքում կասկածներ են առաջացել, որ ադրբեջանական կողմում կռվում են իսլամիստները։ Այս լուրը լիարժեք հերքել չկարողացավ նաև ԼՂՀ մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը։
Հետաքրքիր մեկնաբանություն է տվել կրոնագետ Վարդան Խաչատրյանը։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ Ադրբեջանը կօգտագործի ջիհադականներին: «Այն, որ իսլամիստները մտել են Ադրբեջան, որ Նախիջեւանում են հաստատվել, որ Վրաստան էլ են մտնում անկաշկանդ, մի անգամ չէ, որ ասվել է: Թուրքիա են գնում մեծ քանակությամբ ջիհադականներ, որոնք Թուրքիայից ինչ-որ տեղ պետք է գնան։ Պատկերացնո՞ւմ եք` ուր կգնան..․ ուրիշ տեղ չեմ տեսնում, որովհետեւ մենք ունենք բաց դարպաս, հանձինս` Նախիջեւանի: Պարզապես Թուրքիան չի ուզում բախման մեջ երեւալ, սա թուրքական իշխանությունների վարքագիծն է` նաեւ ԻՊ-ի դեպքում: Եթե մեր դեմ կանգնելու են ջիհադականները, մենք պետք է ունենանք բանակ, որի ոգեղեն մակարդակը կգերազանցի նրանց: Ջիհադականների կարգախոսն է` «Պետք է ավելի ձգտել մեռնել Ալլահի ճանապարհին, քան ուրիշները ցանկանում են ապրել… Միայն այդ դեպքում ձեռք կբերենք գերակայություն»,-նշեց կրոնագետը:
Վարդան Խաչատրյանի խոսքով. «Մեզանում մատների արանքով են նայում այս ամենին եւ համարում, որ օդում խոսում ենք: Ջիհադականները պետք է համոզված լինեն, որ սա այն տարածքը չէ, որտեղ կարող են մտնել եւ մարդկանց տասնյակներով մորթել… Նրանք ուրիշ բանի սովոր չեն, դա նրանց կյանքն է: Ջիհադականներն ուր գնում են` ձերբակալվում են: Թուրքիան ի վիճակի չէ նրանց իր ներսում պահել, որովհետեւ վտանգավոր զանգված է: Եթե կա հակամարտություն, որը Թուրքիան փորձում է հնարավորինս խթանել, ի՞նչ է լինելու…
Ոչ ոք չի թաքցնում, որ Սիրիայի երկնքում ռուսական կործանիչի խփվելու օրը, շեշտում եմ` հենց այդ օրը, Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն եւ Չավուշօղլուն գնում են Ադրբեջան` հայտարարելով, որ եկել են հայ-ադրբեջանական խնդիրների շուրջ խոսելու: Հետո տեղեկություն է տարածվում, որ նրանք փորձել են հնարավորինս հրահրել եւ պահանջել Ադրբեջանից, որ լայնամասշտաբ պատերազմ սկսի Հայաստանի դեմ: Դա բոլորը հաստատեցին, այդ թվում` Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը: Այդ ժամանակ տանկերը հարձակվեցին մեր դիրքերի վրա:
Երկրորդ փուլում, երբ Ալիեւը գնաց Էրդողանի մոտ, դիվերսիոն խմբերը հարձակվեցին: Հիմա Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կրկին շփում է եղել, եւ երեկ եղավ այն, ինչ եղավ…
Որքա՞ն խաբենք մեզ, որ բան էլ չկա, որ բան էլ չի լինելու…»,-ասել է Խաչատրյանը: